Մեկնաբանություն

27.05.2020 23:00


Ինչո՞ւ է շտապում Փաշինյանը. ձեռուոտ է ընկել, որ ի՞նչ անի

Ինչո՞ւ է շտապում Փաշինյանը. ձեռուոտ է ընկել, որ ի՞նչ անի

Նիկոլ Վովայիչն, իհարկե, ոչ մի րոպե չի կասկածել Սահմանադրական դատարանը վայրկյան առաջ առաջ բուդկի պես սեփականաշնորհելու «հրամայական» անհրաժեշտությանը և երբեք չի հրաժարվել այդ սևեռուն գաղափարից։

Այլ բան է, որ ճակատագրի քմահաճույքով` իրենից չկախված «անկանխատեսելի» հանգամանքների բերումով, ստիպված էր հետաձգել ՍԴ-ն ծալելու, գրպանը դնելու պատմական պահը. աչքը ջուր է կտրել` սպասելով, թե երբ է կորոնավիրուսը «վեշերները» հավաքելու, թռնելու «հեղափոխական նոր Հայաստանից», որտեղ իրեն շատ հարմարավետ է զգում, որ վերջապես կարողանա անցկացնել էդ անտեր հակասահմանադրական հանրաքվեն, ազատվի թշնամական «հին» կադրերից ու նշանակի իր սրտի «դատավորներին»։ Էլ չի ուզում սպասել` կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ խառնի Մեծն կոմբինատորի խաղաքարտերը։

Եվ հետո, ի՞նչ երաշխիք, թե հանրաքվեն չի տապալվի`«հեղափոխական էյֆորիայից» դուրս եկող հպարտ քաղաքացին վստահության քվե կտա կորոնավարակի դեմ պայքարը փառավորապես ձախողած թավշաբռնապետական ռեժիմին` լրումին հասցնելու «ՍԴ բռնազավթում» օպերացիան։ Ինչ խոսք, կեղծիքների զինանոցը, ոնց էլ լինի`կանի իր սև գործը, բայց դե, ի՞նչ իմանաս` մեկ էլ տեսար, էլի «խիյարը» թարս բուսնեց, և խոփը քարին դեմ առավ. փնթի բաներ են` ո՞ր մի սկսած գործն են մինչև վերջ հասցրել, որ էս մեկը հասցնեն «հաղթական ավարտին»։

Չար լեզուներն ասում են, որ վերացնելով գրեթե բոլոր սահմանափակումները` արտակարգ դրությունը հերթական անգամ երկարացրել են, որ, մի կողմից` արգելեն բողոքի ցույցերը, մյուս կողմից, չեղարկեն հանրաքվեն ու վերադառնան ՍԴ ուզուրպացման նախնական սցենարին։

Այն է`հակասահմանադրական նոր նախագիծ բերել խորհրդարան, ստանալ ԱԺ գրպանային մեծամասնության համաձայնությունը` եթե ոչ ՍԴ 7 դատավորներին «փաթեթով» հրաժարեցնելու, ապա առնվազն մի քանիսից ազատվելու, Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից ազատելու և յուրային պոլի փեդերից մեկով փոխարինելու հարցում` թքած ունենալով Սահմանադրության վրա։ Սահմանադրությունն ո՞ւմ շունն է, որ կաշկանդի Նիկոլին։ Մեխն էլ է իր ձեռքին, «չաքուջն» էլ` ինչ ուզի, կանի, երբ ինչ օրենք ուզի` ընդունել կտա... մինչև կգա «անտառապահը», ձեռքը կխփի սեղանին և իրեն էլ, իր գրպանի ագրեսիվ մեծամասնությանն էլ «հեռու մի տեղ» կուղարկի։

Եվ, որպեսզի այս անգամ էլ չկանգնեն նույն փոցխի վրա` Վենետիկի հանձնաժողովից և ԵԽԽՎ համազեկուցողներից դեղին քարտ չստանան Սահմանադրությունը «ոտի չուլ» դարձնելու համար, դիմել էին Վենետիկի հանձնաժողով. եթե հիշում եք, 10-12 օր առաջ «անոնսը» տվեցին, թե բա` հարցեր ենք ուղղել Վենետիկի փորձագետներին, սպասում ենք եզրակացությանը` ոնց անենք, ինչ անենք, ինչպես հանգուցալուծենք Նիկոլի անհաղթահարելի «փորացավը», որ հա՛մ ոչխարները սաղ մնան, հա՛մ գայլերը կուշտ լինեն։

Բայց շա՜տ անհամբեր են։ Այնքան են շտապում, որ չսպասելով պատասխանին, հրատապ քննարկման առարկա դարձրին «Իմ քայլի» վաստակավոր սահմանադրախախտ`Նիկոլի մոտ ժամանակին լրագրություն անող Վահագն Հովակիմյանի «հեղինակած» օրենքի նախագիծը, որով սա առաջարկում է Ազգային ժողովին Սահմանադրությամբ չամրագրված նոր լիազորություն` արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում նախագահի հրամանագրով նշանակված հանրաքվեն չեղարկելու իրավասություն շնորհել։

Ո՞ւր են «վռազում», ո՞վ է ընկել հետևներից, երևի պետք չէ բացատրել։ Պարզապես արձանագրենք, որ մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը պատրաստվում է հրապարակել իր կարծիքը ՍԴ հայտնի դիմումի` Ռոբերտ Քոչարյանի վրա քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի («սահմանադրական կարգը տապալելու») հատկանիշներով կարված մեղադրանքի սահմանադրականության վերաբերյալ. մի բան, որ կարող է լուրջ խնդիր դառնալ Նիկոլի համար։

Եվ ուրեմն` ժամանակը չի սպասում. պե՛տք է հնարավորինս սեղմ ժամկետում «լուծել» Սահմանադրական դատարանի հարցը`վերջնականապես կաթվածահար անել ՍԴ աշխատանքը, կապել դատավորների ձեռքերը և զրկել ամիսներ շարունակ ձգձգվող այդ «դարակազմիկ» գործով որոշում կայացնելու հնարավորությունից։ Ինչն էլ իրավական բեսպրեդելի ռուբիկոնը վաղուց անցած ԱԺ վնգստացող մեծամասնությունը փորձում է անել` չմտածելով հետևանքների մասին։

Մի հոդված ավել, մի հոդված պակաս`մեկ է, դրանից, մեծ հաշվով, շատ բան չի փոխվում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը