Մեկնաբանություն

03.03.2020 14:10


Ինչու են իշխանության քարոզիչները ընտրակաշառքների մասին անհեթեթում

Ինչու են իշխանության քարոզիչները ընտրակաշառքների մասին անհեթեթում

Իշխանության ընդգծված կողմնակից-քարոզիչները հին ճախարակն են պտտեցնում, թե՝ առաջիկա հանրաքվեի հետ կապված, «Ոչ»-ի շտաբը 10 հազարական ընտրակաշառք է բաժանում: Թե բա՝ «ոչ-ի հներն եկա՜ն, 10000 դրամով առան էս գյուղացիքին...»:

Այս բացահայտ ստերի ու հորինվածքների մեջ հրաշագեղ է գրեթե ամեն ինչ:

Նախ, «ոչ-ի հներ» ձևակերպումը: Պայմանական ասած՝ «հները», իսկ ավելի կոնկրետ՝ մի ամբողջ շարք քաղաքական ուժեր, կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և այլն, հայտարարել են ապրիլի 5-ի հանրաքվեն բոյկոտելու, անտեսելու, դրան չմասնակցելու մասին ու համապատասխան կոչերով դիմել են իրենց կողմնակիցներին, համակիրներին, բոլոր քաղաքացիներին, առհասարակ: Հետևաբար՝ «ոչ»-ի կամ «այո»-ի խնդիր իրենք չունեն: Եթե (ասում եմ՝ եթե) 10 հազար դրամ բաժանելու խնդիր էլ ունենային, ապա ոչ թե հանրաքվեին մասնակցելու և «ոչ» քվեարկելու վրա շեշտը կդրվեր, այլ՝ պարզապես չմասնակցելու:

Երկրորդ, «ոչ»-ի շտաբ ասվածը խիստ պայմանական է, քանզի որպես քարոզարշավ-ընտրարշավի գրանցված կողմ հանդես է գալիս մի քանի տասնյակ իրավաբաններից կազմված նախաձեռնող խումբը, որն էլ շատ պարզ, դյուրընկալելի ու բաց հայտարարեց, որ իրենք զուտ բացատրական, քարոզչական բնույթի գործողություններով են հանդես գալու և դասական ընկալմամբ՝ նախընտրական շտաբ էլ չեն, որ մի հատ էլ հեռավոր մարզերում շտաբիկներ բացեն:

Լավ, բա ինչո՞ւ են թունդ փաշինյանականները, օրինակ, ինչպիսին է ՀԽ նախագահ դարձած Ստյոպա Սաֆարյանը, նման անապացույց, մերկապարանոց «լուրեր» տարածում: Գոնե մեկ հաստատված դեպք կամ օրինակ լիներ: Չնայած, սրանցից ամեն ինչ սպասելի է՝ ընդհուպ այն, որ կգտնեն մի «Դիանա Հարությունյան», ձեռքը մի կապուկ 10 հազարանոց կտան ու միանգամից էլ կբռնեն, նա էլ՝ կասի թե նախկին նախագահներից մեկի կողմնակիցն է և նման բաներ (ի դեպ, էն բռնված «Դիանա Հարությունյանի» գործը վերջն ի՞նչ եղավ):

Առաջինն, ինչ տրամաբանորեն կարելի է ենթադրել, այն է, որ իրականում Փաշինյանի իշխանությունն է մտադրված 10 հազարական դրամ ընտրակաշառք բաժանել, գնել ընտրողների ձայները, քանզի հակասահմանադրական հանրաքվեում «այո» ստանալու այլ տարբերակ չի տեսնում: Այսինքն, ըստ այդ ենթադրության, իրենք են պատրաստվում նման հակաօրինական և քրեորեն հետապնդելի, նաև՝ ձեռքաթաթիկակտրիչ բան անել՝ ընտրակաշառք բաժանել, բայց նախապես «հների» կամ նախկինների դեմ նման վարկաբեկիչ արշավանք են սկսել, որ իրենց անելիքը շղարշեն, կենցաղային ընկալման տիրույթում էլ արդարացնեն, թե՝ բա նրանք բաժանում էին, մենք էլ բաժանեցինք... հանուն ժողովրդի իշխանության:

Բայց թարսի պես էլ՝ «հները» բոյկոտում են այդ հակասահմանադրական հանրաքվեն:

Երկրորդ հնարավոր ենթադրությունն այն է, որ չեն կարողացել ավելի սրամիտ բան հորինել, քան ժամանակին ակտիվ շրջանառած կաղապարն է: Ակնկալիքն այն է, որ բոբո-«հների», դեմոնացված նախկիններով ահ տալով՝ պողոսներին ինքնաբերաբար կմղեն ձեռնտու քվեարկության, այսինքն՝ իրենց ուզուրպատորական «այո»-ն կսղղացնեն:

Չի կարելի բացառել, որ իշխանությունը, նման «լուրեր» տարածելով, փորձնական փուչիկներ է բաց թողնում՝ հասարակության իրական տրամադրությունները տնտղելու, գուցե «այո»-ի համար հնարավոր ընտրակաշառքի չափ ճշտելու նպատակով:

Չնայած, երբ այս՝ «ոչ-ի համար 10 հազար են տալիս...» բացահայտ քարոզչական փուչիկը դիտարկում ես մի փոքր այլ կողմից, կարող է և հակառակ էֆեկտ լինել: Իշխանական քարոզիչները, ինքնամոռացաբար «լուրեր» են տարածում, թե «Ոչ»-ի համար 10 հազար են տալիս: Միջին վիճակագրական պողոսը, որ Սահմանադրության փոփոխությունից ոչ միայն հեռու է, այլև դրա մեջ ոչ մի շահ կամ հետաքրքրություն չունի, այդ աղմուկն ընկալում է մոտավորապես հետևյալ տարբերակով. «արա՜, «ոչ»-ի համար 10 հազար են տալիս, իսկ «այո»-ի համար ի՛նձ ի՞նչ են տվել, ո՛չ մի բան էլ չեն տվել: Բա որ չեն տվել, ինձ պե՞տք ա էդ հանրաքվեն: Տո դուք էլ, «այո»-ն էլ, «ոչ»-ն էլ, դաշտիս վարը մնաց...»:

Իսկ դա լավ է: Այն իմաստով, որ իշխանության ինքնամոռաց քարոզիչները, ընտրակաշառքային սպասումներ ձևավորելով, կարող են որոշակի չափով նպաստել այն բանին, որ ոչ մի կաշառք չստացած բազմաթիվ ընտրողներ պարզապես չգնան ընտրատեղամասեր: Իսկ դա հենց բոյկոտ է:

Եթե ինքս «ոչ»-ի չեղած շտաբի տեխնոլոգը լինեի, ապա ամեն կերպ կխրախուսեի ու կխթանեի Ստյոպա Սաֆարյանի ու մյուսների տարփողած «ընտրակաշառքային բադիկների» աշխույժ անցուդարձը՝ լրահոսային ջրերում:

Արմեն Հակոբյան

88014303_223993198740488_8727871534045069312_n 88029423_2330894823678983_4718606355928186880_n 88012058_513590112897798_1555603207189692416_n

Սքրին-նկարները՝ Հրանտ Խալաթյանի ֆեյսբուքյան «պատից»

Այս խորագրի վերջին նյութերը