Մեկնաբանություն

02.07.2020 01:00


Փաշինյանն օր օրի բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը

Փաշինյանն օր օրի բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը

Հայաստանի վարչահրամայապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ։

Ավելի քան քսան տարի նա ատելություն, թշնամանք և վրեժխնդրություն է քարոզել, ուղեղներ լվացել, մոլորեցրել մարդկանց համատարած և համընդգրկուն ալան-թալանի, գողացված միլիարդների, «Սաշիկի 50-50»-ների, 100 տոկոսով` վերևից ներքև կեղծված ընտրությունների մասին և այլ սարսափ-պատմություններով։

2018թ. ապրիլ-մայիսի «հեղափոխական բոլոլաների» ժամանակ և իշխանությունն ուզուրպացնելուց հետո խոստացել է կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ, պեռաշկի առ պեռաշկի «գողոնը» հետ բերել, «քրեաօլիգարխիկ ռեժիմի շնաբարո դուրսպրծուկներին» հատ-հատ դատել, լցնել բանտերը, այնպես որ ոչ մեկի «ծպտունը դուրս չգա», ու պարբերաբար սպառնում է, որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի «պլստալու»։ Երդվել է, որ հանելու է արագաչափերը, տեսախցիկները և կարմիր գծերը, իջեցնելու է գազի և էլեկտրաէներգիայի սակագները, խելքից դուրս ներդրումներ է բերելու Հայաստան ու հպարտ քաղաքացու կյանքը մեկ-երկու տարում դարձնելու է դրախտ։

Եվ հիմա ոչ մի կերպ չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու չի կատարում խոստումները. ի՞նչ եղան թալանված միլիարդները, ո՞ւր մնացին «Սաշիկի 50-50»-ները, կարմիր գծերն ու արագաչափերն ինչո՞ւ են բազմանում` պակասելու փոխարեն, ինչո՞ւ գազը չի էժանանում, այլ թանկանում է, ինչո՞ւ ներդրումներից ձեն-ձուն չկա, իսկ հպարտ քաղաքացին շարունակում է վատ ապրել` քիչ է, դեռ մի բան էլ դարձել է «տուգանքի մատերիալ»` անհասկացող, անգիտակից, հոգով աղքատ արգահատելի մի կերպար, որ այդպես էլ չսովորեց ինչպես ճիշտ կրել ճիշտ դիմակը և կյանքեր փրկել։

Ի՛նքն էլ չգիտի`ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա, ու մեղավորներ է փնտրում։ Կատաղած է ընդդիմախոսների վրա, որոնք փորձում են լրացնել այդ բացը, ասել ճշմարտությունն իր` Նիկոլի թվի «նոր Հայաստանի» մասին, և արտաքին թշնամուն թողած` լայնածավալ պատերազմ է սկսել ընդդիմության դեմ։ Հասկանում է, որ այսպես շարունակվելու դեպքում անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը։ Ու մարդկանց ուշադրությունը շեղելու, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը` իր ձախողումները փորձելով կոմպենսացնել նոր սպառնալիքներով, ապագայի վերաբերյալ նոր, էլ ավելի անհեթեթ խոստումներով և զավեշտալի հայտարարություններով։

Վերջերս էլ, տեսնելով, որ չի կարողանում իր սրտի ԱԱԾ-ի, ոստիկանության, ՀՔԾ-ի և դատախազության միջոցով փակել ընդդիմության բերանը, ընդդիմադիր կուսակցությունները և լրատվամիջոցները արգելափակելու ծրագրեր է մտմտում։ Այն էլ` էս «նեղ մաջալին», երբ մեր հասարակությունը պայքարում է գլոբալ մարտահրավերի`նոր կորոնավիրուսի դեմ։

Բայց մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեզ սպառնացող ծանր մարտահրավերներին, լինենք ուժեղ, ամուր, չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների, իրավական, քաղաքական բոլոր միջոցներով տեղը դնենք ինքն իրեն փակուղի մտցրած պուճուր բռնապետին, ցույց տանք` որտեղ են ձմեռում խեցգետինները, ու հնարավորինս անցնցում, անարյուն ճանապարհենք տուն։

Ես ոչինչ չեմ հորինում` ընդամենը վերցրել եմ մի հատված վարչահրամայապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 19-ին Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում արտասանած ճառից, որտեղ սա թեթևակի կշտամբում է «կիրթ և կառուցողական» Ալիևին իր հույսերը մինչև վերջ չարդարացնելու համար, ու «պրոյեկտել» շողուլից վերջնականապես ընկած մեր «թավշյա, ոչ բռնի» իրականության վրա։

«Բնօրինակն» այսպես է հնչում. «Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում։ Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ։ Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների` հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին։

Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա։ Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը։ Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով։

Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը»... բլա՛, բլա՛, բլա՛... Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարծաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների։ Առավել ևս այժմ, երբ մեր հասարակությունները պայքարում են գլոբալ մարտահրավերի` նոր կորոնավիրուսի համավարակի դեմ, մենք պետք է զերծ մնանք և նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ անենք` զերծ մնալ միմյանց հանդեպ թշնամական գործողությունների քարոզից»։

Այսքանից հետո` մի համեստ հարց «մեր տարածաշրջանային դերին առանձնահատուկ պատասխանատվությամբ» վերաբերվող Տապոռ Փաշինյանին. կլինի՞ մի պտղունց պատասխանատվություն էլ Հայաստան պետության ներքին քաղաքականության մեջ ունեցածդ դերակատարության նկատմամբ ցուցաբերես. զերծ մնաս և նաև քո արբանյակներին կոչ անես զերծ մնալ ընդդիմության հանդեպ թշնամական գործողությունների քարոզից, ճամպրուկներդ հավաքես, ու հեռանա՛ս խաղաղությամբ` ազատես մեզ քեզանից ու քո բերած լևոնասորոսախեղափոխական մորեխակույտի քանդիչ «գործունեության» ավերիչ հետևանքներից...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը