Քաղաքական

27.06.2020 14:27


«Այո» քարոզարշավին նվիրատվություն կատարած 70 միլիոն դրամի 90%-ը ծախսվել է

«Այո» քարոզարշավին նվիրատվություն կատարած 70 միլիոն դրամի 90%-ը ծախսվել է

«Հետք»-ը գրում է․«Սահմանադրական փոփոխություններն այլևս հանրաքվեի միջոցով չեն կատարվի։

ԱԺ-ի կատարած սահմանադրական փոփոխություններն այսօր ուժի մեջ մտան, որով, ինչպես պնդում է քաղաքական մեծամասնությունը, Հրայր Թովմասյանը սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից ազատվեց, իսկ դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցվեցին։

Դեռևս փետրվարի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք էր կազմակերպել՝ ընթացիկ կարիքների և ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության համար: Մարտի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից «Հետքին» հայտնել էին, որ «ԱՅՈ» քարոզչության կողմի հիմնադրամին կատարվել է 70 մլն դրամի նվիրատվություն։

Թեև հանրաքվեն չի անցկացվի, սակայն 70 մլն դրամ նվիրատվությունն այլ միջոցառման չի ուղղվի կամ նվիրատուներին չի վերադարձվի, քանի որ դրա շուրջ 90 տոկոսը ծախսվել է։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց պատգամավոր, «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը։

«Ծախսերի զգալի մասը հենց սկզբից արվում է, ընտրության նշանակումից հետո՝ քարոզարշավը դեռ չսկսված։ Որպեսզի հասցնես աշխատանքները, պայմանագիր ես կնքում և պատվիրում ես ծառայություն։ Այս պահի դրությամբ մենք ունենք պայմանագրային պարտավորություններ։ Կապ չունի, որ քարոզարշավն ընդհատվել է, չի կայացել, պայմանագրերը կնքվել են, այդ գումարները մենք չենք կարող չտալ»,-նշեց նա։

Վահագն Հովակիմյանն ընդգծեց, որ, օրինակ, քարոզչական 800 հազար տպաքանակ անձնագիր է տպագրվել, որից մոտ 450 հազարն արդեն բաժանվել է, ռադիոընկերություններին, հեռուստաընկերության պետք է ամբողջական վճարեն հեռարձակված քարոզարշավի հոլովակների գումարը։

«Հաշվի գումարներով պետք է այդ գումարները մարեմ, բայց եթե չբավարարեց, պետք է հիմնադրամը համալրենք անհրաժեշտ գումարի չափով, որպեսզի մեր պարտավորոթյունները կատարենք։ Պայմանագրերը կնքվել են, ծառայությունները մատուցվել են, այդ ընկերությունները մեղավոր չեն, որ համաճարակով պայմանավորված քարոզարշավը կեսից ընդհատվել է»,-նշեց «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը։

Այս խորագրի վերջին նյութերը