Մեկնաբանություն

09.04.2020 09:00


Փչում է, փչում, ու չի «բեզարում»

Փչում է, փչում, ու չի «բեզարում»

Երկու տարի է` Փաշինյանը ստում է, ստում ու չի հոգնում։ Ստում է անխնա` ամենօրյա ռեժիմով, ամեն օր ստի մի նոր ռեկորդ սահմանելով ու բարելավելով սեփական ռեկորդները։

Ստերը շատ արագ` մինչև «մարագ հասնելը», հերքվում են իր իսկ սրտի վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, որոնց մասին ի՛նքն էր ասում`«կա՛ սուտ, կա՛ մեծ սուտ, և կա՛ վիճակագրություն»։ Բայց դա չի խանգարում Փաշինյանին` մեծ, ավելի մեծ ստեր հորինելու, նեղն ընկնելու դեպքում` թարմացնելու և նորովի` ժամանակակից փաթեթավորմամբ մատուցելու հին ստերը։ Փաշինյանն ամեն անգամ դա անում է դուխով, շախով, շուխով, հավեսով`առաջին անգամվա պես, այնպիսի «դոզայով» և հաճախականությամբ, որ ընդդիմախոսները «հետևից չեն հասնում»` չեն հասցնում կամ պարզապես անիմաստ են համարում հերքել առատության եղջյուրից թափվող հերթական սուտը։

Փաշինյանի 3-4 ժամանոց հարցուպատասխան-լայվն այդ առումով նախորդներին չէր զիջում, և «ամենատպավորիչ» հին-նոր ստերից մեկը, որ ձեռի հետ փորձեց «սղղացնել», հետևյալն էր. «2018թ.-ից հետո (ներառյալ 2018-ի ոչ հեղափոխական կամ հակահեղափոխական առաջին կիսամյակը.-Լ.Պ.) ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 1 միլիարդ 100 միլիոն դոլարով`ի կատարումն իմ նախահեղափոխական խոստման, թե 1-2 տարում բյուջեի եկամուտները պետք է աճեն 30-35 տոկոսով»։ Ավելին` պարզվեց, մի բան էլ` 10 տոկոսով գերակատարել է «նախահեղափոխական խոստումը»` բյուջեի եկամուտներն «աճեցրել» է ամբողջ 40-45 տոկոսով։

Գրեթե նույնը Փաշինյանն ասել էր փետրվարի կեսին Գերմանիա կատարած «ուղևորության» ժամանակ` եթե չեմ սխալվում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գլուխ էր գովել, թե «կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե», բյուջեի եկամուտներն էլ` 2018-2019թ. «արդյունքներով» (ընդամենը մեկուկես տարում) ավելացրել է 1 մլրդ դոլարով։ 2020թ. առաջին եռամսյակի արդունքները դեռ չեն ամփոփվել, բայց Փաշինյանը «մանրուքների» հետևից չի ընկնում` «աչքաչափով» ճշտել է սպասվող եկամուտների չափը և կանգնել 1 միլիարդ 100 միլիոն դոլարի վրա։

Ի՞նչ է եղել իրականում։ Իրականում, ըստ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2019 թ․ պետական բյուջեի «չպլանավորված», այսինքն` լրացուցիչ եկամուտները (բյուջեի կատարողականում դրանք նշվում են հատուկ տողով`«այլ եկամուտներ», որտեղ մտնում են նաև ստվերից դուրս բերված և կոռուպցիայի դեմ «անհաշտ պայքարի» արդյունքում բյուջե վերադարձված գումարները), կազմել են մոտ 82 մլրդ դրամ`2017 թ․ գրանցված 65 մլրդ դրամից 17 մլրդ դրամով կամ 35 մլն դոլարով ավելի։ Այսինքն, երկու տարում բյուջե մուտքագրված «այլ եկամուտները» երեք անգամ պակաս են եղել Փաշինյանի կրակած 105 մլն դոլարից։

Ինչ վերաբերում է ընդհանրապես բյուջեի եկամուտներին` մուտքերին, որոնք, Փաշինյանի ասելով` հեղափոխական «բարեփոխումների» շնորհիվ 1 մլրդ դոլարանոց («նորացված» տվյալներով` 1 միլիարդ 100 միլիոն դոլարանոց) աճ են արձանագրել, ապա, ըստ վիճպետկոմի` 2018 թ․ երկրորդ կիսամյակում 2017 թ․ երկրորդ կիսամյակի համեմատ ավելացել են 77 մլրդ դրամով, 2019 թ.-ին 2018 թ․ համեմատ` 207 մլրդ դրամով։ Այլ կերպ ասած, վերջին մեկուկես տարում բյուջեի եկամուտների աճն ընդհանուր առմամբ կազմել է լավագույն դեպքում 284 մլրդ դրամ կամ մոտ 585 մլն դոլար։ Եվ ուրեմն` Փաշինյանն այս դեպքում էլ, մեղմ ասած, կրկնակի ուռճացնում է եկամուտների «հետհեղափոխական աճը»`42 տոկոսով «գերազանցելով» վիճպետկոմի նկարած թիվը։

Հասկացանք` չստել չի կարող, բայց ինչո՞ւ այսքան «կոպիտ», այսքան բացահայտ. մեզ չի խնայում` իր «հավատավոր հոտի՞ն» էլ մարդատեղ չի դնում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը