Աշխարհ

10.06.2020 22:18


Անկարայի վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հիմնադրամի

Անկարայի վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հիմնադրամի

Անկարայի 15-րդ վարչական դատարանը չեղարկել է «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը «առգրավյալ» ճանաչելու մասին որոշումը։ Ըստ այդ որոշման՝ հիմնադրամը չի կարող «առգրավյալի» կարգավիճակ ունենալ։

Նշյալ որոշման դրական կողմն այն է, որ հիմնադրամն արդեն մասնակցություն կարող է ունենալ դատական գործընթացներին և ճանապարհ բացել հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը հետ ստանալու համար:

Հարկ է տեղեկացնել, որ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունն իրավունք ունի բողոքարկել վարչական դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը հիմնվել է Օսմանյան կայսրության տարիներին։ Հանրապետական Թուրքիայում նույնպես Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող գույքերը կառավարում էր «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը։ Սակայն այս հիմնադրամը 1973թ․ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից «առգրավյալի» կարգավիճակ էր ստացել և դադարեցվել էր իր գործունեությունը որպես իրավաբանական անձ։

Այդ ընթացքում «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամին պատկանող անշարժ գույքերի մեծ մասը վաճառվել էր 3-րդ անձանց, իսկ վաճառված գույքի դիմաց ստացված գումարը անարդացիորեն իրացվել էր։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և՛ դեմ էր արտահայտվել հիմնադրամին առգրավյալ կարգավիճակ տալու որոշմանը, և նաև փաստաբան Ալի Էլբեյօղլուի միջոցով գույքերի վերադարձի համար դատարան էր դիմել։ Սակայն դատարանը բողոքը չբավարարելու մասին որոշում է կայացրել։ Այնուհետև դիմել են Թուրքիայի Սահմանադրական դատարան։ ՍԴ-ի որոշմամբ՝ արգելվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության և «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի հասանելիության իրավունքը դատարան։ ՍԴ-ն կրկին դատավարություն իրականացնելու համար գործը հետ էր ուղարկել Անկարայի 15-րդ վարչական դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը