Աշխարհ

19.05.2020 20:40


Կարճատեսությունը պատնեշ չէ․ ֆուտբոլիստներ՝ ովքեր ունեն տեսողության խնդիրներ (լուսանկար)

Կարճատեսությունը պատնեշ չէ․ ֆուտբոլիստներ՝ ովքեր ունեն տեսողության խնդիրներ (լուսանկար)

Լավ ֆուտբոլիստ լինելու համար անհրաժեշտ է լավ ֆիզիկական պատրաստվածություն, դա գաղտնիք չէ։ Իսկ լավ տեսողությունը ևս պարտադի՞ր է։ Կարծում ենք՝ ո՛չ։ Եվ դրանում համոզվելու համար առաջարկում են վերհիշել այն ֆուտբոլիստներին, ովքեր ունեցել են տեսողական խնդիրներ իրենց կարիերայի ընթացքում։

Էդգար Դավիդս

Շատերը լեգենդար նիդերլանդացուն հիշում են որպես՝ այն ակնոցներով ֆուտբոլիստը․․․ Սակայն ֆուբոլիստը աչքի էր ընկնում ոչ միայն այդ աքսեսուարով․ նա նաև շատ որակյալ ֆուտբոլ էր ցուցադրում խաղադաշտում։ Դեռ 1995թ-ին Դավիդսի մոտ բժիշկները հայտնաբերում են գլաուկոմա և նրա՝ ակնոցներով խաղալու թույլտվության որոշումը հասնում է մինչև ՖԻՖԱ։ Արդյունքում, ֆուտբոլիստին թույլ են տալիս խաղալ հատուկ ակնոցներով։ 2001թ բժիշկները հաստատեցին, որ Դավիդսի մոտ աչքերի հետ կապված խնդիրը նահանջել է, սակայն նա այնքան էր սովորել իր ակնոցներին, որ նախընտրեց մինչև իր կարիերայի ավարտը հանդես գալ դրանցով։ Եվ այդ ամենը թույլ տվեց Դավիդսին նույնիսկ մեծ գումարներ վաստակել՝ կրելով այս կամ այն ընկերության արտադրած ակնոցները․ բազմաթիվ ակնոց արտադրող բրենդներ դիտարկում էին Դավիդսին որպես գովազդային հարթակ և մեծ գումարներ առաջարկում նրան, որպեսզի նա կրի հենց իրենց արտադրանքը։


Մարիո Բալոտելի

Իտալացի հարձակվողը տեսողության հետ կապված խնդիրներ ունի դեռ մանկուց։ Ներկայումս, խաղադաշտից դուրս, հաճախ կարելի է ֆուտբոլիստին տեսնել ակնոցներ կրելիս, սակայն խաղալիս Մարիոն նախընտրում է կրել օպտիկական լինզաներ, չէ՞ որ հաճելի չի լինի մրցակցի հետ գնդակի համար պայաքարելիս հանկարծակի կորցնել ակնոցները խաղադաշտում․․․ կամ, օրինակ, գնդակին գլխով հարված կատարել։ Համենայն դեպս, լինզաների շնորհիվ Բալոտելին իրեն ամբողջովին լիարժեք է զգում խաղադաշտում և շատ հաճախ աչքի է ընկնում դիպուկությամբ նույնիսկ հեռու տարածությունից։


Կակա

2007թ Ոսկե գնդակի դափնեկիրը երբեք չի թաքցրել, որ խնդիրներ ունի տեսողության հետ: Ինպես մեր նախորդ հերոսը, նա ևս հանդիպումներին մասնակցում էր՝ օպտիկական լինզաներ կրելով։ Մի անգամ Կական պատմել էր, որ «Միլանի» հանդիպումներից մեկի ժամանակ նրա լինզան ընկել էր և կորել, և նա մի քանի րոպե փնտրում էր այն խոտածածկին։ Իսկ ահա խաղադաշտից դուրս հաճախ կարելի էր տեսնել բրազիլացուն ակնոցներ կրելիս։ Ներկայումս նախկին ֆուտբոլիստը աչքերի վիրահատություն է կատարել և ամբողջովին բուժել է և՛ կարճատեսությունը, և՛ աստիգմատիզմը։


Մարեկ Համշիկ

Խաղադաշտից դուրս «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստին գրեթե միշտ կարելի է տեսնել ակնոցներով, սակայն ֆուտբոլիստը վստահեցնում է, որ խաղալիս լինզաներ չի կրում: Հետաքրքիր է՝ ո՞նց է նրա մոտ ստացվում այդպիսի ճշգրիտ փոխանցումներ կատարել․․․


Ժերոմ Բոատենգ

«Բավարիայի» գերմանացի պաշտպանը ևս ունի կարճատեսություն: Ժերոմը ֆուտբոլ է խաղում բացառապես կոնտակտային լինզաներով, իսկ խաղադաշտից դուրս հազվադեպ ենք տեսնում նրան առանց ակնոցների:

«Ես տանը ունեմ մոտ 13-14 ակնոցներ», – ասել է Բոատենգը instyle.de-ին տված հարցազրույցում։

Բոատենգն արդեն 7 տարեկանից սկսել է կրել ակնոցներ: Նա շատ էր անհանգստանում իր դասընկերների ծաղրանքից, ուստի երկար ժամանակ գնում էր դպրոց առանց ակնոցների․ տունը լքելիս նա պարզապես նետում էր այն փոստարկղը:


Յան Կոլեր

Չեխ հսկային մենք հաճախ չենք տեսել ակնոցներով, չնայած կարող էինք: 2009 թվականի ապրիլի 5-ին գաղտնիքը բոլորին բացահայտեց «Կռիլյա Սովետովի» այն ժամանակվա մարզիչ Լեոնիդ Սլուցկին: «Լոկոմոտիվի» դեմ խաղի ժամանակ չեխ հարձակվողն առանց որևէ պատճառաբանության գնաց հանդերձարան և մոտ երեք րոպե անց նա կրկին մտավ խաղադաշտ:

«Կոլերը խաղում է կոնտակտային լինզաներով, և եթե դրանք դուրս են գալիս, ապա նա չի կարող խաղալ առանց դրանց: Լինզաներ փոխելը պահանջում է որոշակի հիգիենա, ուստի մեր հարձակվողը ստիպված էր վերադառնալ հանդերձարան», – ասել է Սլուցկին՝ բացատրելով տեղի ունեցածը:

Թույլ տեսողությունը չի խանգարել Կոլերին 15 տարվա ընթացքում խաղալ ամենաբարձր մակարդակում և շատ գոլեր խփել, ու մեծ մասը՝ գլխով:


Աննիբալե Ֆրոսի

Դավիդսի ակնոցները ժամանակակից և շատ հարմարավետ էին, բայց 1930-ականների իտալացի աստղ Աննիբալե Ֆրոսին ստիպված էր դաշտ դուրս գալ ամենասովորական ակնոցներով: Հարձակվողը գլխով փորձում էր չխաղալ, սակայն նրա ոտքերը շքեղ էին գործում. 1936 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի եզրափակչում նրա դուբլը Իտալիայի հավաքականին թույլ տվեց նվաճել ՕԽ ոսկին:


Էդվին Վան դեր Սար

Դարպասապահների համար լավ տեսողություն ունենալը շատ կարևոր է։ Սակայն Վան դեր Սարը այդ առումով չի կարող պարծենալ։ Ինչպես խոստովանում է ֆուտբոլիստը, նա հանդիպումների ժամանակ երբեք չի կրել օպտիկական լինզաներ, ինչն էլ, չնայած ոչ հաճախ, սակայն երբեմն հանգեցրել է անհեթեթ սխալների։ ՄՅՈւ-ի լեգենդար դարպասապահը մի անգամ ասել է, որ իր լավ խաղի գաղտնիքը բարձր հասակի և ֆենոմենալ ռեակցիայի մեջ է։


Լուկաս Գրադեցկի

Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Լուկաս Գրադեցկին խոստովանել է, որ «Բավարիայի» հետ խաղի առաջին կեսում լուրջ դժվարությունների է ենթարկվել: «Առաջին կեսում ես կորցրեցի իմ կոնտակտային լինզաները: Ընդմիջումից առաջ, 20 րոպեների ընթացքում ես գրեթե ոչինչ չէի տեսնում: Փորձեք մի աչքով խաղալ «Բավարիայի» դեմ», – դարպասապահի խոսքերը մեջբերում է Goal-ը։ Ի դեպ, «Բայերը» հաղթեց այդ խաղում «Բավարիային» 2-1 հաշվով, իսկ հյուրերի միակ գնդակը խաղի 34-րդ րոպեին գրանցվեց, հենց այն ժամանակ, երբ Գրադեցկին կորցրել էր լինզան։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը