Կարծիք

02.04.2011 09:58


Ապտակ և տեսարաններ

Ապտակ և տեսարաններ

Եթե երկրի վիճակն այսքան ահասարսուռ չլիներ, ապա կարելի էր մի լավ ծիծաղել նրանց վրա, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանի երկշաբաթյա հացադուլից քիչ էր մնում հայտնվեին կոմայի մեջ: Ջղաձգումները, հիստերիան, նյարդային շարժումները գերազանցեցին բոլոր սպասումները:

Ընդամենը մեկ հացադուլ եւ պատռվեցին բազմաթիվ դիմակներ: Հետեւելով, այսպես կոչված, անկախ, բայց վաղուց արդեն պատասխանատու եւ երկրի կայունության համար պայքարող մամուլի հրապարակումներին, հասկանում ես, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր մի շատ պարզ, բայց հզոր քայլով մատ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Մամուլի որոշ հրապարակումներ միայն ծիծաղ են առաջացնում, տանջված ու ոչ այնքան տանջված դեմքերով հրապարակախոսների հոդվածներն էլ լուրջ մտորումներ են պատճառում, իսկ ՀԱԿ-ի շուրջ կամ հենց ներսում ձեւավորվող ժամանակակից եւ հայկական հիտլերյուգենդիկների պահվածքը պարզապես նողկանք է առաջացնում:

Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանից պետք է շնորհակալ լինել, որ նա հիտլերյուգենդականներին թույլ չի տալիս կտտանքների կամ խոշտանգումների ենթարկել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են կանգնել Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Նախկին սկաուտներն էլ, որոնք հիմա նույնիսկ կուսակցություն են ղեկավարում, դավաճան են անվանում նրանց, ովքեր համարձակվել են գնալ եւ իրենց աջակցությունը հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին:

ՀԱԿ-ի քարոզիչները հիմա պնդում են, թե միայն այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատում են Րաֆֆի Հովհաննիսյանին չմոտենալու համար, վկայում է, որ Ժառանգության հիմնադիրը գործում է վարչախմբի հրահանգներով: Կներեք, բայց սա չափազանց թույլ եւ ծիծաղելի փաստարկ է: Այդ դեպքում ինչ որակում տալ նրանց, ովքեր 16 օր է մոռացել են, որ իրենք պայքարում են Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչախմբի դեմ եւ օր ու գիշեր իրենց չխնայելով ցանկանում են ապացուցել, որ Րաֆֆի Հովհանիսյանն իրականացնում է Սերժ Սարգսյանի ծրագիրը: Ավելին, նույնիսկ ցանկանում են ապացուցել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց Սերժ Սարգսյանի հրամանով է դադարեցրել հացադուլը, քանի որ նա պետք է մեդալ հանձներ Գեղամ Գրիգորյանին եւ անցնելու էր հացադուլավորի կողքով եւ նրան մոտենալ, չմոտենալու հարց էր առաջանալու: Իրոք, արդեն շատ տխուր է եւ նման հրապարակումներն էլ միայն վկայում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խառնել է ՀԱԿ-ի բոլոր ծրագրերը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա էլ կարող էր չմոտենալ Հովհաննիսյանին եւ հետո ասեր, թե իր համար քրիստոնեությունը նաեւ բարոյական կոդեքս է: Ով է ասել, թե այդպես կարող է միայն առաջին նախագահն արտահայտվել: Բայց սա արդեն անլուրջ է:

Իսկ այն պնդումները, թե իշխանության տարբեր ներկայացուցիչների այցերը եւս վկայում են, որ Րաֆֆին գործում է Սերժի ցուցումով, ապա հենց այդ այցերը վկայում են հակառակի մասին: Եթե Րաֆֆին գործեր նախագահականի հանձնարարականներով, ապա նույն նախագահականում այնքան տրամաբանություն կունենային, որ պաշտոնյաներին կհրահանգավորեին, որ ամեն ինչ անեն գործարքը չբացահայտելու համար, եւ առավել եւս այցի էլ չէին գնա:

Այսպիսով, կարող ենք հայտարարել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քայլով մատ հայտարարեց Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ովքեր այս խաղում պարտվեցին: Լեւոն տեր-Պետրոսյանը պարտվեց, քանի որ իր կողքին չկար գոնե մեկը, որը մարտի 17-ին նրան կհուշեր մոտենալ եւ ողջունել հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին: Տեր-Պետրոսյանը պարտվեց, քանի որ իր թիմում արդեն չկան նրանք, ովքեր նրան կասեին, որ Րաֆֆին չմոտենալը քրիստոնեական բարոյական կոդեքսով հենց հակառակ բանն է նշանակում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտվեց, քանի որ Կոնգրեսը հեռու է ժողովրդավարական արժեքներից եւ դարձել է, մեղմ ասած, անհանդուրժող: Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտվեց, քանի որ ՀԱԿ-ի կողքին կամ հենց ներսում հայկական հիտլերյուգենտներ են ձեւավորվում:

Այսպիսով, ՀԱԿ-ն այժմ նոր մարտավարություն պետք է ընտրի, ինչը բավական դժվար է լինելու: Դժվար է լինելու, քանի որ իրավիճակը կտրուկ է փոխվել եւ այդ փոփոխությանը ՀԱԿ-ը պատրաստ չէ: Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան «քաղաքական գործարքն» ակնհայտորեն տապալվեց։

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը