Մեկնաբանություն

02.06.2020 23:15


Խորհրդարանական «զիլինա». վատ պարողների թռվռոց՝ հրդեհի ժամանակ

Խորհրդարանական «զիլինա». վատ պարողների թռվռոց՝ հրդեհի ժամանակ

Մոտ մեկուկես տարի առաջ, 2018-ի դեկտեմբերի սկզբներին Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը բավականին բարձր էր: Հիմա, իհարկե, չես համեմատի: Բայց հարցն այլ է: Ահա այդ՝ Փաշինյանի երբեմնի վարկանիշի ստվերի ներքո ու «իշխանափոխությամբ» կամ ինչպես տարբեր մեկնաբաններ ընդգծում են՝ ոչ բռնի հեղաշրջմամբ պայմանավորված էյֆորիկ տրամադրությունների վրա ձևավորվեց ներկայիս ԱԺ մեծամասնությունը: Այսպես կոչված՝ «Իմ քայլը»: Բավականին բարձր, կարելի է ասել՝ բոլշևիկյան տոկոսներով ստացած քվեներով: Ճիշտ է, ընտրողների մոտ կեսը ընտրություններին (քվեարկությանը) նախընտրել էր չմասնակցել:

Բայց ասում էին, թե Հայաստանը վերջապե՜ս, իսկապե՜ս, ժողովրդակա՜ն, ժողովրդի մասին մտածո՜ղ խորհրդարանական մեծամասնություն (իշխանություն) ունի:

Դե՝ ունի, ուրեմն՝ ունի:

Եվ ինչո՞վ է այս ծանր օրերին զբաղված ԱԺ «իրքայլական» խորհրդարանական մեծամասնությունը: Ի՞նչ են անում, էլի: Ի՞նչ հրատապ հոգսերի ու խնդիրների լուծմանը օրենսդրական նախաձեռնություններով օժանդակելու, ընթացք տալու վրա են կենտրոնացած: Այ հենց հիմա: Երե՛կ, այսօ՛ր:

Այս օրերին, երբ իրենց ձևավորած իշխանության հատկապես գործադիր թևի անկապ շարժումների հետևանքով Հայաստանը վերածվել է կորոնավարակի մի մեծ օջախի, երբ մարդիկ չգիտեն, թե այդ վարակի հետ կապված հաջորդ պահին գլխներին ինչ փորձանք կգա ու որտե՞ղ, երբ կորոնավարակի կասկած ունեցող կամ հենց վարակված շարքային քաղաքացին թողված է բախտի քմահաճույքին, ինչո՞վ են նրանք այնտեղ՝ ԱԺ-ում զբաղված: Երբ մարդիկ չեն կողմնորոշվում, թե վաղը, մյուս օրը որտեղի՞ց և ինչո՞վ են հայթայթելու իրենց երեխաների ու ծնողների օրվա սննդի փողը, իշխանական պատգամավորներն ի՞նչ հարց են քննարկում:

Ահա ա՛յս իրավիճակում ժողովրդի ուսերի վրա իշխանության հասած մեծամասնությունը, կենտրոնացած է ֆուտբոլի մի տեսակի վրա, որն այլ կերպ բնորոշում են որպես «մուկ տշել»:

Երեկ, օրինակ, դեմքներին մի աննկարագրելի լրջության դիմակներ առած, քննարկում էին ու անգամ քվեարկեցին մի քանի ամիս առաջ օրենսդրական անհաջող սալտոներով հրահրած «սահմանադրական հանրաքվեն» չեղարկելու հարցը: Մոտեցումը երևի այն է, որ եթե օրենքով սահմանված որևէ նորմ կարելի է ուժը կորցրած ճանաչել համապատասխան օրենսդրական ակտով, ապա ապօրինությամբ սահմանված որևէ բան նույնպես կարելի է «հեչ անել» մեկ այլ ապօրինության դիմելով:

Երևի «իրքայլական» քանքարները այդ մոտեցմամբ են առաջնորդվել: Բայց իրենք իրավացի չեն, քանզի նախորդ խախտումը ընդամենը լրացվեց մեկ այլ խախտմամբ: Առհասարակ, ինչպես շատ դիպուկ դիտողություն արեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ-ն չի կարող չեղարկել հանրաքվեն, կարող է միայն հետաձգել: Իսկ իշխող մեծամասնության առաջարկած տրամաբանությամբ, ինչպես տեղին ու սրամտորեն նկատեց տիկին Զոհրաբյանը, կարելի է չեղարկել նաև հունիս ամիսը, օրինակ:

Բայց տվյալ անդրադարձի շեշտադրումից շատ չշեղվենք: Այն է. մի՞թե այսօր այդ հանրաքվեի հարցն ամենից հրատապ, կենսական և օրախնդիրն է: Մի հատ ելեք փողոց ու հարցրեք մարդկանց, էլի: Իրենք հանրաքվեի դարդի՞ն են: Ճնշող մեծամասնությունը կասի՝ ո՛չ: Ու պետք է հուսալ, որ բանը միայն «ոչ» ասելով ավարտվի:

Հանրաքվեի հարցը հետաքրքիր է բացառապես իշխանության հասած և այս կորոնավարակային շրջանում իրենց անձեռնահասությունը բացահայտորեն դրսևորած գործիչներին, իսկ ամենից շատ՝ Նիկոլ Փաշինյանին: Ընդամենը:

Ու դա էլ է բնութագրական: Այն ժամանակ, երբ հասարակությունը, երկրի առողջապահական համակարգն ու տնտեսությունը ջղաձգվում են կորոնավարակային շփոթի մեջ, Փաշինյանը սևեռված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասնյանի ու ՍԴ մյուս դատավորների (բացի մեկից) նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու և նրանց խամաճիկ-կամակատարներով փոխարինելու վրա:

Կամ, օրինակ, այսօր էլ ԱԺ-ն «բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների հարց էր քննում: Դե, մարդկանց բանկային «գաղտնիքներին», կատարած գործարքներին, ունեցած միջոցներին, վերցրած վարկերին ու այլ տվյալներին հետևելը «ժողովրդավար» և միմիայն առերես «ժողովրդասեր» նորիշխանավորների մեկ այլ մտասևեռում է, որի իրագործմանն էլ հետամուտ են:

Այսինքն, նրանք անբավարար են համարում, որ համատարած գաղտնալսելու, հեռախոսների միջոցով մարդկանց շարժը համատարած հետևելու հնարավորություններ ստացան: Միանգամից օրենք ընդունեք՝ Հայաստանը վերանվանեք ՀՀՃ-«Հայաստան» համակենտրոնացման ճամբար:

Եվ էլի, այսօր հրատապ հարցը բանկային գաղտնիքն էլ չէ, եթե կուզեք:

Այսօր, նկատեմ, հրատապ է հարցը, թե ինչո՞ւ է այսպիսի խայտառակ վիճակ ստեղծվել: Այսօր ձևավորվում է կորոնավարակի վերաբերյալ իշխանության (կառավարության) գործողությունները քննելու հասարակական պահանջ: Բայց այս «դուխով» ԱԺ-ն այնքան համարձակություն (դուխ) կունենա՞, որ այդ առումով կառավարության գործողությունները քննող հատուկ հանձնաժողով ձևավորի: Եթե ձևավորեն էլ, ապա նպատակը կոծկելն ու պարտակելը կլինի: Այնպես որ, դա երևի մնա հաջորդ գումարման Ազգային ժողովին:

Իսկ առայժմ խորհրդարանական «զիլինա» է. վատ պարողների թռվռոց՝ հրդեհի ժամանակ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը