Տնտեսական

18.03.2009 18:48


Դոլարը կրկին կարժեզրկվի՞

Դոլարը կրկին կարժեզրկվի՞

-ԱՄՆ-ի տնտեսությունը լավ հաշվարկել է, թե արժեզրկված դոլարն ինչու և ինչպես կարող է ծառայել սեփական տնտեսությանը, տեղական արդադրության զարգացմանը և ԱՄՆ-ից ապրանքների արտահանման ավելացմանը,- «7 օր»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանսերյանն այսպես մեկնաբանեց էմիսիա իրականացնելու ԱՄՆ-ի հնարավոր քայլը։

Նշենք, որ ԱՄՆ Պետական գանձարանի նախագահ Բեն Բերնանկեն իր վերջին ելույթում հայտարարել էր, որ արդեն այս տարվա վերջին Միացյալ Նահանգների տնտեսությունն «ուժեղ և կայուն» տեմպերով կսկսի վերականգնվել։

«Բերնանկեն  իր խոսքում ասեց այն, ինչն ԱՄՆ կառավարությունը փորձում էր թաքցնել. Միացյալ Նահանգների գանձապետարանը ստիպված է փող տպել»,- սա էլ ռուսական «ИЗВЕСТИЯ»  պարբերականի արձագանքն էր։ Ու թեև պարբերականը նշել էր , որ ԱՄՆ Պետական գանձարանի նախագահի հայտարարությունն անհանգստացրել է համաշխարհային տնտեսության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վստահեցնում է, որ Հայաստանին անհանգստանալու կարիք չկա։

- Առաջին հերթին պետք է մտահոգվեն ԱՄՆ-ի իշխանությունները, որովհետև ցանկացած ազգային դրամի էմիսիան բերում է ինֆլյացիայի։ Ապրանքների գներն՝ արտահայտված դոլարով, կիջնեն, կդառնան ավելի մատչելի և մրցունակությունն արհեստականորեն կավելանա ու դա կազդի հենց ԱՄՆ-ի ապրանքների գների վրա,-ասաց Թաթուլ Մանասերյանը ։

Տնտեսագետի խոսքերով, ամերիկյան դոլարները մի քանի անգամ (20-40 անգամ՝ ներառյալ կեղծ դոլարները) ավելի շատ են շրջանառության մեջ Ամերիկայից դուրս, քան բուն Միացյալ Նահանգներում և որ դոլարային զանգվածի ավելացումը Հայաստանի տնտեսության վրա, եթե անգամ ազդեցություն ունենա, ապա շատ չնչին կլինի։

-Կարող է լինել դոլարի արժեզրկում կամ արժեվորում անկախ նրանից, թե բուն Միացյալ Նահանգներում ազգային արժեքն ինչ վիճակում է։ Կարող է լինել պարադոքսալ վիճակ, երբ դոլարն արժեզրկված է ԱՄՆ-ում, բայց արժեվորված՝ Հյաստանում։ Մեր երկրում բավական երկար ամիսներ հենց այդպես էր,- «7 օր»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Ի դեպ, Թաթուլ Մանասերյանը չբացառեց նաև, որ ԱՄՆ-ի կողմից էմիսիայի գնալու հանգամանքն օգտագործելով՝ հայաստանյան իշխանությունները հայկական դրամն արհեստականորեն արժեվորեն կամ արժեզրկեն։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը