Մեկնաբանություն

19.06.2020 07:55


Պացիենտի վիճակը հասել է կրիտիկական կետի․ պետք է անհապաղ հոսպիտալացնել, քանի ոչ մեկին չի վնասել

Պացիենտի վիճակը հասել է կրիտիկական կետի․ պետք է անհապաղ հոսպիտալացնել, քանի ոչ մեկին չի վնասել

Վեցերորդ հիվանդասենյակում նորից անհանգիստ է` պացիենտը լրիվ դուրս է եկել վերահսկողությունից, ահավոր գրգռված է և ամբողջությամբ կորցրել է ինքնատիրապետումը` երևի դեղերը ժամանակին չեն տվել։

Իսկ դա, Գագիկ Ծառուկյանի ու «Բարգավաճ Հայաստանի» շուրջ մոլեգնող քաղաքական հաշվեհարդարի, ընդդիմախոսների և ընդդիմախոսության հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականության, րոպե առ րոպե ահագնացող թշնամական վերաբերմունքի պայմաններում օդուջրի պես անհրաժեշտ է հիվանդին։ Ի վերջո, ուզում ենք, թե չենք ուզում` նա՛ է այսօր տնօրինում մեր «անասնաֆերմայի» ճակատագիրը, և չի կարելի մատների արանքով նայել հիվանդության սրացումներին։

Չնայած` մասնագետներից շատերը կարծում են, որ արդեն շատ ուշ է` բանը բանից անցել է. դեղերն էլ չեն օգնում` «ռադիկալ» քայլեր են պետք, թե չէ վերջը վատ կլինի։ Գոնե` «ֆերմայի» համար։ Երկու օր է` գործնականում անընդմեջ սրացումների մեջ է, պարբերաբար «ցնցվում» է, անկանոն շարժումներ անում, հարձակվում սրա-նրա վրա, ճչում, փրփուրը բերանին`հայհոյում, սպառնում, մատ թափ տալիս առերևույթ և աներևույթ հրեշների վրա, որոնք հերթ են կանգնել իրեն հոշոտելու համար, գիշեր-ցերեկ հետապնդում են, մեղադրում ապաշնորհ կառավարման, կորոնավիրուսի դեմ պայքարը փառավորապես տապալելու համար, խոսում ինչ-որ հրաժարականների, ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին։

Օրվա մեջ առնվազն 4-5 անգամ հախուռն, խառնիճաղանչ զառանցական մտքեր է հայտնում։ Օրինակ` «երբեք չեմ բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ` պարզ, անկեղծ. այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»։

Կամ` «ես ուզում եմ ասել նաեւ, որ հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ որ հարգալից չլինելն իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Եվ ես ուզում եմ ասել, որ սա անընդունելի է, եւ համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այս ղազագրի վրա հիմնված եւ գործունեություն ծավալած անձանց եւ ուժերին, այ սենց, վզներից բռնելու ա եւ էս դահլիճից ընդհանրապես դուրս ա շպրտելու»։ Երևի պետք չէ բացատրել, որ «հայ ժողովուրդ» ասելով` ինքն իրեն նկատի ունի։

Կամ էլ` «եվ ի՞նչ է եղել Ձեր նշած քաղաքական ուժի ֆաբուլան էս հարաբերություններում (նկատի ունի տվյալ պահին «գլխավոր ընդդիմախոսի» դերում հայտնված ԲՀԿ-ին.-Լ.Պ.)։ Եղել ա հետեւյալը, որ իշխանությունը նախկինում էս քրեական գործերը միշտ օգտագործել ա, որպեսզի էդ ուժերին միշտ պահի կանտրոլի տակ, մտցնի կոալիցիա եւ այլն, որովհետեւ լեգիտիմության խնդիր ա ունեցել։ Իսկ մեր իշխանությունն էդպիսի խնդիր չունի, մեզ պետք չի գնալ` քրեական գործերը դարձնել քաղաքական առեւտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն կամ մի քիչ, ասենք, խոսալու ձեւն ընտրեն։ Մենք իրենց խոսալու ձեւն ընտրելու ձեւը գիտենք, կսովորացնենք։ Ես ասացի` իրենք էստեղ չեն էլ խոսա, որովհետեւ ժողովուրդն իրենց էստեղից վռնդելու ա ընդհանրապես»։

Դե, մոտավորապես այնպես, ինչպես «հագահեղափոխականության» գիշերային մղձավանջ Նապոլեոնն էր «վռնդում» Անասնաֆերմայի հեղափոխական կառավարությանը բա՛ն ասողներին, էլի...

Ոչ պակաս ցցուն մի բարբաջանք էլ` մե՛ր սեփական կամ պետական անասնաֆերմայի «հեղափոխական կառավարության» նիստից. «Մի հատ էլ բան կան` կառույցներ կան, 30 տարի Հայաստանին ասել են` պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, պայքարեք ընտրակեղծիքների դեմ։ Հիմա որ ռեալ պայքար ա սկսել, ասում են` վայ, բա ինչի՞ եք բան անում, ընդդիմությանը ինչի՞ եք ծեծում։ Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են, էդ շատ լավ ձև ա` ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք։ Ու ընդհանրապես պետք ա էս հարցերում կողմնորոշվել։

Ո՛ր ուղղությամբ գնում ես, պարզվում ա` սխալ ա։ Հյուսիս սխալ ա, Հարավ սխալ ա (քահ-քահ ծիծաղում է, կարծես օրեր առաջ ինքը չէր աղիողորմ արտասուք թափում, թե` «հասել ենք կրտիկական կետին, քայլում ենք դժոխքի միջով».- Լ.Պ.)։ Քաղաքական նկատի չունեմ։ Արևմուտք, արևելք սխալ ա, ոչ մի ճանապարհ չկա։ Տպավորություն ա, որ ուզում են մեր ձեռներն ու ոտերը կապեն, որ ասեն ոչ մի բան մի արեք։ Արտակարգ դրություն ա, պետք ա արտակարգ միջոցներ ձեռնարկվեն։ Վերջը էս նեյնիմներին պետք ա վերջ տալ։ Հրապարակե՛ք հասցե առ հասցե (զայրույթով ծամածռում է դեմքը.-Լ.Պ.), հրապարակեք էն մարդկանց տվյալները, որոնք առավոտից իրիկուն կորոնավիրուսի դեմ խոսում են, ընտանիքի կեսը հիվանդ ա»։

Ինչպես կռահեցիք, վերջին ֆրազը կապ չունի մնացածի հետ` ոչ թե 30 տարվա կոռուպցիոներ ընդդիմության և ընդդիմությանը ծեծելու դեմ խոսող «կառույցների» (ենթադրաբար`Եվրոպայի ամենամեծ և ազդեցիկ կուսակցության` ԵԺԿ-ի), այլ կորոնավիրուսի հանդեպ թերահավատ անգրագետ պողոսների մասին է։

Մանիակալ համախտանիշով տառապող պացիենտների դեպքում այդպես հաճախ է լինում։ Բացի տրամադրության անսպասելի`որևէ տեսանելի պատճառ չունեցող բարձրացումից, սրանց բնորոշ է մտածողության պրոցեսների արագացումը և «հոգեշարժական գրգռվածությունը», մտածողության տեմպի ծայրահեղ արագացումը`«մտքերի թռիչքը», երբ մի միտքը կիսատ թողած`անցնում են մյուսին։ Հիվանդների մոտ դիտվում են մեծամոլական հակումներ, անձի գերագնահատման միտումներ, շարժողական ապարատի գերգրգռվածություն` նրանք անընդհատ ոտքի վրա են, անհանգիստ շարժումներ են անում, միջամտում ուրիշների գործողություններին։

Մասնագիտական գրականության մեջ մանիակալ գրգռվածությունն այլ կերպ անվանում են արգասավոր գրգռվածություն` նկատի ունենալով, որ հիվանդի գործողությունները շատ դեպքերում նպատակային բնույթ են կրում` քաոսային չեն։ Բայց հոգեկան ֆունկցիաների արագացման պատճառով հիվանդը հաճախ ավարտին չի հասցնում սկսած գործողությունը` անցնում է մեկ այլ գործողության, և արդյունքը լինում է այն, որ իր շուրջ համատարած խառնաշփոթ է ստեղծում։

Ասեք, որ «ախտորոշումը» մեկին մեկ մեր պացիենտի «հագով» է։ Քանի որ վերաքննիչ դատարանը «էս նեղ մաջալին» որոշեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակել, և նոր սրացումներից դժվար թե հաջողվի խուսափել, պետք է շտապ միջոցներ ձեռնարկել`օր առաջ ազատել նրան իշխանական լծակներից և մեկուսացնել, թե չէ` «կկծի»...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը