Տնտեսական

22.03.2011 14:51


Թե ինչո՞ւ են Հայաստանից հեռանում

Թե ինչո՞ւ են Հայաստանից հեռանում

Հայաստանի տնտեսական ոլորտում իշխանությունների  ձևավորած հակամրցակցային հարաբերությունները շատ ձեռներեցների ստիպում են երկրից հեռանալ ու փորձել հաջողության հասնել այլ երկրներում:  Նմանօրինակ դժգոհությամբ «7օր»–ին դիմել է մի ձեռներեց գյումրեցի։ Նա չցանկացավ հրապարակել իր անունը, քանզի լուրջ մտավախություն ունի, որ կարող են իր հետ հաշավեհարդար տեսնել:  Գործարարը  երկար տարիներ զբաղվել է մրգի առևտրով ու իրեն բավական հաջողակ է համարել: Սակայն երբ 2008թ. փորձել է անձամբ էկզոտիկ մրգեր բերել Հայաստան և իր ստեղծած ցանցի միջոցով վաճառել, նրան ոստիկանությունը բերման է ենթարկել և բաց տեքստով ասել, թե մյուս անգամ այդ մասին անգամ մտածել չփորձի.

Ինձ ասացին՝ հո դու Լֆիկ Սամոն չե՞ս, որ համարձակվում ես 100 արկղ միրգ բերես Վրաստանից ու ցրես: Համապատասխան մարդիկ կբերեն, դուք գլուխներդ կախ՝ կցրեք իրենց ապրանքը,-ասել է գյումրեցի գործարարը:

Նրա խոսքերով՝ դեպքից հետո իր հետ եղած 2 ընկերը լքել են Հայաստանը. մեկը մեկնել է Իսպանիա, մյուսը՝ Ռուսաստանի Դաշնություն: Սակայն ինքը մնացել է և շարունակել է թելադրված պայմաններով առևտուրը, այնքան ժամանակ, մինչև որ մրգի շուկայում 2010թ. նոր վերադասավորումներ եղան.

–Շուկա մտավ շատ բարձրաստիճան պաշտոնյաններից մեկի եղբայրը ու հիմա մեզ ստիպում է իր համար աշախատել: Ես էլ զզված թողեցի ու դուրս եկա: Չեմ ուզում ուրիշի ճորտ ու իրենց համար ոսկե հավկիթ ածող հավ լինել: Ուզում եմ անձամբ գնալ, ապրանքը բերել ու վաճառել, առավել ևս՝ ես էդ հնարավորությունն ունեմ։ Բայց չեն թողնում, հասկացնում են. «Ընտանիքիդ ու քո ձեռքը հո կրակը չե՞ս ընկել»: «Թուլափայ» են գցում, ասում են՝ ապրի։ Կարող է մի քիչ էլ ավել տան, որ ասենք մեքենա առնես, դրանից ավել ունենալու հնարավորություն չեն տալիս։

Հայաստանը ընտանիքով առաջիկայում լքել պատրաստվող գործարարը հայտարարել է.

Հիմա ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես Հայաստանը լքում եմ նման կեղտոտ հարաբերությունների և այստեղ իմ երեխաների համար հեռանկար չտեսնելու պատճառով: Եվ երբ ես անվտանգ հեռավորության վրա եղա Հայաստանի շատ բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք մոնոպոլիզացրել են այդ բիզնեսը, պատրաստ եմ նորանոր փաստեր հրապարակել այդ ոլորտում տիրող ստրկատիրական ու կեղտոտ բարքերի վերաբերյալ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը