Մեկնաբանություն

28.04.2020 10:45


Մոր աչքից սուրմա թռցնելու մաստեր-կլաս Փաշինյանից

Մոր աչքից սուրմա թռցնելու մաստեր-կլաս Փաշինյանից

«Ծիծեռնակաբերդի միջոցառում-լայվ շոուն» սիմպտոմատիկ էր Նիկոլի տեսակը՝ ամեն ինչ և բոլորին փչացնող, սրա-նրա հասցեին անանուն, անհասցե, անապացույց մեղադրանքներ տիրաժավորող, սեփական խոսքի արժեքը չիմացող, գլուխգովան, ինքնասիրահարված, սնապարծ, ապազգային «ինքնությունը» ևս մեկ անգամ ի ցույց դնելու առումով։

Մինչև հիմա ինչին ձեռք էր տվել, ապականել էր, «նախկիններին», (իրականում`ընդդիմախոսներին) ինչի մեջ ասես մեղադրել էր, մնացել էր Ցեղասպանության թնջուկը`դա՛ էլ արեց։ Պարզվեց` ավելի քան 25 տարի (ինչո՞ւ 25, ոչ թե 30, 45, 55 տարի`չխորանանք) ինչ արվել է` Ցեղասպանության զոհերի «ոգեկոչման» հետ կապված, սխալ է արվել` անճաշակ, անմակարդակ, և որ ավելի վատ է, «ատկատային» ռիսկերով։

Ամեն ինչ փոխվեց, երբ որտեղից որտեղ հայտնվեց կորոնավիրուսը և մտավ խաղի մեջ` «հնարավորություն» տվեց իրեն ու իր թրաշամանուկներին շտկելու անցյալի «սխալները», ցույց տալ`ինչպես «առանց աղաղակի, առանց ողբի ոգեկոչել Ապրիլի 24-ը» և «ազգային ինքնության, հայի տեսակի ընկալումը» բարձրացնել չլսված, չտեսնված «քաղաքակրթական նոր նշաձողի»։ Վկա`իր և հայտնի ՊՈԱԿ-ի կողմից բուծվող հայհոյախոս վարձկանների բանակը։

Փակագծում ասենք, որ ամբողջ լայվի ընթացքում Փաշինյանը ընդամենը մեկ անգամ արտաբերեց Ցեղասպանություն բառը, այն էլ`երբ հերթական անգամ «բոչկաներ գլորեց» նախկինների վրա։ Մնացած դեպքերում օգտագործում էր «Ծիծեռնաբերդ», «Մեծ եղեռն», «Ապրիլի 24-ի միջոցառում(ներ)» եզրերը։ Եվ դա ինչ-որ տեղ հասկանալի է` Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը նրա համար շոու է՝ գունագեղ, լուսային էֆեկտներով հագեցած «գեղեցիկ» միջոցառում` իր, տիկնոջ, իր «ինտիմ շրջապատի» և... Արտուշ պապի մասնակցությամբ` առանց «տեսարանը փչացնող» մարդկային անվերջանալի հոսքի, Ցեղասպանությունը դատապարտող կոչերի և հարցազրույցների։

Ճար ունենար`Ամենայն Հայոց կաթողիկոսին ու երրորդ նախագահին էլ կարգելեր բարձրանալ հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1,5 միլիոն նահատակների հիշատակին։ Երկրորդ նախագահի ուղարկած ծաղկեպսակն էլ կտոր-կտոր կաներ ու դեն կշպրտեր նախորդ տարվա պես։ Այդպես ավելի դյուրին է մարդկանց մեջ սերմանել և ամրագրել «թուրքին ներելու» մտայնությունը, որ բարձրաձայնեց իր երբեմնի խորհրդական Արսեն Խառատյանը։

Փաշինյանը դուխով` «բարձր նոտաների վրա», մատ թափ տվեց նախկինների վրա ու վրաերթի ենթարկեց «նախկիններին», թե բա` ի՞նչ եք արել այսքան ժամանակ «ապրիլի 24-ի» հարցով, բացի այն, որ թույլ եք տվել` քաղաքացիները «սեմուշկա չրթելով» բարձրանան Ծիծեռնակաբերդ և աղտոտեն շրջապատը։ Եվ այդքանից հետո դեռ համարձակվում են քննադատել իրեն`երթը չեղյալ հայտարարելու համար, ներկայացնում այնպես, թե «ահա` այս ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է Ծիծեռնակաբերդը, որպեսզի մոռացության մատնի Ցեղասպանության` մեր Ցեղասպանության պատմությունը, և այլն, և այլն` էսպիսի անհեթեթություններ»։

Բայց ինքն ու իր կառավարությունը «10-ով զրո» են արել շահարկողներին, որոնց ինքնությունն, ի դեպ, այդպես էլ չբացահայտեց`ժանրի կանոնների մեջ դա չի մտնում. «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը, և, այո, հակադրեցինք էդ ընկալումը էն հին ընկալումներին, որոնք ես համարում եմ ատկատային ընկալումներ, որովհետև նաև ոմանք չեն խորշել թերևս ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել»։

Ուշադրություն դարձեք` «թերևս»։ Այսինքն` «ատկատների կոնկրետ փաստեր» չունի (ունենար` ատկատ առ ատկատ կպատժեր մեղավորներին) և «հին, բարի ժամանակների» պես (երբ ընդդիմադիր խմբագիր էր, հետո էլ` «թունդ արմատական» պատգամավոր) «օդում կախված» լուրեր է տիրաժավորում ենթադրյալ ատկատների վերաբերյալ` նեղություն չկրելով ասվածը հիմնավորել առարկայական փաստերով։

Ինչո՞ւ ընկնել մանրուքների հետևից, եթե կարելի է ձեռքը խփել սեղանին և հոխորտալ. «Այո՛, ազգային, ազգային ասելով`ավելի քան 25 տարի ազգին թշվառացրել են, ազգին թալանել են, և դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո, ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո։ Ես չեմ հավատում այն մարդկանց, ովքեր ազգային կարգախոսների ներքո, այդ թվում շահարկելով` թեկուզ ընդունելի, փաստացի, ազգին իրենց մատուցած մի շարք ծառայություններ, դա համարել են լեգիտիմություն ազգին նվաստացնելու, ազգին թալանելու, միլիոններ վաստակելու, միլիարդներ վաստակելու, փողեր լվանալու, և, այո, սա մեր ազգայինի ընկալումն է»։

Ինչո՞ւ 3 օր լռելուց հետո է առավոտ-շուտ լայվ մտել։ Ամեն ինչ շատ պարզ է` որպեսզի նոր հայտարարություններով ցրի նախորդ աղմկահարույց հայտարարությունների տպավորությունը, որոնց տակից ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ, և շեղել մարդկանց ուշադրությունը կարևոր հարցերից։ Այս դեպքում`Արցախի շուրջ կամ Արցախի գլխավերևում թանձրացող սև, մութ ամպերից, արտգործնախարար Լավրովի հայտարարություններից, որոնց ավելացավ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե` ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվի սեփական հանրությանը «կռուտիտ» անելու գործելաոճից և խոստովանի`ինչի մասին է բանակցում փակ դռների հետևում։

Հարակից նպատակներ էլ կան, իհարկե։ Օրինակ` ջրել մամուլի՝ իր ընտանեկան թերթի «եկամուտների» աղբյուրների մասին հրապարակումները և նոր բացահայտումների խոստումները, մոռացնել տալ 105 հազար ծաղիկ գնելու և «ժողովրդի անունից» անմար կրակի մոտ «խոնարհելու» պատմությունը`դրանից բխող «ատկատային ռիսկերով» հանդերձ, կորոնավիրուսի դեպքերի ավելացման ահագնացող դինամիկան։

Ի վերջո` զարմանահրաշ փաստը, որ Եվրոպական «հարևանության» ծրագրի շրջանակում գործընկեր երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով տրամադրված 3 միլիարդ եվրոյից «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը ոչինչ չի ստացել` ոչ մի լումա։ Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը