Մեկնաբանություն

02.07.2020 17:45


Դիմակավորված ոստիկանապետություն (տեսանյութ)

Դիմակավորված ոստիկանապետություն (տեսանյութ)

Հայաստանը շատ արագ վեր է ածվել ասիական տիպի ոստիկանապետության: Դա հետաքրքիր է այնքանով, որ փողոցից միանգամից իշխանական թախտին բազմած «թավշապետերը», երբ դեռ «մերժողական» շարժումներ էին անում, պահանջում էին կրճատել ոստիկանության ծառայողների թիվը, Հայաստանը ոստիկանապետություն էին անվանում ու նման բաներ: Ի վերջո, եկան իշխանության և... երկիրն իսկապես էլ վերածեցին ոստիկանապետության:

Արտակարգ դրությունն ու կորոնավիրուսի վարակն ընդամենը խթանիչներ են, որոնք նպաստում են, որ ոստիկանապետության երևույթն ավելի ցայտուն երևա: Դիմակը որպես վարակի դեմ պայքարի գլխավոր միջոց ու համաբալասան հռչակած փաշինյանական իշխանությունը ձգտում է հնարավորինս շատ նյութական օգուտ քաղել դրանից: Մասնավորպապես, գիտեք, որ դիմակ չկրելու համար 10 հազար դրամ տուգանք է սահմանված:

Դե, ոստիկանությանն էլ հանձնարարված է, որ ակնդետ հետևեն, թե ով դիմակ չի կրում, միանգամից տուգանային գրպանահատության ենթարկեն՝ 10 հազար դրամի չափով: Եթե բախտը չբերեց ու անձնագիր էլ չունեցավ, ապա՝ էլի մի 10 հազար դրամ տուգանք: Կարելի է, իհարկե, առանց ոստիկանի թույլտվության արտաշնչելու համար էլ տուգանել: Ինչևէ:

Ուշադրություն գրավեց Ֆեյսբուքի օգտատերերից մեկի զետեղած մի տեսանյութ, որտեղ պատկերված է միջադեպ մի երիտասարդ կնոջ ու երեք ոստիկանի միջև: Ըստ տեսանյութը զետեղող օգտատիրոջ, դեպքը երեկ է տեղի ունեցել, Քանաքեռ-Զեյթունում: Մոտ 3 րոպե տևողությամբ տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են երեք ոստիկան փորձում փակել երիտասարդ կնոջ ճանապարհը, ոստիկաններից մեկն ասում է, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի պարեկախմբի կին ոստիկանին հարվածելու համար, կինն ասում է, թե այդ ոստիկանուհին է առաջինն իրեն հարվածել: Ապա նշված կին ոստիկանը մոտենում ու բավականին կոպիտ ձևով, կարելի է ասել՝ ոստիկանաբար ոլորում է երիտասարդ կնոջ ձեռքը, նաև վնասում է նրա կոշիկը, ի վերջո, գալիս են այլ ոստիկաններ և համազգեստավոր կոլեգաների կողմից բռնության ենթարկված կնոջը «տարման են ենթարկում»:

Ըստ տեսանյութը զետեղած օգտատիրոջ, ոստիկանները շատ քաղաքավարի են մոտեցել, հորդորել են դիմակ դնել, իսկ մի երկու րոպե անց ահա նման՝ ոչ քաղաքավարի շարունակություն է ստացվել:

Չգիտեմ, ես դեպքի վայրում չեմ եղել, ուստի չեմ պնդի: Համենայն դեպս, հակված չեմ վստահել ոչ ներկայիս ոստիկանությանը, ոչ էլ, առավել ևս՝ իրենց հայտարարություններին: Բայց, եթե դեռ կա ոստիկանություն, որպես պետական մարմին, ապա թերևս պետք է ծառայողական քննություն իրականացվի՝ դեպքի հանգամանքները պարզվեն և այդպես շարունակ, ըստ կարգի:

Ենթադրում եմ նաև, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությանը կարժանանան այս և նմանօրինակ միջադեպերը:
Վստահ եմ, որ օտար սնուցմամբ ոչ մի «քաղհասարակային», «իրավապաշտպան» ՀԿ, այսինքն՝ ներկայումս իշխանության լրացում դարձած ու բացառապես իշխանությանը ծառայող տխրահռչակ «իրավապաշտպանները» այս և նման միջադեպերի հետ կապված ծպտուն չեն հանի: Այ, եթե «Սերժի ժամանակ» լիներ, նրանք հիմա ձայները գլուխները կգցեին այնպես, որ առանց հեռախոսի մինչև Վաշինգտոն, կներեք, Ուոշինգթըն, այսինքն՝ պետդեպարտամենտ հասներ: Իսկ հիմա ամեն ինչ «OK» է, հասկանալի է՝ «իրավապաշտպանների» համար:

Իսկ այ, ՀՀ քաղաքացիների համար ամեն ինչ այդքան էլ «OK» չէ, ավելի ճիշտ՝ չ-օքեյ է:

Այո՛, երբ դիմակը որևէ մեկի քթից մի փոքր ցած է սահում, ոստիկանները կարող են հարձակվել, բռնել, տուգանել, ձեռքերը ոլորել, մարդուն գրեթե խեղդամահ անել: Իսկ այ, երբ սեռական բնույթի ինչ-որ փոքրամասնական շրջանակներ օրը ցերեկով բանուկ վայրում իրենց կողմնորոշումներն են ցուցադրում, այդ ժամանակ տարածքում ոստիկաններ չկային ու չեն կարող լինել: Անգամ հիշյալ «տեսարանը» պատկերող լուսանկարի շրջանառումից հետո երևի չեն կարող հայտնաբերել ըստ էության խուլիգանություն անող սեռափոքրամասնականներին: Երևի ոստիկանները չեն մոռացել, թե նրանցից ինչպես հենց «քաղմասում» ծեծ կերան:

Իսկ այ, անդիմակ քաղաքացիներին կարելի է հետապնդել, հալածել, նվաստացնել, բռնության ենթարկել: Երևի պետք է քաղաքացիներն էլ փառք տան Նիկոլ Փաշինյանին, որ տեղում գնդակահարելու հրաման դեռևս չի տվել ոստիկաններին:

Մյուս կողմից, այս ամբողջ ոստիկանապետական հարայ-հրոցը արդեն սկսում է ոչ միայն ձանձրացնել, այլև հունից հանել նույնիսկ ապաքաղաքական, անշառ իրենց ցավով ու իրենց յուղի մեջ տապակվողներին անգամ:

Հեշտ չէ դիմանալ. ամեն առավոտ, մինչև մութն ընկնելը, խաղաղ բնակչության դեմ բարձրախոսային «տեռոր» է իրականացվում, ամեն կողմից դիմակ-դիմակ են աչքդ խոթում, իբր դա քիչ է, մի հատ էլ ոստիկաններն են աջուձախ վրա տալիս: Վստահ եմ, որ «հանուն նոր Հայաստանի» պայքարի ելած հայրենակիցները հենց ա՛յս վիճակն էին երազում ունենալ, հենց սրա՛ն էին ձգտում, և հիմա նրանք, անկասկած, գերերջանիկ են ու գոհ, գլուխը քարը, թե՝ աշխատանք չկա, իսկ 1 դիմակն էլ ստիպված մի քանի շաբաթ են կրում:

Չեմ կասկածում, որ եթե վաղը նրանց համակենտրոնացման ճամբերներ տանեն և սկսեն այրել գազախցիկներում, նրանք կշարունակեն գոհ ու երջանիկ լինել: Ու նաև՝ հպարտ, իհարկե:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը