Մեկնաբանություն

06.06.2020 10:30


Էսքա՛ն համբերատար քաղաքացի մեզ ո՞վ է տվել

Էսքա՛ն համբերատար քաղաքացի մեզ ո՞վ է տվել

Փաշինյանի կյանքը դարձել է մեղավորների և քավության նոխազների անվերջանալի փնտրտուք. բանուգործ թողած`քավության նոխազներ է փնտրում ու մեղավորներ նշանակում սեփական անպատասխանատվության, ապաշնորհության, ապիկարության, համատարած ձախողումների համար ու չի հոգնում։

Դժգոհ է ամեն ինչից ու բոլորից, բացի իրենից մեկ էլ իր ընտանիքի անդամներից։ Աչքին`բոլորը ամեն ինչում մեղավոր են, բացի իրենից։ Բոլորը պատասխանատու են երկրում ստեղծված անկառավարելի իրավիճակի, կորոնավարակային, իրավական, քաղաքական բեսպրեդելի, սոցիալական և տնտեսական կոլապսի համար, բացի իրենից։ Ինչպես ընդդիմադիր ժամանակ էր աջուձախ մեղադրում բոլորին, այնպես էլ` հիմա, երբ ոչ բարով վարչապետ է։

Ամենամեծ մեղավորն էլ, ինչպես օրերս իմացանք, ժողովուրդն է, որ իր նման անմեղսունակին բերել է իշխանության, բայց տեր չի կանգնում կորոնավարակը կանգնեցնելու իր առաքելությանը (ընդդիմությունը, ի դեմս «նախկինների» ու նրանց հավասարեցված անձանց, ժամանակավորապես ազատվել է գլխավոր մեղադրյալի պարտականություններից` կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու «ապացույցների անբավարարության» պատճառով)։

Բանը հասել է նրան, որ դիմակ չկրող անգիտակից, անպատասխանատու քաղաքացիներին բոլորի աչքի առաջ փռում են ասֆալտին ու «սամասուդի ենթարկում»` միայն նրա համար, որ դիմակ չկրելով, սասանում է «բարձրագույն ղեկավարության», այսինքն, իր` Նիկոլ Ամենա(ան)կարողի վարկը և հեղինակությունը։ Սևամորթ ցուցարարին խեղդամահ արած ամերիկացի ոստիկանի օրինակով` ոտի տակ են գցում, սեղմում կոկորդն ու ոլորում ձեռքերը։ Ինքն էլ կողքից «շիրա է տալիս», թե` բա ինչ էիք ուզում, ոստիկանությունն ուժային կառույց է` իմ անձնական օգտագործման ուժային կառույցն է, պետք է կարգուկանո՛ն հաստատի։ Մնում է` «սպեցնազը» հանի առաջին գիծ...

Առաջ` Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ, երբ ամբոխին քսի էր տալիս ոստիկանության զորքերի վրա, հոգին փառավորվում էր, որ էդ նույն անգիտակից, անպատասխանատու քաղաքացին քարեր, դյուրավառ հեղուկի շշեր էր շպրտում ոստիկանների վրա, 30 հոգով հարձակվում էին մի հոգու վրա ու հոշոտում, մեքենաներ այրում, խանութներ թալանում։ Հիմա հոգին փառավորվում է, երբ ոստիկանն է հարձակվում անզեն քաղաքացու վրա ու ոտնատակ տալիս, որովհետև առանց դիմակի է. հեղափոխությունը առանձին վերցրած մեկ պուճուր մարդու ուղեղում հո պոզով-պոչով չի՞ լինում։

Բայց քաղաքացու անհատական անպատասխանատվությունը միայն դիմակ չկրելով չի սահմանափակվում։ Այն, որ պետական բյուջեն իր ուզածի պես և իր ուզածի չափ արագ չի լցվում, դրանում էլ է քաղաքացին մեղավոր, որովհետև, «ի հեճուկս իր իրականացրած հեղափոխության», ՀԴՄ չի պահանջում։ Այդպես շարունակվելու դեպքում երկիրը «շողուլի չի գա», քայլարածների պարգևավճարները քչություն կանեն, ու մեղավորը էլի՛ քաղաքացին կլինի, որովհետև չի հասկանում` չկա՛ ավելի կարևոր բան, քան բյուջեն լցնելը։

Չգիտեմ ձեզ համար` ոնց, բայց Փաշինյանի համար բյուջեն պետականության հիմնական խորհրդանիշն է` ալֆան և օմեգան. «Բյուջեն և բյուջեի նկատմամբ վերաբերմունքը հետևյալ հարցի պատասխանն է. հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիներն ունե՞ն քաղաքական կամք պետականություն ունենալու, որովհետև պետական բյուջեն ՀՀ պետականության ողնաշարն է»։ Այ, դրա համար էլ «էապես» բարձրացնում է գույքահարկը, հարուստների ունեզրկման սխեմաներ հորինում, «կոնֆիսկացնում» ուրիշների բիզնեսները, բարձրաստիճան պաշտոնյաներին թողած` ընկել է քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման հետևից։ Ничего личного, ինչպես ասում են։

Փաշինյանին դուր չի գալիս նաև քաղաքացու անպատասխանատու վերաբերմունքը պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հանդեպ. այն, ինչի համար էլ, ըստ էության, ոտքով Գյումրիից հասել է Երևան ու «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» արել։ Ասում է` ՀՀ քաղաքացին իրավունք չունի բողոքել քայլարածներին տրվող շռայլ պարգևավճարներից։ Հակառակը` «պետք է ուզենա, որ ՀՀ պետական պաշտոնյան` էն պայմանով, պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք ՀՀ-ում կրկին կոռուպցիոն բուրգի առկայությունը, պետք ա պահանջի, պետք է ցանկանա, պետք ա պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ»։ Եթե չի պահանջում, նշանակում է` պետականություն ունենալու կամք չունի։

Ամենաթարմ` նոփ-նոր գտնված քավության նոխազներից մեկն էլ ՊԵԿ այլևս նախկին նախագահ Դավիթ Անանյանն է, որի աշխատանքից Փաշինյանը երբեք չէր դժգոհել, ինչպես չէր դժգոհում Արթուր Վանեցյանից, քանի դեռ վերջինս հրաժարականի դիմում չէր գրել. միայն գովասանքներ էր շռայլում նրա հասցեին։ Հիմա, երբ գլխավոր հարկահավաքը դուռը շրխկացրել է իր հետևից ու հեռացել, պարզվում է` բյուջեի մուտքերի թռիչքաձև աճի «պոտենցիալը» լիարժեք չի օգտագործել. ավելի քիչ ստվերային եկամուտ է բերել սպիտակ դաշտ, քան կարող էր։

Դե, հո չէր ասելու` չդիմացավ իմ բզիկներին, Վանեցյանի, Օսիպյանի պես չուզեց ի կատար ածել անօրինական հրահանգներս ու քմահաճույքներս։ Կամ, ասենք`չցանկացավ կոծկել ծխախոտի և «լայն սպառման» այլ ապրանքների մաքսանենգ առևտրի սկանդալային պատմությունների «հերոսներին», դրա համար հրաժարական տվեց։

Իսկ ամենատխուրն այն է, որ Փաշինյանն իրականում չի սխալվում. այո՛, քաղաքացին է մեղավոր, որ իր նման անմեղսունակ մեկին գլխներիս փորձանք դարձրեց` հերիք չէ, դեռ այսքանից հետո էլ հանդուրժում է նրա անփառունակ «կառավարումը»։

Այո՛, Անանյանն է մեղավոր, որ անվրդով հետևում էր, թե ինչպես է հերթով քանդում կայացած պետական ինստիտուտները, ոտնակոխ անում Սահմանադրությունը և օրենքները, ու հրաժարական տվեց միայն այն ժամանակ, երբ դանակը ոսկորին հասավ։

Եվ, այո՛, մեղավոր են կառավարության մեջ պահպանված հատուկենտ «ադեկվատ» մարդիկ, որոնք այսքանից հետո էլ մնում են նրա կողքին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը