Մեկնաբանություն

15.05.2020 09:55


Մեծն կոմբինատորը մնացել է Քոչարյանի հույսին

Մեծն կոմբինատորը մնացել է Քոչարյանի հույսին

Փաշինյանը չարաչար սխալվեց` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունների «լսումները» նշանակելով մայիսի 8-ին (հուսով եմ, չեք կասկածում, որ «ռազմավարական» կարևորություն ունեցող այդ որոշման հեղինակը սեփական շողքից վախեցած, նոփ-նոր վիրահատված քթի տակից անհանգիստ վնգստացող տիկինը չէր` Աննա Դանիբեկյան անուն-ազգանունով). ճիշտ օր չընտրեց երկու ամսվա «հարկադիր պարապուրդից» հետո Արցախյան ազատամարտը հաղթած պետական այրերին դատարան քարշ տալու» համար։

Թե՛ ներքին լսարանին («դոզայի» տակ գտնվող զոմբիներին), թե՛ թավշյա խեղափոխության արտաքին փայատերերին (Ղարաբաղի հարցը օր առաջ «լուծելու» փորացավով տառապող «կիրթ և կառուցողական» Ալիևին, ամերիկացիներին, Սորոս պապին ու իր վկաներին) հաճոյանալու տեսանկյունից շատ ավելի տպավորիչ կլիներ «բովանդակային քննարկումները» կազմակերպել մայիսի 4-ին կամ 5-ին, իսկ Քոչարյանին «7 կողպեքի տակ պահելու» որոշումը հրապարակել մայիսի 8-ին։ Որպես նույն Փաշինյանի թեթև ձեռքով գործոն դարձած «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ցաված սրտին մխիթարանք։

Գուցե Հեյդարի որդի Իլհամի սիրտը հալվեր «բարեկամական» այդ ժեստից, և էլի մի քանի ամիս ժամանակ տար` պոչ խաղացնելու, «ուխոդ անելու» Լավրովի հայտնի հայտարարությունից հետո Նիկոլին և իր արտգործնախարարին հանգիստ չտվող պնդերես հարցադրումներից` ախպեր ջան, էս ի՞նչ հաշիվ է... բա չիմանա՞նք`ինչ ես բանակցում փակ դռների հետևում։ Կարո՞ղ է մեզնից թաքուն աճուրդի ես հանել Արցախը, ու «սատանի մայլում քյանդրբազություններ ես անում»` փորձելով շեղել հանրության ուշադրությունը մեր հաղթանակները «խուրդելու» և փուլ առ փուլ Ադրբեջանի հետ քիրվայության զոհասեղանին մատուցելու հաղթողական ծրագրից։

Անպատասխան հարցեր, որոնց տակից դուրս գալը գնալով`ավելի ու ավելի է դժվարանում։ Ուղեղ, միտք, փաստերը համադրելու, վերլուծելու տարրական ունակություն ունեցող ցանկացած մեկը արդեն հասկանում է, որ մեզ փորձում են «մատների վրա ֆռռացնել»` ցրել, մոլորեցնել ոչինչ չասող, ոչինչ չպարտավորեցնող անդեմ, անձև, անբովանդակ ձևակերպումներով, որոնց տակ, «կռուտիտի» և «մուտիտի» պարզունակ հնարքներից բացի, ոչինչ չկա. «ինչ պետք է` այն էլ բանակցում ենք», «մեզնից հայրենասեր չլինե՛ք», «ձեր նախարարին չեք վստահում, ուրիշի՞ն եք վստահում», «բացառվում է, որ զիջումների գնանք Արցախի անվտանգության հարցում», և այլն, և այդպես շարունակ։

Հարցնող լինի`որտե՞ղ ենք տեսել սրանց «հայրենասիրությունը», որ մի բան էլ վստահենք ու հավատանք «Արցախի անվտանգությունը չզիջելու» վերաբերյալ հերթապահ հայտարարություններին։ Ինչպե՞ս վստահենք և հավատանք, եթե մինչև հիմա ինչ ասել են` սուտ է դուրս եկել։ Ստում էին, երբ ասում էին` բանակցություններ չկան, միայն`քննարկումներ կարգավորման «առանձին տարրերի» մասին, որոնցից մեկն էլ «հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիներ» ստեղծելն է։ Անամոթաբար ստում էին, երբ հավատացնում էին, որ սեղանին կոնկրետ փաստաթուղթ չկա ու չի եղել, որ հայկական կողմի շահերն առավել քան երբևէ հուսալի ձեռքերում են։ Ավելին` «այս կառավարությունը միակ կառավարությունն է, որ տարածքների (այսինքն`տարածքներ հանձնելու) հարց չի քննարկում», «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի մասին էլ առաջին անգամ է լսում։

Այդ «հայրենասիրության» ամենաշոշափելի և տեսանելի հետևանքը Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելը չէ՞ր` շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և մոնիտորինգի հնարավորություններն ընդլայնելու միջնորդների ստորագրությամբ ամրագրված գրավոր համաձայնությունը «քիչ կրակելու» վերելակային պայմանավորվածությամբ փոխարինելը և բանակցային ստատուս-քվոն երիցս մերժելի «փուլային կարգավորման» ակունքներին վերադարձնելը։ Ամենացցուն դրսևորումն էլ` փուլայինը պատմության աղբանոց նետելու խորհրդանիշ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով մեկուսացնելը, որպես «երաշխիք», որ 98-ի նախադեպը չի կրկնվի. չկա մեկը`Հայաստանում և Արցախում, որ կարող է խանգարել հարցը Ադրբեջանի ուզածով «լուծելու» պլանային առաջադրանքի կատարմանը։

Բայց Փաշինյանն այս դեպքում էլ չարաչար սխալվում է, որովհետև, ինչքան ավելի փութաջանորեն է կախվում Քոչարյանի ազատազրկումը հնարավոր ու անհնար, թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով երկարաձգելու փրփուրներից, այնքան ակնհայտ է դառնում անգամ քաղաքականապես իներտ շրջանակների համար` Քոչարյանի մեկուսացումն է այն «փրկագինը», որի դիմաց երկրիս թիվ 1 «փաշիստը» հույս ունի ստանալ մի կողմից` իր զոմբիների, մյուս կողմից`Հեյդարի որդի Իլհամի «լոյալությունը», և ևս մի քանի տարի պահել այլևս մազից կախված իր անփառունակ իշխանությունը։

Կստանա՞, թե՞ չէ` այլ խնդիր է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը