Մեկնաբանություն

04.07.2020 18:20


Ախթունգ, ախթունգ, դեր Մասկիշ-շոու դաս իսթ դի պահանջիշ դես սամթ-ֆյուրեր

Ախթունգ, ախթունգ, դեր Մասկիշ-շոու դաս իսթ դի պահանջիշ դես սամթ-ֆյուրեր

Փաշինյանական ռեժիմը որքան պարզունակ, բնականաբար, նույնքան էլ կանխատեսելի է, հատկապես՝ այլախոհների հետապնդման, մամուլի և խոսքի ազատության, հակառակորդների վրա հարձակումների տեսանկյունից:

Բոլորին էլ պարզ էր, որ իրենց կարծիքով՝ Սահմանադրական դատարանը վերացնելուց հետո, Փաշինյանի հակաժողովրդավարական, բռնատիրական ռեժիմը հարձակվելու է իր վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցների վրա:

Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման այս երկու տարի և երկու ամսվա ընթացքում անընդհատ են իրականացվել թիրախավորված հարձակումներ ամենատարբեր լրատվամիջոցների վրա: Այսինքն, նոր չէ, որ Փաշինյանը ձգտում է ամեն գնով ոչնչացնել Հայաստանում այն, ինչը կոչվում է ազատ խոսք, ազատ մամուլ: Հասկանալի է, որ իրեն «ի ցար, ի բոգ» երևակայող Փաշինյանը ձգտում է վերացնել այն ամենը, ինչը կոչված է ապահովել երկրում գաղափարաքաղաքական բազմակարծություն, խոսքի ու կարծիքի ազատություն:

Պատահական չէ, ի վերջո, ո՞ւմ աշակերտն է, որ այդպես չվարվի: Ով՝ ով, բայց ես երբեք չեմ մոռանա, ավելին, երբեք չեմ ների Փաշինյանի քաղաքական ուսուցիչ Տեր-Պետրոսյանին, որ ի շարս այլ «մեծագործությունների»՝ գրչի մեկ շարժումով փակել տվեց ավելի քան մեկ տասնյակ լրատվամիջոցներ՝ խլելով ու առգրավելով նաև այդ խմբագրությունների գույքը: Այն «առգրաված» ոստիկանությունն, ի դեպ, չքավորի հոգեբանությամբ, չէր զլացել թալանել իր պահպանության տակ եղած ունեցվածքը, այսպես ասած՝ «ռասկուլաչիտ» էին արել, սկսած «դվիժոկ»-ից, տպագրական սարքերից, վերջացրած՝ քարթրիջներով ու նույնիսկ համակարգչի մկնիկով:

Հիմա ի՞նչ է պատահել, որ Նիկոլ Փաշինյանը նույնը չանի, ինչ իր քաղաքական հոգեհայրը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ամենևին չի խորշում այդ հարձակումներն իր ենթակայության տակ եղած ոստիկանության և ԱԱԾ-ի միջոցով իրականացնելու հարցում:

Ասվածի վառ ու ամենաթարմ դրսևորումը ոստիկանության հարձակումն էր «Արմնյուզ» և «TV-5» հեռուստաընկերությունների վրա: Հայտնի է, որ այս երկու հեռուստաընկերությունները իշխանության վերահսկողության տակ չեն, և ի դեպ, առաջին անգամ չեն հայտնվում հակաժողովրդավարական ռեժիմի հարձակման թիրախում: «TV-5»-ը կամ «5-րդ ալիքը», որ՝ հաստա՛տ: «5-րդ ալիքի» դեպքում փաշինյանական ռեժիմը հասավ այն բանին, որ Արցախի նորանշանակ փաշինյանական իշխանակատարները ձևական պատճառաբանությամբ խոչընդոտեն կամ արգելեն նշված հեռուստաալիքի հեռարձակումը: Դե, պիտի՞ սիրաշահեն իրենց ղեկավար Փաշինյանի՞ն, թե՞ ոչ: Հատկացում կա, բան կա:

Վերադառնալով կոնկրետ «Արմնյուզի» ու «5-րդ ալիքի» վրա երեկվա հարձակմանը, ապա այն «դիմակավորված» էր: Յուրօրինակ «մասկի-շոու»: Այն իմաստով, որ ոստիկանները ներխուժել էին նշված հեռուստաընկերությունների տարածք, որոշակիորեն խաթարելով այդ լրատվամիջոցների բնականոն աշխատանքը, ստուգում էին, թե արդյոք հեռուստատաղավարներում բոլորը դիմակները դրա՞ծ են շրջում, թե՞ ոչ: Ու, բնականաբար, տուգանում-մուգանում էին: Դե, տուգանքների պլանը պե՞տք է կատարել: Հապա էլ ի՞նչ գումարներից պիտի «թավշապետերը» ոչինչ չանելու համար պրեմիաներ ստանան:

Առհասարակ, դիմակը այս վայ-իշխանության խորհրդանիշն է դարձել, թե՛ շնչադիմակի իմաստով, թե՛ փոխաբերական առումով, որ դիմակավորված են հանդես գալիս: Ասում են՝ սեր, տարածում՝ ատելություն, ասում են՝ նոր, իրականացնում նամշած ռեպրեսիաներ և այդպես շարունակ:

Փաշինյանական ռեժիմը, նման «պատժիչ գործողություններ» իրականացնելիս, հիմնականում ոչ այնքան նպատակ ունի ճնշել տվյալ՝ իրենց քննադատող և իրեն անցանկալի լրատվամիջոցները, որքան ահաբեկել ու վախեցնել, լռեցնել հասարակությանը, քաղաքացիներին: Նույն նպատակն է հետապնդվում նաև դիմակի պատրվակով խաղաղ բնակչության վրա իրականացվող ոստիկանական հարձակումների, բիրտ ուժի ցուցադրական կիրառման ակցիաների ժամանակ:

Մի խոսքով, լրիվ հակաուտոպիկ տեսարան է. ախթունգ, ախթո՛ւնգ, դեր Մասկիշ-շոու դաս իսթ դի պահանջիշ դես սամթ*-ֆյուրեր, ու էս իսթ նիխթ ֆանթասթիշ:

Արմեն Հակոբյան

*Samt (գերմ.) - թավիշ

Այս խորագրի վերջին նյութերը