Տնտեսական

21.03.2011 13:25


Միջազգային կառույցների և հակամենաշնորհային մարմինների ղեկավարները Հայաստանում քննարկել են մրցակցության ոլորտի հիմնախնդիրները

Միջազգային կառույցների և հակամենաշնորհային մարմինների ղեկավարները Հայաստանում քննարկել են մրցակցության ոլորտի հիմնախնդիրները

Այսօր  Երևանում մեկնարկեց միջազգային համաժողով` ուղղված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի կողմից կազմված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի» արդյունքների ներկայացմանը, և «Գերիշխող դիրք. խնդիրները և հետևանքները» թեմայով սեմինար:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության անցած ուղին, առկա խնդիրները, ձեռքբերումները և հետագա քայլերը, ինչպես նաեւ` այլ երկրների համանման մարմինների փորձը և միջազգային փորձագետների գնահատականները:

Միջազգային կոնֆերանսի անցկացումը Հայաստանում հատկանշական է, քանի որ  այս տարին ՀՀ ՏՄՊՊՀ-ի համար հոբելյնական է: Հանձնաժողովը նշում է հիմնադրման 10-ամյակը:

Համաժողովի բացմանը ներկա էին եւ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին, ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի քարտուղարության ղեկավար Ազամ Ուսմանով, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը:

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, շեշտեց, որ անհրաժեշտ է բացահայտել այն խնդիրները, որոնք խարխլում են մրցակցությունը: Ըստ նրա, կան մի քանի հանգամանքներ` հարկային և մաքսային ոլորտի վարչարարություն, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

Առկա խնդիրների լուծման համար ՀՀ վարչապետը  կարեւորեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության, ինսիտուցիոնալ կարողությունների բարձրացմանն, ինչպես նաեւ օրենսդրության հետագա բարելավմանն ու դրա կիրակմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի կողմից կազմված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի» արդյունքների ներկայացման եւ Հանձնաժողովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանում է նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին:

Վերջինը գլխավորում էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն այն տարիներին, երբ  Հայաստանն անդամակցեց միջազգային այդ կառույցին եւ մեծապես աջակցել է մեր երկրին այդ գործում:

Իր ելույթում, անդրդառնալով ԱՀԿ-ին անդամակցությունից հետո մինչ օրս Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, Սուպաչայ Պանիտչպակդին ասաց.«Ինձ համար մեծ պատիվ է տեսնել այն առաջընթացը, որ տեղի է ունեցել Հայաստանի տնտեսության մեջ»:  Այդուհանդերձ, ինչպես նշեց բանախոսը, անելիքները դեռ շատ են: Դրանցից  Ս. Պանիտչպակդին հատկապես կարեւորեց ստվերային տնտեսության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով որ այդ բնագավառում հաջողության հասնելու համար Հանձնաժողովի կարողությունների զարգացումը կարեւոր, բայց բավարար պայման չէ, եւ անհրաժեշտ է համատեղել պետական բոլոր մարմինների ջանքերը:

Անցյալ տարի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի կողմից կազմված փորձագետների կողմից մշակված և ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում հրապարակված զեկույցը համագործակցության առաջին քայլն էր համաշխարհային մեծ հեղինակություն վայելող կազմակերպության հետ և Հայաստանի Հանրապետության մրցակցային քաղաքականության ու օրենսդրության կիրարկման վերաբերյալ համալիր գնահատման առաջին փաստաթուղթը, որում ներկայացված խորհուրդներն ու առաջարկները մեծ ազդեցություն են ունեցել ինչպես մրցակցության ոլորտի ներկա բարեփոխումների գործընթացի, այնպես էլ Հանձնաժողովի գործունեության ուղղությունների մշակման վրա:

Յուրաքանչյուր 5 տարին մեկ ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է որևէ կոնկրետ երկրի մրցակցային իրավիճակը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները լուրջ աջակցություն են ցուցաբերում տվյալ երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը:

ՄԱԿ-ի 6-րդ համաժողովում, 2010 թվականին, Համաժողովի աշխատանքային մեկ օր նվիրվել է Հայաստանի մրցակցային իրավիճակի, ձեռնարկված բարեփոխումների ներկայացմանն ու քննարկմանը:

Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր զեկույցի նախապատրաստման նպատակով նախապես Հայաստան էին ժամանել ՄԱԿ-ի փորձագետներ:

Այսօր զեկույցը ներկայացվեց համաժողովի մասնակիցներին:

Զեկույցի հեղինակները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Փորձագիտական առաջարկներին արագ և արդյունավետ արձագանքելու համար Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը:

Ի դեպ, Դեռեւս անցյալ տարի ՄԱԿ-ի համաժողովում,մասնակից երկներից շատերը ցանկություն էին հայտնել հետևելու Հայաստանի սկսած բարեփոխումների օրինակին և այդ նպատակով առաջարկվել է մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի հերթական միջազգային կոնֆերանսը 2011 թվականին անցկացնել Հայաստանում, ինչը հնարավորություն կընձեռի մասնակից երկրներին ծանոթանալ զեկույցի առաջարկների արդյունքում ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից իրակնացվող քայլերին և փոխանակել ունեցած փորձը:

Աշխատանքային երկրորդ օրը, մարտի 22-ին, Երեւանում նախանշված է ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 16-րդ նիստը:

Այս խորագրի վերջին նյութերը