Քաղաքական

02.03.2020 21:21


Ամսական 25.000 դոլար․ սփյուռքի հանձնակատարի պարգևատրումները

Ամսական 25.000 դոլար․ սփյուռքի հանձնակատարի պարգևատրումները

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը՝ 01.07.2019 թվականից մինչեւ 31.01.2020 թվականը (7 ամսվա ժամանակահատվածում):

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2020 թ. հունվարի 31-ը ներառյալ պարգեւավճարների ընդհանուր չափը կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար):

Հայտնենք, որ ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան վարչության՝ գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս պահին ունի 48 աշխատակից:

Ստացվում է, որ նորակազմ գրասենյակը, գտնվելով դեռ կազմավորման սաղմնային փուլում, չի զլացել եւ պարգեւավճարի տեսքով ամսական շռայլել է շուրջ 25.000 ԱՄՆ դոլար: Սա այն պարագայում, երբ նորակազմ գրասենյակում չափազանց դժվար է այդքան սեղմ ժամկետներում գնահատել աշխատանքի արդյունավետությունը:

Ամենայն հավանականությամբ` կառավարությունը բարձր է գնահատել այդ գրասենյակի աշխատանքը, որի արդյունքում «կտրուկ ավելացել են» ներդրումները եւ «մեծ թափ առել» ներգաղթը։

Եթե ամսական 25.000 ԱՄՆ դոլար պարգեւավճարը բաժանենք աշխատակիցների թվի վրա՝ կստացվի, որ յուրաքանչյուր աշխատակից, միջինացված թվով, ամսական ստացել է շուրջ 520 դոլար պարգեւավճար: Թեեւ կարելի հասկանալ, որ իրականում շարքային աշխատակիցները պարգեւատրվել են համեստ չափերով, եւ պարգեւատրման ֆոնդից առյուծի մասը բաժին է հասել ղեկավարությանը։

Yerkir.am-ի՝ այս ոլորտում իրականացված ուսումնասիրությունից ելնելով՝ փաստենք, որ այս թիվը ամենաբարձրներից է շուրջ 70 պետական կազմակերպությունների շարքում:

Փաստենք, որ, անգամ Ֆինանսների նախարարությունում, որն ամենաբարձրներից է պարգեւավճարներ տրամադրողների շարքում, յուրաքանչյուր աշխատակից ստացել է միջինացված թվով շուրջ 200 ԱՄՆ դոլար ավելի պակաս, քան Զարեհ Սինանյանի գլխավորած գրասենյակի աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը