Մեկնաբանություն

24.04.2020 23:14


Երկուսից մեկը` կա՛մ անճարակ են, կա՛մ մեզ են խոտաբույսի տեղ դնում

Երկուսից մեկը` կա՛մ անճարակ են, կա՛մ մեզ են խոտաբույսի տեղ դնում

Մոտ մի շաբաթ առաջ էր, որ արտգործնախարար Լավրովը բացեց «թավշյա դիվանագիտության» խաղաքարտերը` ասաց այն, ինչ Փաշինյանն ու իր արտգործնարարը խնամքով փորձում են թաքցնել հպարտ քաղաքացիներից. որ բանակցություններ կան`«ակտիվ» փուլում են անգամ կորոնավիրուսի պայմաններում, և սեղանին դրված է 1998-ին մեր կողմից արդեն մերժված և Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո մոռացված փուլային կարգավորումը։

Սա մի՛ բան է նշանակում. հայկական կողմը տալիս է ամեն ինչ` այն, ինչ նվաճել ենք և պահում ենք բազմաթիվ հայորդիների արյան, զրկանքների գնով, մեզ պարտադրված պատերազմի արդյունքում, փոխարենը ոչինչ չենք ստանում։ Լավագույն դեպքում`ժամանակի իքս պահին Արցախի փաստացի անկախ կարգավիճակը ևս մեկ անգամ հանրաքվեի դնելու անորոշ խոստում։

Ադրբեջանական կողմը, երկու ոտքը մի մաշիկի մեջ դրած, պնդում է, որ դա կարող է լինել բացառապես Ադրբեջանի կազմում, Հայաստանը՝ ի դեմս թավշյա դիվանագիտության ռահվիրաների, լղոզված հայտարարություններ է անում «անվտանգության առաջնահերթության» մասին։ Հանրային կարծիքի ճնշման տակ երբեմն հիշում են ինքնորոշման դրույթը, նեղն ընկնելու դեպքում` հայտարարում, որ ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի առանց սահմանափակումների՝ ըստ էության, չբացառելով նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում ինքնորոշվելու հեռանկարը։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նույն օրը իբր «հակադարձեց» Լավրովին, բայց միանշանակ չհերքեց, որ մի տարի է` ադրբեջանցի «գործընկերոջ» հետ ակտիվորեն «տալիս-առնում» է փուլային կարգավորման շուրջ համաձայնության գալու հնարավորությունը։ Ինչը, ի դեպ, բացատրում է, թե ինչու Ժնևում հունվարի վերջին Մինսկի խմբի հովանու տակ տեղի ունեցած եռօրյա բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ հիմնական շեշտը դրված էր կոնֆիդենցիալության`բանակցվող հարցերի շրջանակը ոչ մի դեպքում չգաղտնազերծելու վրա։ Եվ մենք այդպես էլ չէինք իմանա` ինչի մասին էին պայմանավորվում կողմերը ավելի քան 12 ժամ տևած քննարկումների, հանդիպումների ընթացքում, եթե Լավրովը չբացեր փակագծերը։

Իհարկե, Մնացականյանը ներկայացրեց այնպես, թե արտառոց ոչինչ չի եղել` Լավրովը հավանաբար նկատի ունի կազանյան փաստաթղթի մոդիֆիկացիան, որ, ըստ նրա, քննարկման առարկա է եղել և՛ 2014թ., և՛ դրանից հետո` 2016-ին (կարող ենք ենթադրել, որ խոսքը 2011թ․ Կազանի հայտնի հանդիպման ժամանակ կողմերին ներկայացված փաթեթը մերժելուց հետո Ադրբեջանի առաջ քաշած 11 կետանոց պահանջագրի հիման վրա լրամշակված տարբերակի մասին է)։ Եվ խոստովանեց, որ Հայաստանը գոնե մինչև 2018թ. մերժել է այդ առաջարկը` չի համաձայնել տարածքներ հանձնել, ապահովել (ադրբեջանցի) փախստականների վերադարձը իրենց նախկին բնակավայրեր, կարճ ասած` վերականգնել նախապետերազմյան ստատուս-քվոն՝ «հանուն ոչնչի»։ Իսկ այն, որ ի սկզբանե արատավոր այդ մոտեցումն այսօր նորից արդիական է դարձել, խոսում է իր փոխարեն։

Մի քանի օր համեստորեն լռելուց հետո «Կոմերսանտին» տված հարցազրույցում պակասը լրացրեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, թե բա` «2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքների մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ խոսք չկա փուլային կարգավորման մասին», «հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։ Եվ ընդհանրապես, «2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»:

Ի լրումն` Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հանդես եկավ հայտարարությամբ և պնդեց, որ «կողմերը կարգավորման որևէ կոնկրետ պլան չեն քննարկում: Դա նշանակում է, որ սեղանին չկան, այսպես կոչված, մադրիդյան կամ այլ առաջարկներ»։ Բանակցություններին «կողքից հետևող» դիվանագետի և ԱԳՆ խոսնակի «հերքումները» որքանո՞վ համարժեք են համանախագահող երկրի արտգործնախարարի հայտարարությանը, որի «արբիտրաժի» ներքո տեղի է ունեցել ապրիլի 15-ի եռակողմ հանդիպումը, դատե՛ք ինքներդ։

Առավել ևս, երբ «Կոմերսանտի» հարցազրույցի հայերեն տարբերակում տեղ գտած «դուխով» ձևակերպումը, որ «հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը», բնագրում բացակայում էր (ճիշտ նույն կերպ` Բրատիսլավայում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում Մնացականյանի բարձրաձայնած ելույթի տեքստում բացակայում էր ոչ պակաս «դուխով»` նույնաբովանդակ մի պարբերություն, որ որտեղից որտեղ «բուսել» էր ԱԳՆ էջում տեղադրված սղագրության մեջ, և հետագայում ներկայացվեց որպես «թարգմանության սխալ»)։

Միայն այն բանից հետո, երբ Արա Վարդանյանն ուշադրություն հրավիրեց այդ փաստի վրա և կոչ արեց լրացնել այդ բացը` «Կոմերսանտն» ավելացրեց հարցազրույցի պակասող «օղակը»։

Հիմա, եթե «Կոմերսանտն» էր հարցազրույցից հանել այդ հատվածը, ապա դա վատ է`ցույց է տալիս ռուսական մամուլի վերաբերմունքը ոչ միայն զրուցակցի, ոչ միայն ՀՀ ԱԳՆ-ի, այլև Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Եթե ոչ`մերոնք են «շուստրիություն արել»` փորձել են ներկայանալ ավելի «անզիջում» դիրքերից, քան իրականում կան`հույս ունենալով, որ կեղծիքն աննկատ կմնա, ուրեմն` ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել։

Նշանակում է` մեզ միտումնավոր ապակողմնորոշում են. թաքցնում են, թե ինչ են բանակցում փակ դռների հետևում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը