Աշխարհ

22.03.2020 18:40


Խուճապ չկա. այստեղ ավելի հանգիստ է, քան Հայաստանում. ինչպես են հայ ֆուտբոլիստները անցկացնում կարանտինը Ղազախստանում

Խուճապ չկա. այստեղ ավելի հանգիստ է, քան Հայաստանում. ինչպես են հայ ֆուտբոլիստները անցկացնում կարանտինը Ղազախստանում

Covid-19-ի կամ կորոնավիրուսի՝ համաշխարհային համաճարակի պատճառով ֆուտբոլային աշխարհը և ոչ միայն, կարծես կանգ է առել: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում դադարեցվել են խոշոր սպորտային միջոցառումները, ներքին առաջնությունները. Ղազախստանը ևս, չնայած համեմատաբար ավելի ուշ, որոշում կայացրեց երկրում արտակարգ դրություն մտցնելու և ֆուտբոլային հանդիպումները հետաձգելու մասին: Ղազախական որոշ ակումբներ էլ, ըստ մամուլի հրապարակումների, որոշեցին նույնիսկ չվճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը կարանտինային շրջանում ու սպասել առաջնությունների վերսկսմանը:

ArmSport-ը զրուցել է Ղազախստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից մի քանիսի հետ, պարզել՝ ինչպիսի իրավիճակ է երկրում, ինչպես են պայքարում համաշխարհային վիրուսի դեմ ու ինչպես են անցկացնում կարանտինային շրջանը.

Կամո Հովհաննիսյանը, որը Ղազախստանի նոր մեկնարկած առաջնությունում իր նոր թիմի՝ «Կայրաթի» կազմում հասցրել է 2 հանդիպման մասնակցել՝ «Տարազի» (2:1) ու Կարագանդայի «Շախտյորի» դեմ (0:1), ասում է՝ չեն կորցնում դրական տրամադրվածությունն ու մարզումները շարունակում են տանը.

«Ալմա-Աթան, ինչպես և երկրի մայրաքաղաքը, հիմա կարանտինի մեջ են, այդ իսկ պատճառով մուտքն ու ելքը սահմանափակված է: Ես գտնվում եմ տանը, փորձում եմ հազվադեպ դուրս գալ: Ինչպես մեր բոլոր ֆուտբոլիստները, ես ևս մարզվում եմ տանը: Որքանով դա հնարավոր է ստեղծված իրավիճակում: Չենք կորցնում դրական տրամադրվածությունն ու պահպանում ենք նախազգուշական բոլոր միջոցները»,-ասում է Կամո Հովհաննիսյանն ու շարունակում.

«Մարզումներ, ֆիլմեր, խաղեր: Առօրյաս այնքան էլ շատ չի փոխվել: Նախկինում էլ ես հաճախ դուրս չէի գալիս, այդ իսկ պատճառով ինձ համար դա խնդիր չէ: Իհարկե, առանց իսկական մարզումների ու խաղերի բարդ է, բայց ստիպված ենք այսպես անել: Ինչ վերաբերում է այստեղի մարդկանց, ապա նրանք էլ բոլորի պես շատ մթերքներ ու դեղեր են գնում, բայց խուճապ չկա: Հասկանալի է՝ մարդիկ առաջին անգամ են բախվում նման իրավիճակի հետ, շատերը չգիտեն՝ իրենց ինչպես պահեն, բայց ոչ մեկը խուճապի չի մատնվում»:

Ինչ վերաբերում է ղազախական ակումբների կողմից ֆուտբոլիստների աշխատավարձերը չվճարելուն՝ Կամոն ընդգծում է՝ իրենք երբեք նման խնդրի առաջ չեն կարող կանգնել, քանի որ զգում են ակումբի ղեկավարության աջակցությունը.

«Չգիտեմ՝ մյուս ակումբներում իրավիճակն ինչպիսին է, բայց «Կայրաթում» ամեն ինչ կայուն է: «Կայրաթը» մասնավոր ակումբ է, որը միշտ կատարում է պայմանագրով սահմանված իր պարտավորությունները: Ոչ մի խոսակցություն այդ թեմայով չի եղել ու չի էլ կարող լինել: Մենք միշտ զգում ենք ակումբի աջակցությունը»:

Խոսելով մեկնարկային երեք տուրում իր թիմի ելույթների մասին՝ Կամոն ասում է՝ լավ են մեկնարկել ու մտադիր են հետագայում ևս պահել ռիթմը.

«Լավ մեկնարկեցինք առաջնությունում, երկու խաղ հաղթեցինք, ընդ որում երկրորդ խաղում մրցակցին ջախջախեցինք 5:0 հաշվով: Ցավոք՝ դադարից առաջ վերջին խաղում պարտվեցինք «Շախտյորին»: Նրանք առաջինը գոլ խփեցին, իսկ հետո անցան խորը պաշտպանության: Բայց դա արդեն անցյալում է, վերլուծել ենք խաղը, մոռացել, կշարժվենք առաջ»:

Արման Հովհաննիսյանը, որը դեռևս չի հասցրել նորամուտը նշել «Տոբոլի» կազմում, ևս շարունակում է մնալ Ղազախստանում. ասում է՝ այնտեղ իրավիճակն ավելի հանգիստ է, վարակակիրների դեպքերն էլ ավելի քիչ են, քան Հայաստանում:

«Բոլորիս համար էլ վատ է, որ նման իրավիճակ է ստեղծվել, բայց ի՞նչ կարող ենք անել: Խուճապ չկա, Կոստանայում ավելի հանգիստ է վիճակը, տանից դուրս գալիս ենք, այդուհանդերձ փորձում ենք զգույշ լինել»:

Արմանի խոսքով, ակումբում մարզումները հետաձգվել են նախնական մեկ շաբաթով, իսկ թե ինչ կլինի դրանից հետո՝ ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է աշխատավարձերի խնդրին, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքով՝ իրենց ակումբում ևս ամեն ինչ կարգին է:

30-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը, որը ևս վերջերս տեղափոխվեց Ղազախստան ու պայմանագիր կնքեց «Ատիրաուի» հետ, կորոնավիրուսով պայմանավորված դադարի ընթացքում վերադարձել է Հայաստան: Հայրենիք է վերադարձել նաև թիմի գլխավոր մարզիչ, հայազգի մասնագետ Արամ Ոսկանյանը: «Ատիրաուն» մասնակցում է Ղազախստանի Առաջին լիգային, որը դեռևս չի մեկնարկել, պետք է հանդես գար նաև երկրի Գավաթի խաղարկությունում, որի հանդիպումները հետաձգվել են.

«Ղազախստանում պատրաստվում էինք Գավաթի խաղարկությանը, որը պետք է մեկնարկեր մարտի 16-ին, սակայն ամսի 14-ին որոշում կայացվեց այն հետաձգել մինչև ապրիլի 4-ը ու մեզ մեկ շաբաթյա արձակուրդ տրամադրվեց: Այդ ժամանակ վերադարձա Հայաստան՝ մի քանի օր այստեղ մնալու համար: Ի սկզբանե նախատեսվում էր, որ մարտի 21-ին պետք է հավաքվեինք ու վերսկսեինք մարզումները, սակայն մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշում կայացվեց, որը կտևի մինչև ապրիլի 15-ը: Այդուհանդերձ, լսել եմ, որ Ղազախստանում իրավիճակն ավելի հանգիստ է: Երեկ ասացին, որ վարակվածների թիվը 30 է ու միայն Ալմա-Աթա և Աստանա քաղաքներում»,-ասում է Արտակ Դաշյանն ու նշում՝ Հայաստանում աշխատում է տանից դուրս չգալ.

«Հիմնականում աշխատում եմ տանից դուրս չգալ: Ցանկացած պարագայում՝ լինի լավ, թե վատ, ծայրահեղ, թե սովորական իրավիճակ, պետք չէ խուճապի մատնվել: Պետք է սառնասիրտ լինել, գնահատել իրավիճակը և ճիշտ քայլեր ու որոշումներ կայացնելով՝ դուրս գալ այդ իրավիճակից: Կցանկանամ առողջություն մաղթել բոլոր հիվանդներին, իսկ առողջներին՝ համբերություն, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք վերադառնալ մեր առօրյա կյանքին»:

Դաշյանի խոսքով, իրենց ակումբում ևս աշխատավարձերի չվճարման մասին խոսակցություններ չեն եղել.

«Նման խոսակցություն չեմ լսել: Եթե նման բան լիներ, ղեկավարությունն անպայման կասեր մեզ կամ գուցե դեռ ասեն»:

«Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը նշում է՝ լավ թիմ ունեն ու ամեն ինչ անելու են Բարձրագույն լիգա դուրս գալու համար.

«Լավ թիմ է, ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակի: Առաջին անգամը չէ, որ աշխատում եմ Արամ Ոսկանյանի հետ: Ամեն ինչ լավ է: Մեր թիմի առջև Բարձրագույն լիգա դուրս գալու խնդիր է դրված, ու ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի Պրեմիեր լիգան կվերսկսվի ապրիլի 15-ից ոչ շուտ: Դադարեցվել են նաև երկրի Գավաթի խաղարկությունն ու 1-ին և 2-րդ լիգաները:

Այս խորագրի վերջին նյութերը