Քաղաքական

17.06.2020 13:15


Նիկոլ Փաշինյանն է ժամանակին հայտարարել՝ եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունը պարտավոր է ապահովել դրա անվտանգությունը, հիմա հակառակն է. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն է ժամանակին հայտարարել՝ եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունը պարտավոր է ապահովել դրա անվտանգությունը, հիմա հակառակն է. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Բացառիկ չէր այն երևույթը, որ բողոքի ձայն ենք բարձրացնում՝ մարդկանց բողոքի ձայնի իրավունքը վերադարձնելու համար: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իր միայնակ բողոքի ակցիային, որից հետո վարչական ձերբակալության էր ենթարկվել:

Նա նշեց, թե տարիներ առաջ հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ եթե հավաքը կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անվտանգությունը: «Սա հանդուրժման սկզբունքն է, եթե հավաքը խաղաղ է, պետությունը չի կարող ցրել, քաշքշել, տանել: Ես այս երեսպաշտության վրա իսկապես զարմացած եմ: Նույն մարդիկ էին: Պետությունը թող խաղաղ հավաքի ավարտից հետո պատասխանատվության ենթարկի անձանց, եթե կան դրա հիմքերը»,-ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ խաղաղ հավաքները ցրելու ժամանակ համաճարակի անունը տալով՝ էլ ավելի են մեծացնում համաճարակի վտանգը. «Հանդուրժման սկզբունքը պահանջում է, որ ոստիկանությունը ոչ միայն ձեռնպահ մնա հավաքին միջամտելուց, այլև կոնկրետ գործողություններով ապահովի հավաքի անվտանգությունը: Այսօր՝ կորոնավիրուսի պայմաններում, դա նշանակում է ոչ միայն, օրինակ, սադրիչներին հեռացնել, այլև ստեղծել սոցիալական հեռավորության հնարավորություն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պարետի որոշումներին, Մելիքյանն ասաց՝ ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտեր կարող են կայացնել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինները: «Եթե որևէ մեկը Սահմանադրության մեջ գտնի պարետ բառը, ես խոսքերս հետ կվերցնեմ: Պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ: Սահմանադրությամբ ով է պարետը, որ մի հատ էլ կանոններ սահմանի, այդ հարցը բարձրացվելու է իրավական ճանապարհով»,-ասաց նա:

Նա նշեց՝ աշխարհում համավարակ է, և ՀՀ իշխանությունները և երկրի որևէ քաղաքացի պատասխանատու չեն կորոնավիրուսի առաջացման համար, բայց բոլոր պետությունների ղեկավարությունները պատասխանատու են իրենց քաղաքացիների առջև կորոնավիրուսային ճգնաժամին արձագանքի համար՝ սկսած կանխումից, մինչև հետևանքների վերացում:

«Դրա համար յուրաքանչյուր պետության ղեկավարություն ոտքով-գլխով է պատասխանատու իր քաղաքացիների առջև: Առողջության պահպանման իրավունքի մասին ենք խոսում, այստեղ միանշանակորեն առկա է կյանքի իրավունքի խնդիր: Եթե Եվրոպական դատարանի իրավաբանությունը ուսումնասիրենք, կտեսնենք ծավալուն իրավաբանություն երկու հարցի շուրջ՝ առողջապահական պատշաճ համակարգ ունենալը կյանքի իրավունքի բաղադրիչ է, երկրորդ՝ պետությունը պատասխանատու է մահացած անձանց մահվան պատճառների հետաքննության և պատճառները վեր հանելու համար»,-ասաց Մելիքյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը