Մեկնաբանություն

19.05.2020 23:25


Խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է

Խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է

«Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է, որովհետև եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա` 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից։ Սա նշանակում է, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից։ Մեր խնդիրն է` թեստավորել մարդկանց, հաստատված դեպքերը բուժել, մեկուսացնել շրջանակները, ապա առողջացած դուրս թողնել։ Այս գործողությունները կարող ենք անել այնքան, քանի դեռ ուժ ունենք։ Երբ ազգովի, երկրով մեկ ուժասպառ կլինենք, այս գործողություններից որոշներն արանքից կհանենք`մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացումը չենք անի, որովհետև անիմաստ կլինի` տարածումը շատ, շատ, շատ մեծ կլինի»։

Խուճապային այս տրամադրությունները տարածում էր առողջապահության ոչ բարով նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում` ապրիլի 10-ին, երբ վարակակիրների թիվն ամեն օր ավելանում էր տասնյակներով, ոչ հարյուրներով, ծանր, ծայրահեղ ծանր հիվանդների թիվն էլ չէր տվել-անցել 100-ի նշաձողը, ինչպես այսօր։ Խաչն իրենն էր, ինքը գիտեր` ինքը, իր վարչա(հրամայապետը) և պարետը ի՜նչ փորձանք են բերելու գլխներիս իրենց բացարձակ ապաշնորհ, անձեռնահաս, ապիկար «հակաճգնաժամային կառավարմամբ»։

«Կորոնավիրուսն ում շունն է» ասելով` բթացրին մարդկանց զգոնությունը, հասան նրան, որ վարակն առաջանցիկ տեմպերով աճեց ու բարգավաճեց (շա՜տ կարևոր գործի վրա էին` մարզից մարզ, փողոցից փողոց ընկած` «Այո» էին քարոզում)։ Հետո, ո՛չ դես, ո՛չ դեն, որոշեցին արտակարգ դրություն մտցնել` «կանգնեցրին» և կաթվածահար արեցին տնտեսությունը։ Բայց քանի որ արտակարգ դրությունը սիմվոլիկ բնույթ էր կրում` Փաշինյանն իր անձնական օրինակով ցույց էր տալիս, որ պետք չէ դրան լուրջ վերաբերվել, շարունակում չափչփել փողոցները` առանց դիմակի, ազատորեն անկաշկանդ շփվելով անցորդների հետ, կուտակումներ ստեղծելով իր շուրջ, վարակը չէր նահանջում։ Հակառակը` նոր բնագծեր էր նվաճում։ Կինն էլ բուկլետներ էր բաժանում անցորդներին։

Այս պայմաններում Նիկոլը պատասխանատվությունն իր վրայից գցելու մաստեր-կլաս ցույց տվեց. կորոնավիրուսից տուժածներին ցուցաբերված խորհրդանշական օգնությունը թանկ էր նստել «ընտանեկան» բյուջեի վրա, և պետք էր նոր բան հորինել։ Ու հորինեց` մոռացավ կորոնավիրուսային հեղափոխության` հին աշխարհը քանդելու, դրա ավերակների վրա կորոնավարակահեն նոր աշխարհ կառուցելու մասին, և որոշեց շտապ «վերագործարկել» տնտեսությունը. մի կողմից` ևս մեկ ամսով երկարացրեց արտակարգ դրությունը, մյուս կողմից` վերացրեց բոլոր կամ գրեթե բոլոր սահմանափակումները, անունը դրեց` կորոնավարակի դեմ պայքարի ապակենտրոնացման քաղաքականություն (տակը մնաց հավաքների ազատության արգելքը՝ որպես այսուայնտեղ բռնկվող տարերային բողոքի ակցիաները ճնշելու ուղիղ ճանապարհ

Հայերեն ասած` ձեռքերը լվաց, մի կողմ կանգնեց` կորոնավիրուսի հետագա «առաջխաղացման» ողջ պատասխանատվությունը դնելով տնտեսավարողների և հպարտ կամ ոչ այնքան հպարտ քաղաքացիների վրա` ազդարարելով, որ խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է։ «Արդյունքները» չուշացան` վարակակիրների թիվն սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով. երեկ առաջ Հայաստանը նոր ռեկորդ սահմանեց` կորոնավարակի 351 նոր դեպք (10-ով ավելի, քան 80 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիայում), այսօր, եթե հավատալու լինենք կորոնավիճակագրությանը` «ընդամենը» 218, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում «երջանիկ պատահականությամբ» մեկ դեպք էր գրանցվել։

Եղավ այն, ինչ «կանխատեսում» էր Թորոսյանը` իրավիճակը վերջնականապես դուրս է եկել վերահսկողությունից, դարձել անկառավարելի։ Նիկոլն ու իր թրաշամանուկներն «ուժ (կամ դուխ) չունեն»`դուրս գալու իրենց «աճեցրած» ճգնաժամի տակից։ Պետք է նոր «լուծում» գտնել ստեղծված իրավիճակից` աղետի ահագնացող տեմպերը թաքցնելու և վարակակիրներին ստացիոնար պայմաններում բուժօգնություն ցույց տալու տհաճ պարտականությունից խուսափելու համար։ Եվ «լուծումը» գտնվել է։

Հիմա էլ որոշել են պատասխանատվությունը դնել «քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների հարգելի բուժաշխատողների» ուսերին։ Ինչպես ՖԲ իր էջում «ավետեց» Արսեն Թորոսյանը, կառավարությունը որոշել է թարմացնել կորոնավարակի դեմ պայքարի «ռազմավարությունը». «Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում։ Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է»։

Պարզ ասած` հիվանդանոցներում բոլորի համար տեղ չկա. ստացիոնարի ուղեգիր կստանան միայն «ծանր» և «ծայրահեղ ծանր» հիվանդները, իսկ «անախտանիշները» թո՛ղ հանգիստ նստեն տանը և տապակվեն «սեփական յուղի» մեջ. ինքնուրո՞ւյն, թե՞ պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողների օգնությամբ` կարևոր չէ։

Կարևորը` որ հույս չդնեն կառավարության, անձամբ վարչա(հրամայա)պետի և առողջապահության նախարարի վրա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը