Քաղաքական

17.03.2020 10:53


Իշխանությունն այդպես էլ չգիտակցեց խնդրի լրջությունը

Իշխանությունն այդպես էլ չգիտակցեց խնդրի լրջությունը

168.am-ը գրում է․ «Իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին կորոնավիրուսի հետ կապված խնդրի լրջությունը։ Մինչ վարչապետը հայտարարում էր, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմ առաջացնի», վիրուսն անարգել տարածվեց Հայաստանում։ Ու հիմա՝ իշխանությունների անպատասխանատու և անլուրջ վերաբերմունքի հետևանքով, սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ երկիրն ու տնտեսությունը։

Ըստ էության, գործ ունենք ճգնաժամային իրավիճակի հետ։ Ամբողջ աշխարհում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում տնտեսության կորուստները նվազագույնի հասցնելու ուղղությամբ, իսկ թե ինչ է մտադիր անել մեր կառավարությունը՝ տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգները մեղմելու ու տնտեսության խոցելի հատվածներին աջակցելու համար, հայտնի չէ։

Միայն անցած հանգստյան օրերին որոշվեց փոխվարչապետի գրասենյակի ներքո ստեղծել տնտեսական օպերատիվ խումբ, որը պետք է զբաղվի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացասական հետևանքների հակազդման քաղաքականության փաթեթի մշակմամբ։ Այնինչ, մեր հարևան Վրաստանում արդեն խոսում են ձեռք բերված այն պայմանավորվածությունների մասին, որոնք պետք է իրականացվեն տնտեսության խոցելի հատվածներում խթաններ կիրառելու, ինչպես նաև այլ արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Նախատեսվում է, որ դա կարվի պետական-մասնավոր համագործակցության ճանապարհով, ինչին պատրաստակամություն է հայտնել մասնակցել նաև բանկային համակարգը։

Մինչ Վրաստանում արդեն այժմ փորձում են համակարգված ձևով պայքարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների դեմ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարն օրերս հայտարարում էր, որ դեռ վաղ է տնտեսական գնահատականներ տալը՝ «Երբ կկանխվի հնարավոր վնասը առողջապահության մասով և վստահություն կառաջանա, որ վտանգ չկա, դրանից հետո միայն հնարավոր կլինի հաշվարկել տնտեսական ազդեցությունն ու հետևանքների մեղմացման ուղղությունները»։

Ոչ վաղ անցյալում Տիգրան Խաչատրյանը հայտարարում էր, որ կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային, առավել ևս՝ Հայաստանի տնտեսության վրա չի կարող մեծ լինել. «Երեք հավանական ուղղություններ, որոնք ունեն ուղղակի և անուղղակի ազդեցություն, հանգում են հետևյալ շրջանակին. Չինաստանի տնտեսությունը համարվում է պղնձի սպառման մոտավորապես կեսը կլանող տնտեսություն, Չինաստանում զբոսաշրջությունը դեպի աշխարհի այլ երկրներ համարվում է այդ տնտեսության հիմնական թվերից մեկը, զգալի թվով մարդիկ են շրջագայում, և Չինաստանը նավթարդյունաբերության պահանջարկի վրա մեծ ազդեցություն ունի: Բոլոր նշված զարգացումներով հանդերձ՝ համաշխարհային տնտեսության վրա այդ ցուցանիշը մեծ ազդեցություն ունենալ չի կարող, առավել ևս՝ Հայաստանի տնտեսության վրա, որը հիմնականում կապ ունի պղնձի խտանյութերի արտահանման հատվածում, իր վրա մեծ ազդեցություն կրել չի կարող»։

Այս հայտարարությունից ուղիղ մեկ ամիս հետո էկոնոմիկայի նախարարը պնդում է, որ կորոնավիրուսն աննկատ չի անցնի Հայաստանի տնտեսության համար։ Չնայած մինչ այդ էլ պարզ էր, որ այդպես էլ լինելու է։

Լուրջ խնդիրների առաջ է հայտնվել հատկապես փոքր և միջին բիզնեսը։ Ֆինանսական դժվարությունների հետևանքով՝ սկսվել է աշխատողների կրճատումը։ Մի մասը հայտնվել է փակման և սնանկացման վտանգի տակ։ Շատերի համար անհնարին է դարձել վարկային պարտավորությունների ժամանակին կատարումը։ Դեռ լավ է, որ բանկային համակարգը պատրաստակամություն հայտնեց ձեռք մեկնել։

Կենտրոնական բանկի տարածած հայտարարության համաձայն՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ ստեղծված իրավիճակի պայմաններում վարկային պարտավորությունները կատարելու հետ կապված խնդիրներ ունեցողները կարող են դիմել իրենց սպասարկող բանկերին:

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին՝ ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար»,- հայտարարեց Կենտրոնական բանկը։

Որոշ բանկեր և ֆինանսական հաստատություններ մինչ այդ արդեն հայտնել էին իրենց պատրաստակամությունը՝ հետաձգելու վարկային պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, «Ամերիաբանկը» հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին երկամսյա ժամկետով տեղափոխել բանկում ունեցած վարկային պարտավորությունները։ Խոսքը՝ ինչպես տոկոսների, այնպես էլ՝ մայր գումարների սպասարկման մասին է։ Մեկ այլ՝ «Մոգո» ՈւՎԿ-ն ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկել է մարտի մարումները տեղափոխել ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների:

Այսպիսի ֆինանսական հաստատությունների ցանկն առաջիկայում հավանաբար կավելանա։ Հատկապես որ, դա բխում է ոչ միայն՝ վարկառուների, այլև՝ բանկերի շահերից։ Բայց վարկային պարտավորությունների հետաձգումը փոքր և բիզնեսի մոտ առաջացած ֆինանսական խնդիրների ոչ թե լուծում, այլ պարզապես հետաձգում է։ Դրա համար պետք է մտածել նրանց ֆինանսական կարողությունների վերականգնման մասին։ Իսկ դա ոչ թե բանկերի, այլ առաջին հերթին՝ կառավարության դաշտում է։

Հնչում են տարբեր առաջարկություններ, բայց կառավարության արձագանքն առայժմ ուշանում է։

Ռիսկային ոլորտներում ի հայտ եկած խնդիրները մեղմելու համար առաջարկվում է ժամանակավորապես կիրառել հարկային արձակուրդներ։ Այսինքն՝ ազատել հարկերից, առկախել տույժ-տուգանքները, ձեռնարկել քայլեր սուբսիդավորման և աջակցման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

Կառավարությունը լուրջ անելիքներ ունի՝ գտնելու ճանապարհներ անցած տարի և այս տարվա սկզբին տնտեսությունից հանած գումարները՝ տարբեր ծրագրերի միջոցով, տնտեսություն ներարկելու համար։ Առավել ևս՝ այսօր, տնտեսությունն ունի դրա անհրաժեշտությունը։ Երբ տնտեսության տարբեր հատվածներում մեծացել է ֆինանսական միջոցների կարիքը՝ անթույլատրելի է այդ գումարները հեռու պահել տնտեսությունից։

Անհրաժեշտ է այժմվանից մտածել հատկապես փոքր և միջին բիզնեսի կորուստները մեղմելու մասին։ Չնայած այնպես չէ, որ խոշոր բիզնեսը զերծ է կորուստներից։ Ամբողջ տնտեսությունն է մտել վտանգավոր շրջափուլ։

Այս խորագրի վերջին նյութերը