Հարցազրույց

24.03.2011 14:33


Հրաչիկ Ջավադյան.

Հրաչիկ Ջավադյան.

Հարցազրույց Ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանի հետ

–Ինչպե՞ս կգնահատեք գյուղատնտեսության վիճակը։ Ի՞նչ խնդիրներ կան։

–Գյուղատնտեսության վիճակն այսօր կարելի է գնահատել ոչ բավարար, քանի որ մի շարք խնդիրներ կան, որոնք առնչվում  են գյուղատնտեսության զարգացմանը։ Մասնավորապես՝ սերմերով, տեխնիկական միջոցներով ապահովության, գյուղացիական տնտեսությունների շրջանառվող միջոցներով ապահովելու հետ կապված, ինչպես նաև ոռոգման ջրերի հետ կապված՝ սակագների մակարդակի բարձր լինելու առումով։ Ես կարծում եմ, որ այսօր մեր հողածածկերի օգտագործման հետ կապված՝ բավականին խնդիրներ կան, մասնավորապես՝ լեռնային և նախալեռնային շրջաններում գյուղատնտեսությունը արդյունավետ վարելու տեսակետից։ Այսօր լեռնային և նախալեռնային շրջանների գյուղատնտեսություններում գյուղացիական արտադրությունը արդյունավետ չէ, որովհետև մշակաբույսերի բերքատվությունը շատ ցածր է։

–Կառավարությունը գյուղատնտեսության խնդիրները հիմնականում կապում է բնակլիմայական վատ պայմանների հետ։ Այդպե՞ս է, թե՞ այս իրավիճակը վատ կառավարման հետևանք է։

–Գյուղատնտեսական արտադրության վրա շատ գործոններ են ազդում, այդ թվում՝ բնակալիմայական պայմանները, բայց ամեն ինչ բարդել բնակլիմայական պայմանների վրա, կարծում եմ, ճիշտ չէ։ Եթե ունենան համակարգված, համալիր միջոցառումներ սերմնացանին, մենք կարող ենք նաև բնակլիմայական պայմաններից առաջացող վնասների դեմն էլ առնել։ Բայց այսօրվա դրությամբ՝ մենք լուծում ենք միայն իրավիճակային խնդիրներ։ Իսկ իրավիճակային խնդիրներն արդյունավետ կարող են լինել միայն ժամանակավորապես, մինչդեռ գյուղատնտեսությունը պահանջում է համալիր մոտեցում, որպեսզի կարողանան դիմակայել։ Գյուղատնտեսային արտադրության իրացման, վերամշակման բոլոր ծայրերում համաձայնեցված մետեցում պետք է լինի։ Ընդ որում, մի շարք գործընթացներ պետք է արվի՝ վարկային, հարկային մեխանիզմներ մտցնելը։ Իսկ մենք հիմա լուծումներ ենք տալիս՝ իրավիճակից ելնելով։

–Տարբեր ոլորտների մասնագետներ նշում են, թե իրենց ոլորտներում կառավարության քաղաքականությունը ձախողվել է։ Գյուղատնեսության մե՞ջ էլ է այդպես։

–Ես կարծում եմ, որ մասնագետների նման մոտեցումները ճիշտ չեն, երբ ասում են, որ ձախողում է եղել այսինչ ոլորտում։ Դուք տեսնում եք, որ բավականին առաջընթաց կա բոլոր գյուղերում՝ լինի արտադրության, սպասարկման, թե ենթակառուցվածքների ոլորտներում։ Իհարկե, հարցեր կան, ունենք որոշակի խնդիրներ, իսկ այդ խնդիրները քայլ առ քայլ լուծվում են պետության կողմից՝ հարկային վարչարարությամբ, մաքսային, ապահովագրական համակարգի ներդրմամբ, տեխնիկական խնդիրների ապահովմամբ։ Շատ խնդիրներ կան, բայց դեռևս հնարավորությունները սահմանափակ են, և հնարավոր չէ ամեն ինչ միանգամից անել։ Ասել, թե ձախողված է, ես կարծում եմ, դրանք այն տնտեսագետներն են, որոնք չգիտեմ, թե ինչ մտածելով են ասում։ Ես, համենայնդեպս, այդ կարծիքին չեմ։

Պարո՛ն Ջավադյան, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ջրի խնդիր ունեցող գյուղում արած այն հայտարարությանը, թե գյուղացին կով կթելիս չի պահպանում հիգիենայի կանոնները, և որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։

–Մարդ ինչքան ապրում, որքան որ աշխատում է, այնքան սովորելու տեղ ունի։ Եթե գյուղացին ասում է, թե ամեն ինչ գիտի, չարաչար սխալվում է։ Գյուղացին սովորելու դեռ այնքա՜ն բան ունի։ Նկատի ունեցեք հետևյալը. որ անկախ նրանից, թե ինչպիսի արտադրությամբ է զբաղվում, գյուղացին անդադար սովորելու տեղ ունի։ Թող չասեն, թե ամեն ինչ գիտեն։ Կով կթելը արվեստ է, այլ ոչ թե արհեստ։ Նկատի ունեցեք, որ նրանք գործ ունեն կենդանի օրգանիզմի հետ, և թող չասեն, որ վարչապետը... Բոլորը պարտավոր են սովորել և մարդկանց սովորեցնել իրենց իմացածը։

–Հասկանալի է, թող սովորեցնեն։ Բայց ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այդ հայտարարությունն արվում է մի գյուղում, որտեղ անգամ խմելու ջրի լուրջ խնդիր կա։

–Ես տեղյակ եմ  ամբողջ հանրապետության տարածքից և գիտեմ, որ չի կարող պատահել, որ ջուր չլինի։ Այլ բան է, որ բավարար մակարդակով չկա խմելու ջուր, այլ բան է, որ որակյալ ջուր չկա, այլ բան է, որ այդ ջուրը ժամանակավոր է մատակարարվում։ Բայց չկա մի համայնք, բացի մեկ–երկու համայնքից Բաղրամյանի շրջանում, որ ջուր չկա։ Արագածոտնում ջրի պաշարներ կան, և այնտեղ խմելու ջուր կա։ Թող այդպիսի բան չասեն։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ապա ասեմ, որ և՛ վարչապետը, և՛ մենք սովորելու շատ բան ունենք։ Իսկ գյուղացին այնքա՜ն բան ունին սովորելու։ Եթե ժամանակ ունենաք և ուսումնասիրեք, ապա կտեսնեք, որ գյուղացին ո՛չ ջրել գիտի, ո՛չ համապատասխան տեխենոլոգիաներ։ Մենք պարտավոր ենք նաև նրանց հուշել, որ սովորեն։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը