Կարծիք

19.03.2011 10:45


Արա, էս ինչ ա ասո՜ւմ, արա, էս ոնց ա ասո՜ւմ

Արա, էս ինչ ա ասո՜ւմ, արա, էս ոնց ա ասո՜ւմ

ՀՀԿ խոսնակ Շարմազանովի հայտարարություններին ես սպասում եմ մի անբացատրելի անհամբերությամբ: Չգիտեմ, ինքն է որոշում ինչ ասել, թե իրեն ասում են ինչ ասել, բայց սրանցից որն էլ ճիշտ դուրս գա, միևնուն է, Շարմազանովն անկրկնելի է:

Օրինակ ես ի՞նչ մեղք ունեմ, որ ՀՀԿ-ի խոսնակն ասում է. «ՀԱԿ-իշխանություն պայմանավորվածությունը եղել է Լևոն Զուրաբյանի եւ ոստիկանապետի մակարդակով»: Սա այն դեպքն է, որ հեքիաթի արքան պետք է հայտարարի` սուտ է, եւ իր թագավորության կեսը տա Շարմազանուվին: Իսկ հնարավոր չէ՞, որ ճիշտ լինի: Հնարավոր կլիներ, եթե չճանաչեինք մեր ոստիկանապետին եւ այս դեպքից երկու օր առաջ նախագահը զրուցած չլիներ նրա հետ: Փխրուն է ճշմարտությունը, հասկանո՞ւմ եք, այն շատ փխրուն է պարոն Շարմազանովի ասածների մեջ:

Կուզե՞ք մի ուրիշ միտք էլ վերցնենք հարգարժան ՀՀԿ-ականից: Խնդրեմ. «Նման զիջումների, փոխզիջումների կարող է գնալ այն իշխանությունը, որը ուժեղ է, լայնախոհ է»: Ժպիտներ պետք չեն: Մեր իշխանության ուժն ու լայնախոհությունն ամեն օր ենք զգում մեր կողքին, իսկ ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառումից հետո` առավել եւս: Ռուբեն Հախվերդյանից հատուկ ներողություն եմ խնդրում միջոցառում բառի համար:

Մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն իշխանական օղակները, որոնք դեռ չեն հայտնվել Սերժ Սարգսյանի «процедурная» սենյակում, իսկ Շարմազանովն ասում է` մեր իշխանությունը լայնախոհ է: Պարզապես մեր իշխանությունը շատ «ուժեղ» է: Բացօթյա առևտրականներին, չտեսա՞ք, ինչ արեցին: Հանրապետության Հրապարակն էի՞ն ուզում գրավել: Բողոքավորներին այնպես քշեցին փոշտի շենքի մոտ, որ նույնիսկ «Ժառանգության» գվարդիան չկարողացավ դեմն առնել: Քշողն էլ, ի դեպ, նույն ուժեղ ու լայնախոհ իշխանությունների ոստիկանապետն էր, միայն այն տարբերությամբ, որ այդ օրերին Ալիկ Սարգսյանը դեռ չէր հասցրել լինել «процедурная» սենյակում:

Հիմա փորձենք պատասխանել հարցին` նվաճո՞ւմ էր արդյոք ՀԱԿ-ի համար Ազատության հրապարակ մտնելը, թե՞ նվեր էր իշխանությունների կողմից: Սեփական հայրենիքում Ազատության հրապարակ մուտք գործելը հաղթանակ կամ վերանվաճում համարելը պարոն Շարմազանովի համար զարմանալի է, քանի որ երեք տարի շարունակ որևէ մեկի համար այն փակ չի եղել: «Ազատության հրապարակը այս 3 տարիների ընթացքում պարզապես տրված է եղել այլ միջոցառումների»: Ճիշտ է ասում մարդը: Ես լավ հիշում եմ, որ հատկապես ՀԱԿ-ի միտինգների օրերին, Ազատության հարապարակ էին վազում մեր մանուկներն ու կավիճով արև էին նկարում գետնին: Հետևաբար ճիշտ չի լինի ասել, որ նվաճեցին, գրավեցին, վերագրավեցին: Նրանք հո ղրղզ չե՞ն, որ իրենց երկրում բան գրավեն: Բայց մյուս կողմից էլ, կարծես, ճիշտ չէ միանշանակ պնդելը, թե իշխանությունները երեք տարի շարունակ բարեկարգեցին հրապարակը, ստորգետնյա ավտոկանգառ կառուցեցին հրապարակի տակ ու 2011թ. մարտի 17-ին այն հանձնեցին ՀԱԿ-ին` ի բարի վայելում: Իշխանությունները, ստացվում է, որ մոռացան երեխաների մասին, ովքեր սիրում են ասֆալտի վրա արև նկարել, իսկ դա լայնախոհներին մի քիչ չի սազում:

Հարցին ճիշտ պատասխան տալու համար մնում ընդունել երրորդ տարբերակը: Մեր իշխանությունն ու փողոցի ընդդիմությունը չկարողացան այնպիսի բեմականացում անել, որ «հիմա» գոռացողների աչքին Լևոնը մնար արարիչ, իսկ Իշխանությունը` հավերժ «Բոբո»: Դե ներկայացում էր` չստացվեց, ի՞նչ կարող ես անել: Կրկին կփորձեն ապրիլի 8-ին: Այն ժամանակ, հավանաբար, Սերժ Սարգսյանը մի քանիսին եւս սենյակ մտցրած կլինի ու կտեսնենք, թե նրանցից որի մակարդակով է բանակցելու Լևոն Զուրաբյանը, որպեսզի Էդուարդ Շարմազանովն ապրիլի 9-ին գնա մամուլի ակումբ:

Ձանձրացրեցի՞: Ներողություն, ավարտում եմ: 2011թ. մարտի 17-ին երկրորդ Սարդարապատ ապրած ժողովրդին խոնարհաբար խնդրում եմ աչքները լավ բացած հետևել քաղաքական գործընթացներին: Եվ եթե Լևոն Տեր-Պետրոսյանին 2012 թվականին տեսնեք «դհոլների» մեջ, կամ առաջին «դհոլի» դերում, չզարմանաք: Պարզապես հիշեք` դուք միշտ արժանի եք այն իշխանությանը, որ ունեք:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը