Մեկնաբանություն

07.06.2020 14:59


Ինչու է Փաշինյանը թաքցրել կորոնավիրուսի տարածման ժամկետը․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ)

Ինչու է Փաշինյանը թաքցրել կորոնավիրուսի տարածման ժամկետը․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ)

Երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ուշագրավ տեղեկատվություն փոխանցեց «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցը։ Նա հայտարարեց, որ բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում են փետրվարից, մինչդեռ պաշտոնապես Փաշինյանը կորոնավիրուսի հայտնաբերման մասին հայ ժողովրդին տեղյակ է պահել մարտի 1-ին։

Ճիշտ է, «ժողովրդի» վարչապետը տեղում որոշեց խմբագրել «Նորք» ինֆեկցիոնի տնօրենի խոսքերը՝ հայտարարելով, թե բա նա երևի լարվածությունից Հայաստան կորոնավիրուսի մուտքի սխալ ժամկետ է նշել, բայց դա խմբագրման անհաջող փորձ էր (տե՛ս կից տեսանյութը)։

Հիվանդության հետ ամեն օր կռիվ տվող ինֆեկցիոնիստները չէին կարող շփոթել ամիսները։ Այլ հարց է, որ ստի ու կեղծիքի կայսրություն ստեղծած Նիկոլ Փաշինյանը թաքցրել է դեպքերը։

Իսկ ո՞րն էր պատճառը։ Ինչո՞ւ էր Փաշինյանին պետք փակ պահել կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը։ Պատճառը զուտ քաղաքական է և վերաբերում է անձամբ Փաշինյանի շահերին։

Բանն այն է, որ երբ կորոնավիրուսը սպառնում էր Հայաստանին, Փաշինյանը զբաղված էր ոչ թե ՀՀ քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու իր պարտականությամբ, այլ Սահմանադրական դատարանն ապօրինաբար զավթելու պլաններ մշակելով։ Դա հունվար-փետրվարին էր։

Մարտի 1-ը նա ուզում էր վերածել շոուի և քարոզչական գործիքի, բայց երբ հասկացավ, որ գլխաքանակ չի կարողանում հավաքել, մարտի 1-ի գիշերվա կեսին Ֆեյսբուքում հայտարարեց, թե բա կորոնավիրուսով վարակված մարդ է հայտնաբերվել և այդ իսկ պատճառով քաղաքացիների առողջությանը չվնասելու համար չեղարկում է երթը։

Մարտի 1-ի երթը չեղարկվեց, բայց Նիկոլը մի քանի տասնյակ կուսակիցների հետ գնաց Մյասնիկյանի արձանի մոտ (կուսակիցներն ապահովագրվա՞ծ էին վարակվելուց), ինչը վկայեց այն մասին, որ հարցը վարակի տարածումը թույլ չտալը չէր, այլ քարոզչական ու քաղաքական հաշվարկը։ Նույն այդ հաշվարկից ելնելով նա հանրաքվեում «այո» կորզելու օգտին բազմամարդ հավաքներ էր կազմակերպում՝ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելով, թե բա կորոնավիրուսն ում շունն ա։ Վարակը մտել էր Հայաստան, իսկ Նիկոլն ավելի էր նպաստում վարակի տարածմանը՝ մարդկանց խմբերով հավաքելով ու ատելության քարոզ կարդալով։

Փաշինյանի արածն իրականում հանցագործություն է։ Մեր քաղաքացիների կյանքի ու առողջության դեմ գործած հանցագործություն։ Նա թաքցրել է կորոնավիրուսի հայտնվելը Հայաստանում՝ կարևորելով սեփական իշխանության ընդլայնումը մարդկանց կյանքերից։ Իսկ հիմա էլ հայտարարում է, թե բա մեր ժողովուրդն է ամեն ինչի մեղավորը, քանզի անկարգապահ է ու անպատասխանատու։

Ստի ու կեղծիքի կայսրությունում այլ կերպ չէր էլ կարող լինել։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը