Աշխարհ

04.03.2020 15:50


Ճապոնիայում հայերը «փրկվել» են 7 բալ ուժգնության երկրաշարժից

Ճապոնիայում հայերը «փրկվել» են 7 բալ ուժգնության երկրաշարժից

Երկրաշարժը սկսվեց հանկարծակի։ Քամու ուժգնությունից այս ու այն կողմ էին նետվում մարդիկ, թեթեւ շինություններ, կտրվել էին կապի եւ էլեկտրահաղորդման լարեր... Հսկա երկնաքերի ներսում սաստիկ հրդեհ էր, ծխից այլեւս ոչինչ չէր երեւում...

Երկրագնդի «մյուս կողմում» ենք՝ Ճապոնիայում, իսկ ավելի կոնկրետ՝ Տոկիոյի՝ Կյանքի ապահովության ուսումնական կենտրոններից մեկում։ Այստեղ խաղի միջոցով բնակչությանը սովորեցվում են ինքնակազմակերպվել արտակարգ իրավիճակներում։

Հաստատության կարգախոսն է՝ «Փորձի՛ր, զվարճացի՛ր, սովորի՛ր»։ Բնական աղետներից ճիշտ պաշտպանվելու համար ստեղծված պայմանական սենյակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ են ու հայաստանյան լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչ։ Յուրաքանչյուր ճապոնացի այստեղ կարող է սովորել՝ ինչպես վարվել, կամ ինչ չանել, երբ երկրաշարժ է, կամ՝ ուժեղ թայֆուն։ Տիրապետելով գրագետ պաշտպանվելու հմտություններին՝ մերոնց հաջողվեց «փրկվել» 7 բալ ուժգնության երկրաշարժից, թայֆունից, հորդ անձրեւից ու հրդեհի ծխից։ Առաջինի դեպքում մեզ սովորեցրին՝ ցնցումներ զգալիս, եթե, օրինակ, հյուրասենյակում եք, այստեղից անվտանգ դուրս գալու համար անմիջապես մտեք սեղանի տակ եւ ամուր բռնեք սեղանի ոտքից։ Երբ ցնցումները կավարտվեն՝ բարձով կամ մեկ այլ փափուկ իրով ծածկեք գլուխն ու դուրս եկեք սենյակից։

Որքան էլ զարմանալի է՝ ճապոնացիներին տագնապի չի մատնում երկրաշարժի կամ մեկ այլ բնական աղետի բոթը։ Ծագող արեւի երկրում լավ գիտեն, որ տարերային աղետների դեմ «խաղ չկա» եւ, վերապրելով 1703, 1782, 1812, 1855, 1923 թթ. եւ ոչ վաղ անցյալում՝ 2011 թ. տեղի ունեցած հզոր մեգաերկրաշարժերը՝ սովորել են «խաղալ» իրենց իսկ սահմանած կանոններով։ Յուրաքանչյուր գիտակից ճապոնացի լավ գիտի, որ ամեն վայրկյան իրեն սպառնում է վերահաս մահվան վտանգը՝ երկրաշարժի, թայֆունի, փոթորկի, սողանքի, սելավի տեսքով։ Տոկիոյում, ուր տարվա ընթացքում տեղի են ունենում հարյուրավոր մանր երկրաշարժեր՝ 4—6 մագնիտուտ ուժգնությամբ, ամեն օր մտածում, խոսում ու պատրաստվում են արտակարգ իրավիճակի։ Սեյսմիկ ցնցումներին սովոր տեղաբնիկների համար ասվածը սովորական երեւույթ է։

Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Տոկիոյում աշխատանք է տարվում գրեթե ամեն օր։ Հայկական պատվիրակությունը՝ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանի ղեկավարությամբ, Ճապոնիայում էր 2020 թ. փետրվարի 11-22-ը ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ համատեղ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեզման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում իրականացվող երրորդ վերապատրաստմանը (երկուսն անցկացվեց 2019 թ.՝ Երեւանում), ինչպես արդեն նշեցինք, ԱԻՆ աշխատակիցներից բացի մասնակցում էին նաեւ հայաստանյան չորս լրատվամիջոցի ներկայացուցիչներ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Լիանա Սարգսյանը, Հանրային հեռուստաընկերության լրագրող Մուշեղ Իսախանյանը, «Կենտրոն» հեռուստաընկերությունից՝ Հայկ Նավասարդյանը եւ «Հ3»-ից Արամ Գրիգորյանը։

Հարկ է նշել, որ Հայաստանը բնական աղետների բարձր ռիսկային գոտում է եւ ենթակա է տարբեր վտանգների ազդեցության։ Մեր կլիմային բնորոշ են գրեթե բոլոր բնական աղետները, բնորոշ չեն ջրհեղեղները, թեպետ ունենք ջրային ավազաններ, որոնք կարող են ոչ մեծածավալ ջրհեղեղի պատճառ դառնալ։ Չափազանց հավակնոտ կլինի ասել, թե ինչ-որ մի երկիր լիարժեք պատրաստված է աղետների ռիսկերի կառավարման հարցում։ Հավակնոտ կլինի նույնը ասել նաեւ Հայաստանի համար։ Բայց, այդուհանդերձ, մեր երկիրը կանխարգելիչ քայլեր ձեռնարկում է աղետների ռիսկերի նվազեցման եւ դրանից բխող հետեւանքների ուղղությամբ։ Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ընդգծում է Սենդայի գործողությունների ազգային համակարգող, օտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական կառույցներում ԱԻՆ ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանը. «Դրան են ուղղված վերջին շրջանի մեր գործողությունները՝ իրազեկվածության բարձրացման, համայնքների պատրաստվածության ուղղությամբ։ Պատրաստվածության խնդիրը պետք է դառնա օրենքի պարտադրանք, որին մասնակից պիտի լինեն հասարակության բոլոր օղակները՝ սկսած պետական կառավարման մարմիններից, ներառյալ կազմակերպություններ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ»։

Տարերային աղետների շարքում Հայաստանը զգալի ազդեցություն է կրում երաշտներից, վաղ գարնանային ցրտահարություններից, կարկտահարություններից, սելավներից, ջրհեղեղներից, ուժեղ քամիներից եւ անտառային հրդեհներից։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում միջազգային գործունեության ուղղությամբ Հայաստանը հետեւողականորեն շարունակում է այլ պետությունների հետ արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագրերի կնքման եւ համատեղ գործողությունների իրականացման գործունեությունը։ «Վտանգավոր աղետները առանձնացված են ինտենսիվ եւ էքստենսիվ տեսակների։ Զգալիորեն ուժեղ աղետը, որը լուրջ հետեւանքներ եւ ակնհայտ մեծ կորուստները կարող է պատճառել՝ երկրաշարժն է։ Այն դասվում է ինտենսիվ աղետների շարքին եւ համարվում է պակաս հաճախականությամբ հանդիպող երեւույթ։ Պարբերաբար տեղի ունեցող բնական երեւույթների թվում կարկուտն է, ուժեղ քամին, սելավները եւ սողանքները, որոնք կարող են մեծ վնաս հասցնել գյուղատնտեսությանը։ Թվարկվածները համարվում են էքստենսիվ, քանի որ նվազ ուժգնության են, բայց հաճախ լինելու պատճառով սրանք եւս կարող են տնտեսությանը վնասներ պատճառել»,-նշում է Ա. Հայրապետյանը։

Աղետների ռիսկի նվազեցման հարցը օրակարգային ամենակարեւոր խնդիրն է ամբողջ աշխարհում։ Բնական միջավայրի դեգրադացիան, բանախոսի խոսքով, կարող է հանգեցնել այնպիսի աղետների, ինչպիսիք են՝ սողանքները, չորությունը, երաշտները, վայրի հրդեհները։ «Խորքային ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե որքանով կարող է մարդկային գործոնը ճակատագրական լինել աղետների ահագնացող վտանգի առաջ։ Աղետների մեծ մասը կապված է մարդկային գործոնի հետ։ Հասարակությունը պետք է գիտակցորեն մոտենա այս խնդրին։ Միջազգային օգնությանը ապավինել արդեն տեղի ունեցած աղետի ժամանակ՝ կորցրածը վերականգնելու համար հնարավոր չի լինի։ Այս պարագայում մեծապես կարեւորվում է մարդկանց գիտակցականության բարձրացումը։ Հասարակությունը պետք է միջոցներ ձեռք առնի՝ հնարավորինս նվազեցնելու այն կորուստները, որոնք կբերի բնական աղետը»,-նշում է ԱԻՆ աշխատակիցը։

Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, 2015 թ. միացել է աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին, որը սահմանում է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում պետությունների կողմից անհրաժեշտ ոլորտային եւ միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում։

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը