Քաղաքական

26.02.2020 17:07


Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է

Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը, թեեւ փաստաբանը ներկայացրել էր նրա նկատմամբ երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն։

Փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, իսկ փետրվարի 21-ին հայտնի է դարձել, որ Դատախազությունը մերժել է Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։

Թավադյանի համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Դեռ վերջնական որոշում չկայացրած, քննիչն արդեն միջնորդություն էր ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու համար։ Շատ պարզ է, որ այս միջնորդության հիմքերը գնահատելու ցանկություն դատախազությունը չի էլ ունեցել»,-ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր Խուդոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը