Քաղաքական

16.06.2020 14:11


Ե՞րբ եք ապօրինի ծխախոտ, ադամանդ, երկաթի ջարդոն արտահանած պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու Աժ․ Իվետա Տոնոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)

Ե՞րբ եք ապօրինի ծխախոտ, ադամանդ, երկաթի ջարդոն արտահանած պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու Աժ․ Իվետա Տոնոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)

Եթե նախկինում՝ Հին Հայաստանում, միգուցե նմանատիպ դրսևորումները կարող էին իրավաչափ դիտվել, Նոր Հայաստանում կար հույսի նվազագույն նշույլ, որ նմանատիպ դեպքերը հնարավոր չեն․ ստացվում է Նոր Հայաստան՝ հին բարքեր: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, երբ ԱԺ-ն քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու, մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը:

Պատգամավորը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական այս հետապդնումը չունի որևէ իրավական հիմք, և իրենք դա ապացուցելու են: «Պարո՛ն Արթուր Դավթյան, Նոր Հայաստանում՝ Հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն ենք և իրավունք չունեք աշխատել՝որպես գլխավոր դատախազ, և Դուք չեք աշխատելու, գալու է դրա ժամանակը և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք: Դուք հասկանում եք, որ այսօր, երբ մեր երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, երբ հնարարվոր է մի քանի ամիս անց ազգաբնակչությունը սովի ճիրաններում հայտնվի, ձեր քաղաքական ամբիցիաները բավարարելու և դրանց հագուդ տալու համար սանձազերծում եք քաղաքական հետապնդում»,-ասաց նա և նշեց, որ բոլորը տեսնում են, որ քաղաքական ղեկավարի առողջ քննադատությունից հետո իշխանության հրահանգով «հարձակվել են» Գագիկ Ծառուկյանի վրա:

«Ոզո՞ւմ եք մեզ լռեցնել, չի ստացվելու, ուզո՞ւմ եք ասֆալտին փռել և պատերին ծեփել, չի ստացվելու»,-ասաց նա։

«Ձեզանից որևէ մեկը մեկ անգամ մտածել է, որ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելով հնարավորություն է ընձեռում զրկվել հանապազօրյա աշխատանքից Գագիկ Ծառուկյանի հիմնարդած ընկերություններում աշխատողներին»,-ասաց նա և նշեց, որ այսօր մեկ մարդու քաղաքական ամբիցիաների խնդիր են լուծում, անգամ եթե 30 հազար մարդիկ մնան գործազուրկ:

«Ին՞չ եք անելու հաջորդիվ, մեզ բոլորիս զրկելո՞ւ եք անձեռմխելիությունից, բանտերն եք գցելո՞ւ, կարող եք փորձել ամեն ինչ, դրանից բան չի փոխվելու, մենք մեր քննադատությունը հնչեցնելու ենք և բարձրաձայնելու ենք այն խնդիրները, որոնց մասին խոսել ենք»,-ասաց նա:

Ըստ Իվետա Տոնոյանի սա հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է: «Գոնե գործ սարքելուց մարդ մի քիչ շնորհքով պետք է անի, անգամ այս գործում եք ապաշնորհ ու անտաղանդ գտնվել»:

«Եվ վերջին հարցս, պարո՛ն Արթուր Դավթյան, եթե Դուք շարունակեք պաշտոնավորել, ե՞րբ եք պատրաստվում խորհրդարան գալ ապօրինի ծխախոտի մաքսանենգության գործով, ադամանդի արտահանման գործով, երկաթի թափոնների ապօրինի արտահանման քրեական գործերով հարուցված՝ պատգամավորներին անձեռմխելիությունից զրկելու հարցով»,-ասաց նա և հարց բարձրացրեց, որ գուցե այդ մասին համապատասխան հրահանգ չի ստացել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը