Մեկնաբանություն

15.07.2020 16:49


Աննա Հակոբյանի «խաղաղասիրությունը» և ադրբեջանական ագրեսիան. ասիմետրիկ իրականություն

Աննա Հակոբյանի «խաղաղասիրությունը» և ադրբեջանական ագրեսիան. ասիմետրիկ իրականություն

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդին պատրաստում է խաղաղության, իսկ Իլհամ Ալիևը՝ պատերազմի։ Նիկոլը պատրաստում է զիջումների, իսկ Ադրբեջանում պատրաստվում են հարձակման։ Մենք ասիմետրիկ իրականություններում ենք ապրում։

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որը սահմանադրական կարգավիճակ չունի, բայց փաստացի պետական կառավարման վերին օղակում որոշում կայացնողի դերակատարում է ստանձնել, Տավուշի մարզում տեղի ունեցողի ֆոնին հայտնվեց համացանցում ու սկսեց խաղաղություն քարոզել։ Գրեթե միաժամանակ Բաքվում ու ադրբեջանական այլ քաղաքներում հակահայկական ցույցեր էին տեղի ունենում։

Երբ կրակի թեժ պահին հայտնվում է մեկը, ով հայտնի է իր՝ «մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի» ձևակերպմամբ, ապա դա, մեղմ ասած, վատ մեսիջ է մեր զինվորներին։

Մի կողմ թողնենք այն հարցերը, թե ո՞վ է Աննա Հակոբյանը, որ պատերազմ կամ խաղաղություն քարոզի, ո՞րն է նրա ֆորմալ կարգավիճակը, ո՞վ է նրան այդպիսի մանդատ տվել։ Սա ի՞նչ ընտանիքապետության դրսևորում է։

Ի դեպ, եթե պատերազմի և խաղաղության հարցերում Ադրբեջանի հետ մենք ասիմետրիկ վիճակում ենք, ապա Աննայի ակտիվության առումով մենք Ադրբեջանի հետ սիմետրիկ պատկեր ունենք։ Այնտեղ էլ Մեհրիբանն է ակտիվ։ Տարբերությունն այն է, որ Մեհրիբանը ֆորմալ կարգավիճակ ունի, իսկ Աննան՝ դեռ ոչ։ Նույնն է պատկերը նաև ղեկավարների երեխաների մասով։ Երկու դեպքում էլ մեջընկածների պակաս չունենք։

Վերադառնալով երկու երկրներում տիրող պատկերի թեմային՝ նկատենք, որ ագրեսիվ ռազմատենչ հայտարարությանը սխալ է պատասխանել պետական դավաճանության հասնող ագրեսիվ խաղաղասիրությամբ։

Խաղաղությունը պետք է ոչ թե մուրալ, այլ խաղաղություն պետք է պարտադրել։ Ադրբեջանը միայն այդ լեզուն է հասկանում։

Եթե հիմա հարաբերական անդորր է, ապա դա չի նշանակում, որ ադրբեջանցիներն ընդառաջ գնացին Աննա Հակոբյանի կոչին ու հրադադար հայտարարեցին։ Դա նշանակում է, որ այս պահին մեր բանակը պարտադրեց հրադադար։ Թե ինչ կլինի վաղը, դժվար չէ կռահել։

Ադրբեջանում հանրային տրամադրությունների տենդենցը պատերազմի գնալն է։ Պատերազմի կոչերով կա՛մ գործող իշխանությանն են ստիպելու գնալ ռազմական լուծումների, կա՛մ իշխանափոխություն է տեղի ունենալու պատերազմի գնալու խոստմամբ։ Մենք պետք է պատրաստ լինենք։ Առաջին հերթին մեր երկրի ներսում «խաղաղասերներից» ազատվելով։ Հանուն Ադրբեջանին պարտադրվող խաղաղության։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը