Լրահոս

13.05.2020 12:39


Մենք շատ կոպիտ, գռեհիկ միջամտություն ենք կատարում երեխայի հոգեսեռական, զարգացման մեջ. հոգեբան

Մենք շատ կոպիտ, գռեհիկ միջամտություն ենք կատարում երեխայի հոգեսեռական, զարգացման մեջ. հոգեբան

Համառորեն ուզում են, որ մեր կյանք, մեր իրավական լեքսիկոն ներառվի սեռական կողմնորոշում հասկացությունը։ Այս կոնվենցիայի ընդունմամբ այն մտնում է մեր կյանք և շրջանառվելու հնարավորություն ստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով Լանզարոտիի կոնվենցիային, որին հոգեբանը կտրականապես դեմ է։

Կարինե Նալչաջյանը կարծում է, որ Լանզարոտիի կոնվենցիան Ստամբուլյան կոնվենցիայի շարունակությունն է. «Անհերքելի փաստերի եմ առնչվում, որ այս տիպի կոնվենցիաները, որոնք ուղղված են դեպի ընտանիքը, կին-տղամարդ հարաբերությունները, երեխաները, մարդու իրավունքների շրջանակներում այդ հարցերի քննարկմանը, դրանք ծուղակ են և, ըստ էության, սրանք աշխարհաքաղաքական զենքեր են, հիբրիդային պատերազմներ վարելու զենքեր։ Մարդու հոգեկան աշխարհը, միջանձնային հարաբերությունները սոցիումն ամրապնդող գործոններ են։ Եթե մեզ պետք է ինչ-որ մի պոպուլյացիա կազմաքանդել, պետք է թրերն ուղղել այդ ամրապնդող գործոններին»,-նշեց հոգեբանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ է նշանակում սեռական շահագործման վերաբերյալ ինֆորմացիա տալ օրինակ տարրական դասարանների երեխաներին, Կարինե Նալչաջյանը կարևորեց ուշադրություն դարձնել,թե ինչ փուլում է գտնվում երեխայի հոգեկան զարգացումն այդ տարիքում, ինչի համար է ընկալունակ, իսկ ինչի համար՝ ոչ. «Հոգեբանությանը վաղուց է հայտնի, որ 6 տարեկանը մտնում է հոգեսեռական զարգացման ավելի վաղ փուլի մեջ։ Այդ տարիքում հոգեսեռական զարգացումը գտնվում է այսպես կոչված լատենտ՝ թաքուն փուլում։ Այսինքն՝ այս տարիքում երեխան կարծեք ապասեռական լինի, սա ուղղակի մի նախապատրաստական փուլ է մինչև 7-ից մոտ 10-11 տարեկանը, որպեսզի երեխան անցում կատարի հասուն սեռական զարգացման գենետալային փուլին։ Այսինքն` սա մի փուլ է, որտեղ երեխայի ընկալումները, զգացողությունները դեռևս պատրաստ չեն։ Այսպես` ասած երեխան դեռ շատ անմեղ է այդ տիպի թեմաների մեջ մտնելու համար։

Եթե ուշադրություն դարձնենք այս տարիքի երեխաների վարքին, ապա կտեսնենք, որ նրանք իմացական ինչ-որ հետաքրքրություն առանձնապես չեն դրսևորում իրենց մարմնի նկատմամբ»,-նշեց Կարինե Նալչաջյանը, ում համոզմամբ նմանատիպ ծրագրերի համար գումարներ չեն խնայում, քանի որ դրանք քաղաքական հեռու գնացող նպատակներ են հետապնդում. «Պատկերացնու՞մ եք ինչքան շքեղ, գունագեղ գրքեր կտպվեն, ինչքան գունագեղ պրեզենտացիաներ կարվեն։ Չեմ բացառում, որ տեսական գիտելիքները զուգակցվեն ինչ-որ գործնական պարապմունքներով։ Եվրոպական շատ երկրներում դպրոցներում օրինակ գեյ ակումբներ կան, բայց սա անթույլատրելի է։ Մենք խեղում ենք երեխայի բնական, նորմալ զարգացումը։ Մենք շատ կոպիտ, գռեհիկ միջամտություն ենք կատարում երեխայի հոգեսեռական, հոգեսոցիալական զարգացման մեջ։ Նրան տեղափոխում ենք մի տեղ, որտեղ ինքը դեռ չկա և չպետք է գտնվի»,-նշեց Կարինե Նալչաջյանը։

Վերջինս ասաց, որ հիվանդությունների համաշխարհային դասակարգման մեջ մարդկությանը հայտնի բոլոր հիվանդություններն իրենց դասիչներն ունեն։ Դասակարգման մեջ երկու իրենց դասիչն ունեցող հիվանդությունները հոգեսեռական հիվանդությունների մեջ են մտնում և մինչարբունքային տարիքում երեխայի սեռական զարգացման խեղաթյուրումներ են. «Սա դիագնոզ է, որ թեկուզ լավ մղումներից ելնելով, բայց ոչ գրագետ միջամտություն են կատարում, խեղում են երեխայի հոգեսեռական զարգացումը, սեռական ինքնության խաթարումների են հասցնում։ Եթե այս ամենն անում ենք, ակնհայտորեն երեխային տանում ենք դեպի այն հիվանդությունները, որոնք համար ունեն դասակարգման մեջ։ Եթե մերոնք այսպես հանգիստ խղճով ընդունում են այդ կոնվենցիան, այստեղ պետական մտածողության իսպառ բացակայություն եմ տեսնում»,-ասաց հոգեբանը՝ ընդգծելով, որ պետական մտածողություն ունենալու դեպքում կուսումնասիրվեր համաշխարհային փորձը, այն երկրների փորձը, որտեղ նմանատիպ ուսուցումները ներդրված են և ինչ ազդեցություն են ունեցել։ Հոգեբանը գտնում է, որ երբ երեխայի մոտ այս թեման բացում են, նրանց մոտ այդ նույն սեռական օրգանների նկատմամբ հետաքրքրություն է առաջանում և այս դեպքում Կարինե Նալչաջյանի խոսքով մարմնական կոնտակտներն արդեն դառնում են շատ ավելի հնարավոր։

«Իսկ ո՞վ է ասել, որ 11-12 տարեկանից հետո արդեն կարելի է երեխայի հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել։ Որքան հասկանում եմ կոնվենցիան արդեն դա թույլ է տալիս։ Ոչ միայն մեր ազգային մշակույթում, այլև ցանկացած տեղ վաղ սեռական հարաբերությունները հոգեբանորեն խեղաթյուրում են մարդու բնույթը, էությունը և նույնիսկ արգելք են հանդիսանում հոգեկան զարգացման մյուս ուղղությունների վրա։ Մենք պետք է հարգենք այն, ինչ ունենք, որովհետև դա հոգեբանորեն շատ առողջ է, հակառակ դեպքում արդեն երեխաներին դա կհետաքրքրի և նրանց ուշքն ու միտքը կֆիքսվի գոտկատեղից ներքև պրոբլեմների վրա, ինչի արդյունքում կունենանք ժամանակից շուտ սեռական կյանքով ապրող սերունդ»,-նշեց հոգեբանը։

Կարինե Նալչաջյանը վստահ է՝ ամեն թակարդ իր խայծն ունի։ Այս գեղեցիկ խոսքերի տակ հոգեբանի կարծիքով կազմաքանդ են արվում կարևոր արժեքները, հիվանդացնում են սերունդը։

Այս խորագրի վերջին նյութերը