Մեկնաբանություն

06.07.2020 11:35


Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի սիրտը նոր Սահմանադրություն ուզում

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի սիրտը նոր Սահմանադրություն ուզում

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունն իրեն էլ է հարմար, բայց նրա սիրտը նոր Սահմանադրություն է ուզում։

Զուտ ձևականորեն նա հայտարարում է, որ ուզում է փոխել Սահմանադրությունը, քանզի 1995–ին, 2005–ին և 2015–ին տեղի ունեցած հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից (իսկ որտեղի՞ց համոզվածություն, որ Նիկոլի հանրաքվեն է վստահելի լինելու, չէ՞ որ օրերս նա օրենսդրության բռնաբարությամբ տապալեց սահմանադրական կարգն ու վերածվեց պետությունը զավթած խունտայի պարագլխի):

Նիկոլը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսում է քաղաքացիների անունից և փոփոխությունը հիմնավորում քաղաքացիների պահանջով, բայց «թարգմանաբար» դա նշանակում է, որ նա այդ փոփոխությունները նախաձեռնում է սեփական իշխանության համար։ Միայն սեփական իշխանության համար։ Բացառապես սեփական իշխանության համար։

Նոր Սահմանադրությունը նրան պետք է երկու պատճառով։

Նախ կա հոգեբանական գործոն և կան կոմպլեքսներ։

Նիկոլ Փաշինյանի մոտ կա մոլուցք, որ ամեն ինչ 2018–ի ապրիլ–մայիսից է սկսվում։ Եթե նրան մնար, ապա պատմության դասագրքերում գրել կտար, որ հայ ժողովրդի ու Հայաստանի հիմնադիր հայրն ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ մինչև 2018–ը հայ ժողովուրդ չի եղել, ոչինչ չի եղել։ Իրեն մնար, կասեր նաև, որ հայերեն տառերն էլ է ինքը ստեղծել, իսկ Մեսրոպ Մաշտոցն ընդամենը նախկին իշխանության գրչակներից է եղել։

Նիկոլն ամեն ինչ «թավշյա» մեկնակետից է նայում։ Ձեռքին ճար լիներ, իր հաճախորդական անցյալի ամբողջ արխիվը կջնջեր թերթերից ու համացանցից կամ էլ մարդկանց հիշողությունից կհաներ իր նախորդ կյանքի մասին պատմող բոլոր տեղեկությունները։

Նոր Սահմանադրության ընդունումը հոգեբանական տեսանկյունից նրան պետք է, որպեսզի ցույց տա, որ կյանքը սկսվում է իր կետից, ինչպես որ Արցախի հարցում էր կոմպլեքսավորված հայտարարում, թե բա ես Սարգսյանի թողած կետից չեմ շարունակում բանակցությունները, այլ իմ սեփական կետից եմ սկսում (ժամանակը ցույց տվեց, որ նա հենց Սերժ Սարգսյանի թողած կետից է բանակցել Արցախի հարցով, բայց առաջ գնալու փոխարեն հետ է գնացել)։

Նոր Սահմանադրություն գրելու մյուս պատճառն «աթոռային» է։ Նիկոլ Փաշինյանը վախենում է խորհրդարանական կառավարման համակարգից։ Նրա պատգամավորներն այսօր կատարում են բոլոր հրահանգները, մասնակցում իշխանության յուրացման կոնկրետ հանցագործությանը և դառնում խմբակային հանցագործության սուբյեկտ, բայց վաղը կարող են շատ հանգիստ խաղեր տալ, ինչի արդյունքում «ժողովրդի» վարչապետից կմնա միայն իր սելֆիի ձողիկը։

Նիկոլն, ըստ ամենայնի, փորձում է նախագահական կամ կիսանախագահական կառավարման մոդելի անցնել, որպեսզի ուղղակիորեն կախված չլինի իրքայլականներից, քանզի նա որևէ մեկին չի վստահում ու չի համարում թիմակից։

Նոր Սահմանադրության ընդունման գործընթացը Նիկոլը նախատեսում է 2021–ին։ Իսկ դա նշանակում է, որ եթե մինչև այդ նա թռած չլինի վարչապետի աթոռից, ապա սահմանադրական հանրաքվեն պետք է դարձնել Նիկոլի հեռացման միջոցառում։ Կան բոլոր նախադրյալներն այս «թավշյա» իշխանությանը քշելու և նորմալ իշխանություն ձևավորելու համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը