Քաղաքական

29.02.2020 10:20


Ճգնաժամերի ընթացքում են ինստիտուտները կայանում. Ստեփան Դանիելյանը` ՍԴ անդամների կողմից իշխանության առաջարկը չընդունելու մասին

Ճգնաժամերի ընթացքում են ինստիտուտները կայանում. Ստեփան Դանիելյանը` ՍԴ անդամների կողմից իշխանության առաջարկը չընդունելու մասին

Այն, որ Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չընդունեց վաղաժամ կենսաթոշակի գնալու՝ իշխանության առաջարկը, խոսում է, մեզ մոտ անկախ դատական համակարգի կայացվածության մասին։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին օրինագծին:

«Դա առաջին, բայց շատ կարևոր քայլն էր։ Եվրոպական երկրներում դատական համակարգը կայացել է նման կոնֆլիկտների արդյունքում, բավական է միայն ծանոթանալ Անգլիայի պատմությանը։ Սա ՍԴ-ի և գործադիր իշխանության միջև կոնֆլիկտ է, անկախ անձերից, սա համակարգային խնդիր է և կարևոր է, որ հանրությունը դա հասկանա՝ խաղադրույքը դատական համակարգի անկախությունն է։ Մյուս դատավորները պետք է հետևեն այս օրինակին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը պետք է հանդիպեր ՍԴ անդամներին՝ Ստեփան Դանիելյանը նշեց, որ գործադիր իշխանությունը գնացել է հակաօրինական ցուցադրական քայլերի։ «Հիշենք, որ հրապարակայնորեն Նիկոլ Փաշինյանը նրանց ասում էր «վնգստում» են, կամ դատարանների շրջափակումը, կամ թեկուզ դատավորների հանդեպ սկսված դատավարությունները, խուզարկությունները և այլն։ Կարելի է սա երկար շարունակել։ Եթե դատավորները տեղի տային, ապա իրենք պետք է կորցնեին իրենց անձնական արժանապատվությունը»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանը նշեց, որ առհասարակ պետությունը սկսում է կայանալ այն ժամանակ, երբ մարդկանց համար արժանապատվությունը նշանակություն է ձեռք բերում։ «Իսկ թե ինչու չեն հանդիպել, ինչու չեն համոզել՝ տեղյակ չեմ, արդյոք չե՞ն հանդիպել, չե՞ն համոզել։ Տպավորությունն այն է, որ հանդիպել և համոզել են, անգամ կաշառք են առաջարկել՝ ժողովրդի գրպանից»,-ասաց նա և նշեց, որ նկատի ունի ՍԴ դատավորների մասին ԱԺ ընդունած օրենքը։

Անդրադառնալով հանրաքվեին՝ քաղաքագետն ասաց, որ չի կարող կանխատեսել դրա հետևանքները: «Այս պահին հստակ է, որ ադմինիստրատիվ ողջ լծակը գործի է դրվում, ինչպես նաև «հեղափոխական» իշխանական դեմագոգիայի ողջ զինանոցը։ Սակայն չեմ կարծում, որ քաղաքացիների համար հանրաքվեի նպատակահարմարությունը հասկանալի է։ Ճգնաժամերի ընթացքում են ինստիտուտները կայանում»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը