Մեկնաբանություն

14.05.2020 15:26


Նիկոլ Փաշինյանի ներքին ու արտաքին մեսիջները

Նիկոլ Փաշինյանի ներքին ու արտաքին մեսիջները

Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրթերով ընթերցած հակապետական որոշմամբ Նիկոլ Փաշինյանը, կամա թե ակամա, մի քանի մեսիջ տվեց ներքին ու արտաքին լսարաններին։ Դրանք հետևյալն են՝

1․ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը եղել են ոչ լեգիտիմ մինչև 2018–ի մայիսի 8–ը, այսինքն՝ մինչև այն պահը, երբ Փաշինյանը դարձավ վարչապետ։

2․ Արցախյան պատերազմի հաղթանակը լեգիտիմ չէ, քանզի այն, ըստ Փաշինյանի, կերտել են հանցագործները։

3․ Արցախյան ազատամարտը ստորադասվում է «թավշյա» հեղափոխությանը, ինչից բխում է, որ «հպարտ» քաղաքացու համար ադրբեջանցին բարեկամ է և թշնամիներ պետք է փնտրել բացառապես մեր երկրի ներսում։

Միջին վիճակագրական «Պողոսին» ասվում է, որ հանուն «դասակարգային» պայքարի մարտի 1-ին զոհվելը ողջունվում է և փոխհատուցվում հարկատուների հաշվին, իսկ հանուն Հայրենիքի ադրբեջանցու գնդակից զոհվելն արժեք չի ներկայացնում։

4․ Նիկոլ Փաշինյանը հոգեբանորեն դարձել է Ռոբերտ Քոչարյանի գերին և այդ գերությունից դուրս գալու համար վերածվել «մահապարտի»՝ քրեաքաղաքական ծուղակի մեջ ներքաշելով ամբողջ դատաիրավական համակարգը, ամբողջ պետությունը, միջպետական հարաբերությունները։

Վարչապետն այդպիսով «կազուս բելլի» վիճակ է ստեղծում ներքաղաքական դաշտում։

5․ Վարչապետը ՀՀ ռազմավարական շահերը և ռազմավարական հարաբերությունները պատրաստ է զոհաբերել հանուն իր անձնական շահերի։

6․ Դանիբեկյանի որոշմամբ շատ խորհրդանշական ձևով «այո» ասվեց հակամարտության լուծման տխրահռչակ փուլային տարբերակին։

Եթե Շուշիի ազատագրման օրը դատական նիստ է նշանակվում ազատագրման հետ ուղղակի կապ ունեցող մարդկանց ներգրավմամբ, ապա դրանով կանաչ լույս է վառվում, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» վտարանդի կառավարության ձևավորման ու դրա հետագա գործունեության համար։ Ի դեպ, արտաքին թշնամական ճամբարից քայլերը չուշացան․ Փաշինյանի «իշմարին» արագ արձագանքեցին։

7․ Ամենավերջին «Պողոսի» համար անգամ պարզ դարձավ, որ Հայաստանի դատաիրավական համակարգը բարեփոխվելու փոխարեն խայտառակ ձևով սեփականաշնորհվել է մեկ մարդու կողմից և այդ մեկ մարդը ․․․

Չկա՛ «սահմանադրական կարգի տապալման» կամ 2008թ․ մարտի 1–ի 10 զոհերի բացահայտման գործ։ Կա քաղաքական պատվեր և քաղաքական հետապնդում։

Ռոբերտ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանն ուզում է բանտում սպանել, այլ ոչ թե հասնել արդարադատության։ Փաշինյանն, ըստ այդմ, ներքաղաքական ու սահմանային ցնցում է սադրում։

8․ Դավաճանվեցին «թավշյա» հեղափոխության օրերին հնչած բոլոր կարգախոսները; Սիրո, համերաշխության, վենդետաներ չանելու փոխարեն ստացել ենք ատելություն, թշնամանք և քաղաքական վենդետա։

9․ Կորոնավիրուսային ու սոցիալ–տնտեսական ճգնաժամերը խորանալու են։ Կառավարությունն իր ապաշնորհությունը փորձելու է թաքցնել տեսարանների հետևում։

Քաղաքական ռեպրեսիաները շատանալու են, հացի խնդիրը չի լուծվելու և այս ամենն ավարտվելու է մեծ ցնցմամբ (Փաշինյանն ամեն կերպ փորձելու է մնալ աթոռին)։ Այդ ցնցումը կլինի ներսից, թե դրսից, դժվար է կանխատեսել։ Բայց միանշանակ է, որ ՀՀ իշխանությունն ապահովել է բոլոր պայմանները թշնամու հարձակման համար։ Քանզի հասարակությունը վտանգավորության աստիճանի պառակտված է, իսկ մթնոլորտն անթույլատրելի ձևով թունավորված։ Փաշինյանը դա արել է գիտակցաբա՞ր (ինչպես որոշ գործիչներ են կարծում), թե՞ իր հիվանդ մտածողությունից ելնելով (ինչպես մենք ենք կարծում), արդեն էական չէ։

10․ Ներքաղաքական կյանքում լայն համախմբումն այլընտրանք չունի։ Բոլոր կենտրոնները պետք է առաջնորդվեն «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևով։ Համախմբումը պետք է ներառի իշխանության առողջ հատվածներին, խորհրդարանական ընդդիմությանը, արտախորհրդարանական ուժերին, իրական քաղաքացիական հասարակությանը, բիզնեսի բոլոր շերտերին, սոցիալ–տնտեսական բեռի տակ կքած հանրության լայն զանգվածներին։ Բոլորի՛ն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը