Քաղաքական

16.07.2020 19:38


Դավաճանություն ՀԱՊԿ-ի կողմից չկա, Հայաստանի հանդեպ պարտավորությունների չկատարում՝ ևս․ Իգոր Կորոտչենկո

Դավաճանություն ՀԱՊԿ-ի կողմից չկա, Հայաստանի հանդեպ պարտավորությունների չկատարում՝ ևս․ Իգոր Կորոտչենկո

«Շատերին է հետաքրքրում, թե ինչու այս անգամ չգործեց կողմերի միջև ստեղծված ուղիղ կապը՝ նման լարված իրավիճակներից խուսափելու համար»,-168am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին բռնկված ռազմական դիմակայությանը։

Հիշեցնենք, որ արդեն 5 օր է՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է, ընթանում են մարտական գործողություններ, որոնք նախօրեին հանդարտվել էին, իսկ այսօր վերսկսվել է նոր թափով ադրբեջանական կողմի կատարած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով։ Ադրբեջանական կողմը թիրախավորել էր նաև խաղաղ բնակչությանը սահմանամերձ գյուղերում։ Հայկական կողմն ունի 20 վիրավոր, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Ադրբեջանական կողմը հայտնել է զոհերի և վիրավորների մասին։

Իգոր Կորոտչենկոն հույս հայտնեց, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով իրավիճակը հնարավոր կլինի շուտ կարգավորել։ Նրա խոսքով՝ չկա կանխատեսում, որ սա կվերաճի լայնամասշտաբ պատերազմի։

«Այստեղ խոսքը սահմանային միջադեպի մասին է, ռազմական բախումներն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների բավականին նեղ մասում, և իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ սա ավելի շատ սահմանային սրված միջադեպ է, ցավոք սրտի, օգտագործվում են ոչ միայն հրաձգային միջոցներ, այլև ծանր սպառազինություն»,-ասաց Իգոր Կորոտչենկոն։

Նրա կարծիքով, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը հետաքրքրված չեն, որպեսզի լինի լայնածավալ պատերազմ։ «Պատերազմն այսօր կողմերից ոչ մեկին որևէ առավելություն չի տա, և այս իրավիճակում ամեն ինչ սահմանափակվում է տեղային բախումներով»,-ասաց նա։

Ըստ Իգոր Կորոտչենկոյի՝ դժվար է մեկնաբանել իրավիճակը, քանի որ ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ։

«Չգիտենք, թե ինչպես է իրականում զարգանում իրավիճակը, քանի որ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, Ադրբեջանը՝ Հայաստանին, ինչպես միշտ, ավանդաբար եղել է։ Եթե լինեին միջազգային դիտորդներ կամ խաղաղապահներ, որոնք շփման գծում կլինեին, այդ դեպքում կլիներ արբիտր, որը հստակ կասեր, իսկ այս իրավիճակում կողմերը միմյանց են մեղադրում, ուստի մեր կողմից մեղադրել որևէ կողմին սխալ կլինի»,-նման դիրքորոշում հայտնեց վերլուծաբանը։

Ռազմական մեկնաբանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի հայտարարությունը, չնայած շատ քննադատվեց, մտածված ու ճիշտ էր, քանի որ ոչ ոք չի ցանկանում մեծ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այս հայտարարությամբ ցանկանում են, որ իրավիճակը շուտ կարգավորվի։

«Հիասթափությունը ՀԱՊԿ-ի դիրքորոշումից այնքան էլ տեղին չէ, քանի որ խոսքը սահմանային միջադեպի մասին է, սա պատերազմ չէ։ Երկրորդը՝ արտաքին արբիտրի բացակայությունն անհնար է դարձնում Մոսկվայի տեսանկյունից հստակեցնել, թե առաջին պատճառը ո՛րն է եղել այս հակամարտության, ինչից է սկսվել, ով է մեղավոր, և այս իրավիճակում ՀԱՊԿ-ի դիքրորոշումը հաշտեցման դիրքորոշում էր, հաշտեցման նպատակ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի օգտագործվեն քաղաքական և դիվանագիտական միջոցները, որպեսզի կողմերն այլևս չկրակեն, հանդարտվի իրավիճակը, որից հետո հնարավոր կլինի հասկանալ, թե ինչն ինչու պատահեց։ Այստեղ դավաճանության կամ պարտավորություններ չկատարելու հարց չկա, խոսքը բացառապես հանգիստ պայմաններում իրավիճակի հանգիստ վերլուծության մասին է։ Հայաստանը նաև կապ է հաստատել ՀԱՊԿ-ի հետ, բայց չի դիմել, քանի որ խոսքը սահմանային միջադեպի մասին է»,-ասաց Կորոտչենկոն։

Վերջինիս կարծիքով՝ Ռուսաստանն իր առաքելությունն իրականացնում է, կապի մեջ է կողմերի հետ։ «Կարծում եմ՝ օգտակար կլինի կողմերին միմյանց կապող որևէ նախաձեռնություն կազմակերպել, օրինակ՝ տեսակոնֆերանս հակամարտող երկրների ԱԳ նախարարների միջև, պետք է եղանակներ փնտրել։ Կարծում եմ՝ այդպես էլ արվում է»,-ասաց նա։

Նա նաև նշեց, որ իրեն այս ամենում վախեցնում է մեկ այլ հարց։

«Փաշինյանն ասում էր, որ օպերատիվ կապ է գործում։ Իսկ ինչո՞ւ՝ երբ այդ հակամարտությունը ծագեց, չզանգեցին միմյանց այդ կապով, չկարգավորեցին իրավիճակը միայն մեկ զանգով։ Փաշինյանը մեկ անգամ չէ գովել Ալիևին, նրան ասել դաստիարակված և կիրթ անձ, որ, երբ Փաշինյանը նրա հետ շփվում է, որևէ խնդիր չկա, և այդ թեժ կապն ինչո՞ւ չգործեց։ Սա հետաքրքիր հարց է, երբ այն գովերգվում էր ոչ մեկ անգամ։ Իսկ այդ գիծը հենց նման իրավիճակների համար էր նախատեսված, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կա թեժ գիծ, Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև կա թեժ գիծ, երբ վտանգավոր ռազմական իրավիճակներ են ստեղծվում, դրանով կապ է հաստատվում և կարգավորվում իրավիճակը։ Երբ զինվորականները միմյանց դեմ են կանգնած, դժվար է երկխոսելը, բայց կան քաղաքական գործիչներ, որոնք կարող են միջամտել, և այդ կապը հենց դրա համար է։ Ասում էին, որ այդ կապը թույլ է տվել մի շարք դեպքերում կարգավորել իրավիճակը, իսկ այս անգամ դա չգործեց, և շատերին է հետաքրքրում, թե ինչու»,-ասաց Կորոտչենկոն։

Այս խորագրի վերջին նյութերը