Կարծիք

01.07.2020 09:05


Դիմակամոլը. «Հագի՛ր, որ հագցնենք»

Դիմակամոլը. «Հագի՛ր, որ հագցնենք»

Փաշինյանի քարոզչական գործիք է դարձել դիմակը։

Նա նոր կարգախոս է գտել՝ «Կրի՛ր, որ կրենք»։ Նկատի ունի դիմակ կրելը։ Ավելի ռաբիս, դեմագոգիկ ու տափակ կարգախոս դժվար էր մտածել։

Կարգախոսի կոդը նույնն է՝ եթե պարտվենք (չկրենք) համաճարակին, ապա մեղավորը ժողովուրդն է, որը դիմակ չի հագնում, որ վարչապետն էլ դնի ու «հագցնի» կորոնավիրուսին (իրականում մենք վաղուց պարտվել ենք կորոնավիրուսային պատերազմում և հիմա միայն զբաղված ենք զոհերին ու վիրավորներին հաշվելով)։

Հակահամաճարակային ողջամիտ կանոնների շրջանակներում դիմակ կրելն անհրաժեշտ է։ Բայց դրա անհրաժեշտության քարոզը և ամեն ինչ միայն դիմակ կրելով պայմանավորելը Փաշինյանի մոտ մոլագարության է հասնում (ինչպես որ մյուս դեպքերում էր՝ ավտոմեքենաների «կուզովներ» հավաքելը, ՀԴՄ կտրոն պահանջելը և այլն)։

Տպավորությունն այնպիսին է, որ մեր երկիրն այլ հարց չունի։ Միայն դիմակ կրելն է։ Մենք դարձել ենք «միաբջիջ» պետություն։ Չկա՛ տնտեսություն, չկա՛ առողջապահություն, չկա՛ արտաքին քաղաքականություն։ Կա միայն դիմակ։

«Տակից», իհարկե, Փաշինյանն, օգտագործելով արտակարգ դրության ռեժիմը, իշխանազավթման իր օրակարգն է առաջ բրդում, բայց պետական քարոզչության մակարդակում միայն դիմակն է։

Կորոնավիրուսին «հագցնելու» շրջանակներում փողոցում դիմակ է բաժանում թատրոնի միակ դերասանն այնպես, ինչպես կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում «հպարտ քաղաքացու» անձնագիր էր բաժանում՝ նպաստելով համաճարակի հաղթանակին։

Ինչքան վատ է աշխատում կառավարությունը և ինչքան կատաստրոֆիկ են դառնում կորոնավիրուսային թվերը, այնքան ավելի ագրեսիվ է դառնում դիմակի քարոզը։

Ի դեպ, Փաշինյանն իր շոուի և մարազմատիկ «դիմակ»ահանդեսի կազմակերպման հարցում առաջինը և վերջինը չէ։ Նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։ Բոլոր անհաջող և ավտորիտար ղեկավարներն այդպիսի «բզիկ» ունեցել են։

Օրինակ՝ նախորդ դարի 50–ականների վերջում չինական կոմկուսի առաջնորդ Մաո Ցզե Դունի համար իդեա ֆիքս էր դարձել ճնճղուկների դեմ պատերազմը։ Ըստ նրա՝ այդ թռչյուններն էին մեղավոր, որ Չինաստանում մարդիկ լավ չեն ապրում և հաց չունեն ուտելու։

Մաոն ամբողջ ժողովրդին հանեց ոտքի ճնճղուկների դեմ պայքարելու համար։ Խփում էին բոլորը և ամենուրեք։ Բանը հասավ այնտեղ, որ հպարտ չինացիները բարձրանում էին ծառերի վրա ու տների տանիքներին, որպեսզի թույլ չտան ճնճղուկներին դադար առնել թռնելուց, հոգնեին ու օդում սատկեին։

Մաոյի մարազմի արդյունքում միլիոնավոր ճնճղուկներ վերացան, ինչից հետո խախտվեց էկոհամակարգը։ Առաջին տարում հացահատիկը շատացավ, բայց բնության դեմ պայքարի հետևանքով հաջորդ տարի Չինաստանում իսկական սով սկսվեց, քանզի ճնճղուկների բացակայության պայմաններում վնասատու միջատները բազմացան ու կերան ամբողջ հացահատիկը։

Հակաճնճղուկային քաղաքականությունից և սովից հետո Չինաստանը ստիպված մյուս պետություններից ճնճղուկ ներմուծեց։

Հիմա Չինաստանը ոչ միայն նման հիմարություններ չի անում, այլև ձգտում է համաշխարհային տնտեսական առաջնորդության։

Դե իսկ մենք դիմակային շոուներով ենք զբաղված։ Մաոյի հակաճնճղուկային քաղաքականության հանգույն։

Փաշինյանը կոչ է անում դիմակ հագնել, իսկ ինքը «հագցնում» է Սահմանադրությունը։

«Հագի՛ր, որ հագցնենք»։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը