Լրահոս

16.07.2020 21:00


Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում (լուսանկար)

Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում (լուսանկար)

Հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը սկսեցին գնդակոծել Տավուշի մարզի հայկական դիրքերն ու բնակավայրերը։ Տուժեցին միանգամից մի քանի բնակելի գյուղեր։ Sputnik Արմենիայի լրագրողներն այցելել են սահմանամերձ գյուղեր և անձամբ ականատես եղել իրավիճակին։

Ներքին Կարմիրաղբյուր

«Մեր գյուղը լավագույնն է։ Այնպիսի մարդիկ, ինչպիսիք այստեղ են, ուրիշ տեղ չկան»,-այս խոսքերով է հյուրերին դիմավորում գյուղապետ Լևոն Առաքելյանը։

Հակամարտության սրման արդյունքում ադրբեջանական հրետանին ռմբակոծել է մոտ 800 բնակիչ ունեցող գյուղը։ Բարեբախտաբար, զոհերից հաջողվել է խուսափել, վնասվել են 6 տուն և ենթակառուցվածքներ՝ գազի խողովակներ, էլեկտրացանցեր։ Գյուղի հրետակոծումը ինչ-որ արտակարգ բան դժվար է համարել։ Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ, թերևս, վերջին անգամն է։

«Վտանգը մեզ համար գոյություն ունի արդեն 30 տարի։ Բայց մարդիկ ապրում են, շարունակում են ապրել»,-ասում է Առաքելյանը։

Մարդիկ սովորել են ապրել գնդակների սուլոցի տակ։ Կրակոցներն այստեղ արդեն սովորական բան են։ Դա հատկապես զգում են դաշտում աշխատող և կենդանիներին արոտավայրեր տանող գյուղացիները։ Մի քանի տարի առաջ սեփական բակում սպանվել էր կոմբայնավարը։

Վերջին հրետակոծության արդյունքում արկն ընկել էր գյուղապետարանից մի քանի տասնյակ մետր հեռու գտնվող տան տանիքին։ Տանտիրոջ բախտը բերել էր՝ նա տունը որպես ամառանոց է օգտագործում և այդ պահին պարզապես գյուղում չէր։ Բակում բեկորների կույտ է և ջարդված ապակիներ։

Այդ արկը միակը չէր։ Մյուսը խոցել է մեկ այլ տան անկյունը, քանդել կից շինությունը։ Տան միակ բնակչուհին՝ Սվետիկ Հարությունյանը, այդ ժամանակ դրսում է եղել։ Նրա տունը ադրբեջանական դիրքերից 700 մետր է հեռու։

«Տուն վազեցի` հեռախոսը վերցնեմ, որ եթե մի բան լինի՝ գոնե եղբորս զանգեմ։ Այդ պահին արկն ընկավ տան վրա, արդեն չհասցրի դուրս վազել։ Լավ է՝ պատերն ամուր են, դրանց հետևում թաքնվեցի, ինձ ոչինչ չեղավ»,-պատմեց Հարությունյանը։

Սվետիկի հարևաններից մեկի տանը հարվածային ալիքը պոկել է ջահն ու քիվերը, մյուսի տան պատուհանների բոլոր 13 ապակիներն է կոտրել։ Քիչ ավելի վեր բեկորը երկրորդ հարկի պատուհանից ներս է ընկել և խրվել սենյակներից մեկի պատուհանի շրջանակի մեջ։

Մեկ այլ բեկոր մնացել է մուտքի դռան մեջ։

Տանտերը՝ Նավասարդ Սիմոնյանը, վշտացած է, բայց չի շտապում վերականգնել տունը։ Հասկանալի է՝ կրակոցները շարունակվում են։ Ասում է՝ կսպասի մի քանի օր, մեկ էլ տեսար՝ էլի ինչ-որ բան ընկավ գլխին։ Սա արդեն նրա երկրորդ տունն է, առաջինն այրվել է 1994թ.-ին։

Ամենաշատը նրան վշտացնում է այն, որ իրավիճակի սրման պատճառով չի կարողանում հանդիպել թոռանը։

«Այսպես չի կարելի։ Եթե պատերազմ է, ուրեմն կամ ամեն մեկին զենք տուր, կամ էլ, ինչպես 1989-ին, կացնով, մահակով կգնանք։ Էլ հնարավոր չի այսպես, հոգնել ենք 30 տարի վախը սրտներումս ապրելով։ Ինչքան կարելի է»,-ասում է Սիմոնյանը։

12 տարի ինքը ծառայել է սահմանին, իսկ ընտանիքն ապրել է տնակում, վերջապես տուն են գնել, և հիմա ամեն ինչ նորից է սկսվում։ Եվ բանը փողը չէ, ուղղակի թևաթափ են լինում։ Ահա, ուզում էր կրտսեր որդուն ամուսնացնել՝ արդեն 30 տարեկան է։ Տղան էլ ասում է․ «Ամուսնանամ, կնոջս ո՞ւր բերեմ, կրակոցների տա՞կ»։

«Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում»,-կրկնում են շուրջը հավաքված տարիքով գյուղացիները։

Կյանքն այս գյուղում քաղցր չէ։ Մանկուց ցնցվում են հանկարծակի կրակոցներից։

Եվ մանկուց էլ սուլոցի ձայնից կարող են որոշել, թե ինչ զենքից են իրենց վրա կրակում։ Այդ ձայները տարբերում են բոլորը, անգամ փոքրիկ աղջիկները։

Այգեպար գյուղում, որը գտնվում է հակառակորդի դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ականանետերից և հրանոթներից գնդակոծության հետևանքով մոտ 10 տուն է տուժել: Նախքան հարվածները կսկսվեին, մարդիկ հասցրել են թաքնվել հատուկ ապաստարաններում։ Նրանք դեռ վախենում են թողնել ապաստարաններն ու տուն վերադառնալ։

«Գիժ կամ անխելք պիտի լինես, որ չվախենաս։ Երեխաների համար ենք վախենում։ Բայց սովոր ենք, հենց գնդակոծությունն ուժեղանում է, իջնում ենք նկուղներ։ Մի քանի օր առավոտից երեկո չենք կարողանում դուրս գալ, որ գոնե մի բան ուտենք»,-ասում է գյուղի բնակչուհին։

Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Մխիթար Սամսոնյանը, հրաշքով է փրկվել իր մեքենայի կողքին տեղի ունեցած պայթյունից։ Կադրերում երևում է, որ մեքենան կարգին վնասվել է։

Մեկ այլ գյուղի՝ Արծվաբերդի շատ ծնողներ իրենց անչափահաս երեխաներին ուղարկել են քաղաքներում կամ սահմանից հեռու գյուղերում բնակվող ազգականների մոտ։

«Ամբողջ գիշեր գլխներիս վերևում կրակոցներ են, երեխաները վախենում են, չեն քնում, ինչ արած։ Չնայած գյուղի վրա չեն կրակել, մի քանի արկ ընկել է շրջակայքում»,-պատմեց գյուղի բնակչուհի Աստղիկը։

Գյուղի բնակիչները չեն կարողանում դաշտ դուրս գնալ, որ մշակեն խաղողի վազերը։ ՈՒԱԶ-ով դաշտ դուրս եկած համարձակները գնդակոծության տակ են ընկել, բայց հասցրել են վերադառնալ։

Մի քանի արկ էլ Բերդ քաղաքի շրջակայքում է ընկել։ Կյանքը սովորականի պես է ընթանում։ Չնայած բնակիչների մի մասը տնից դուրս չի գալիս, իսկ շատ խանութներ փակ են, սակայն քաղաքում իրավիճակը շատ ավելի հանգիստ է։

Այս ընթացքում Բերդ են ժամանել կամավորական «Արծիվ-30» մահապարտների ջոկատի անդամները։ Բանակն առայժմ նրանց օգնության կարիքը չի զգում, բայց նրանք ամեն պահի պատրաստ են աջակցել։

Հուլիսի 16-ի գիշերը ադրբեջանական զինուժը անհաջող դիվերսիայից հետո վերսկսել է Մովսես և Այգեպար գյուղերի հրետակոծությունը: Թե ինչ իրավիճակ է հիմա այնտեղ՝ դեռևս հայտնի չէ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am
23747861
23747862
23750962
23753910

Այս խորագրի վերջին նյութերը