Մեկնաբանություն

20.05.2020 21:05


Ով է Փաշինյանին իրավունք տվել այդ տոնով խոսել քաղաքացիների հետ

Ով է Փաշինյանին իրավունք տվել այդ տոնով խոսել քաղաքացիների հետ

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրապարակային հիստերիկաներն ու «լայվային» գոռգոռոցներն արդեն անտանելի են դառնում: Որպես երևույթ՝ չբավարարված չարության և ագրեսիայի, անհավասարակշռության ու զայրույթի ցուցադրական պոռթկման այդ դրսևորումները, իհարկե, վանող են և, միաժամանակ, տխրեցնում ու սաստկացնում են մտահոգությունները:

Չէ, վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կամ նրա հետագա ընթացքի համար չէ, որ արժե տխրել կամ մտահոգվել, այլ մեր հասարակության ու երկրի:

Դա ի՞նչ խոսելաոճ է, դա ի՞նչ պահվածք ու վարք է: Ով է Փաշինյանին իրավունք տվել այդ տոնով խոսել քաղաքացիների հետ, հասարակության հետ: Ով է նրան «մոլորության մեջ գցել», թե ինքը կարող է կամ իրավունք ունի գոռգոռալ մարդկանց վրա: Գուցե մեկնումեկը նրան հուշի՞, որ ինքը ՀՀ վարչապետի պաշտոնում է դեռևս, այլ ոչ թե իր թերթի խմբագրությունում կամ իր կուսակցության ժողովում: Երևի հուշել պետք է, որովհետև Փաշինյանն օրերս «մոռացկոտության» փայլատակում ունեցավ, ասելով, թե չի հիշում, որ «պինցետի» մասին բան ասած լինի:

Հիմնականը, բնականաբար, անընդունելի և խայտառակ տոնն ու խոսելաձևն են: Դեռ ճապաղ բովանդակությունը՝ մի կողմ:

Այո՛, իշխանությունը միայն կարամել չէ: Իշխանության «ադամանդի» վրա ծովաբողկային «նիստեր» էլ կան: Դառը ու կծու «նիստեր» էլ: Ու դեռ հարց է, թե որոնք են ավելի շատ՝ քաղցածո՞ր, թե՞ դառնաղի նիստերը: Բայց դրանից դեռ չի հետևում, որ եթե մեկը, թեկուզ քաջնազարաբար դարձել է պետության ղեկավար, ապա իրավունք ունի այդպես «ուղիղ եթերով» գոռգոռալ մարդկանց վրա, իր ագրեսիան բառահեղեղով լցնել հասարկության գլխին:

Բարկացե՞լ է, ինչպես մեր նախնիներն էին ասում, թող ոտքերը սառը ջրի մեջ դնի, եթե ուզում է, թող մի կուժ թան խմի՝ դինջանա: Սա ի՞նչ երևույթ է, այ մարդ: Սա երկրի ղեկավարի ի՞նչ պահվածք է, վերջապես: Բավակա՛ն է արդեն: Այդ անհավասարակշռության, նման խախուտ հոգեվիճակի տեր ա՞նձն է պետության ու ժողովրդի համար կենսական ու ճակատագրական որոշումներ ընդունողը: Բա որ եթե, Աստված մի արասցե, վաղը շատ ավելի բարդ իրավիճակ ստեղծվի, ի՞նչ է լինելու նրա վիճակը: Ամենակարևորը՝ ի՞նչ է լինելու պետության ու հասարակության, ժողովրդի՛ վիճակը:

Տրամաբանորեն հասկանալի է, որ որևէ անպատասխանատու գործչի համար ծանր է պատասխանատվության անխուսափելիության գիտակցումը: Ինչպես ծանր է այն բանի գիտակցումը, որ սեփական վարչական բոբիկությունը, գաղափարական սնանկությունը, սահմանափակ ընկալումն ու, այսպես ասեմ՝ «արքայի մերկությունը» պարզորոշ տեսանելի են շատերին:

Ասում են, որ մարդուն ամենից լավ բնորոշում են նրա պահվածքը, գործերն ու խոսքը: Եթե մարդը նաև ղեկավար է, ապա գոռգոռացող ղեկավարը դրանով մատնում է իր թուլությունը, մատնում է կառավարելու անկարողունակությունն ու նաև՝ վախերը: Իր ուժերը, հնարավորություններն ու իրավիճակները սթափ գնահատող, խնդիրները պատկերացնող և լուծումներն ընկալող, անելիքը իմացող կառավարիչը գոռգոռալու, հոխորտալու, ոչ միայն ենթակաների վրա, այլև առհասարակ, մատ ու լեզու թափ տալու կարիք չունի: Գոռգոռոցը հեղինակազրկում է, այլ ոչ թե հեղինակություն հաղորդում:

Դեռ չասած այն մասին, որ նման հուզական բռնկումները, մանավանդ, երբ դրանք «դերասանություն անելու» հետևանք են, կոնտրպրոդուկտիվ են՝ հակաարդյունավետ:

«Սեր ու համերաշխություն» ասելով՝ չարություն ու ատելություն է, որ ցնցուղում եք արդեն երկու տարի: Ավելի ճիշտ՝ ոչ միայն երկու տարի, բայց վերջին երկու տարին՝ պետության ղեկավարման բարձր դիրքերից:

Այդպես կարելի է վերջնականապես կազմաքանդել պետություն ասվածն ինքին ու խառնամբոխել հասարակությունը:

Մի 5 տարի առաջ, այդպիսի խոսք հնչեց, թե՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Դա ոմանք ընկալեցին որպես կարգախոս ու ջանքեր չխնայեցին այն իրականություն դարձնելու համար: Ու, ինչպես տեսնում ենք, հասան հաջողության...

Առհասարակ, մի քիչ թումանյանական ոճով ասած՝ կրկեսը լավ բան է, որպես թատերարվեստ, բայց անտանելի և կործանարար է, որպես կառավարման կարգ ու բնակչության առօրյա հասարակական-քաղաքական-տնտեսական-իրավական-սոցիալական անցուդարձ:

Այսօր մի բան էլ ուշացած կհնչի, բայց պետք է գիտակցել, որ մենք պետության վերածելու շիլաշփոթ ունենք:

Հա, ու եթե մոռացել են, ապա պետք է հիշեցնել, որ մարդիկ Փաշինյանի հպատակները չեն, այլ գործատուները: Հասարակությունը վարչապետի տնվորը չէ, որ նա մարդկանց վրա գոռգոռա, այդ ի՛նքն է հասարակության ու պետության տնվորը, ի դեպ ասած:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը