Մեկնաբանություն

17.07.2020 12:40


Ինչի մասին է վկայում ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի տխմար հոխորտանքը

Ինչի մասին է վկայում ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի տխմար հոխորտանքը

Թշնամական Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը, գիտեք, նախօրեին «փայլատակեց» տխմարագույն հոխորտանքով, թե իրենք կարող են հրթիռային հարված հասցնել Մեծամորի Հայկական ատոմակայանին: Չնայած անշնորհակալ ու, մեղմ ասած՝ անհրապույր զբաղմունք է բթամտության նման ժայթքումը մեկնաբանելը, բայց այնուամենայնիվ պետք է: Առավել ևս, որ դա մի ինչ-որ մոլորված կոյոնլուի պոռթկում չէ, այլ Ադրբեջանի այսպես ասած՝ պաշտոնական շրջանակների, ավելի պարզ՝ Ալիևյան խանապետության վերին թախտին բազմածի ցանկություն և հանձնարարություն (նման իդիոտիկ հայտարարությամբ հանդես գալը): Այդ վերջին հանգամանքը ևս ստիպում է ավելի հանգամանորեն անդրադառնալ բացահայտ հնչեցված այդ սպառնալիքին:

Իհարկե, բնականորեն, առաջինն, ինչ անցնում է նորմալ մարդու մտքով, որպես զուտ նախնական ռեակցիա, այն է, որ Ադրբեջանն էլ ունի ռազմավարական նշանակության բազմաթիվ օբյեկտներ, սկսած Մինգեչաուրի ջրամբարից, վերջացրած Բաքվի նավթահանքերով, որոնք միանգամայն հասանելի են Հայաստանի Զինված ուժերի ունեցած սպառազինության, հեռահար հրթիռների համար:

Վերադառնանք սակայն բուն դիտարկվող «փայլատակմանը», այն է, ՀԱԷԿ-ին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի հայտարարությանը: Շրջանցենք նաև այն դիտարկումը, որ եթե «միջուկային աղետ» լինի, ապա դրանից ոչ միայն Հայաստանը, այլև նույն Ադրբեջանը, իր «մեծ եղբայր» Թուրքիան, ինչպես նաև՝ Վրաստանն ու Իրանն էլ կտուժեն, եթե ավելին չասվի:

Առաջին հերթին նման ցնդաբանությունը պարզորոշ վկայում է, որ իրենց նախահարձակ գործողություններին ՀՀ Հյուսիս-արևելյան սահմանագոտու Տավուշի հատվածում մեր բանակի հասցրած հակահարվածները եղել են թշնամու համար խիստ ցավոտ, թշնամուն պատճառել են լուրջ կորուստներ: Վերջինիս այլ բան չի մնում, քան անզորությունից ու չարությունից, պատկերավոր ասած, «գլուխը պատերով խփելը»՝ ոչնչացնելով դրա մեջ ծվարած վերջին բջիջները: Եթե կուզեք, ՀԱԷԿ-ին հարվածելու մասին Ադրբեջանի հայտարարությունը համադրելի է Մոսկվայում ցուցադրաբար հայկական ծիրան կճղակելու՝ համացանցի հիթ դարձած տեսանյութում պատկերված ախմախությանը:

Կարճ ասած, թշնամին «վառված» լինելով մեր զինուժի թիրախային ու դիպուկ հարվածներից՝ իր չարությունը դրսևորում է նաև նման ապուշ հոխորտանքով, ինչպես նաև, իր հակամարդկային բնույթին հավատարիմ՝ թիրախավորում է մեր խաղաղ բնակավայրերը, խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները:

Երկրորդ. նման բթամիտ հայտարարությունը կոչված է մեր հասարակությանը, գուցե նաև քաղաքական ղեկավարությանը ահաբեկելուն, ինչը ի սկզբանե ձախողված մտադրություն է, այնքան որ հիմարություն է ասվածը:

Երրորդ. Ադրբեջանի կողմից նման սպառնալիք հնչեցնելը ուղղակի հրաշալի նվեր է Հայաստանի դիվանագիտական կորպուսին, հայկական կազմակերպություններին, պրոհայկական օտարերկրյա գործիչներին, աշխարհին ցույց տալու համար մեր թշնամու բուն նկարագիրը, մարդատյաց ու մոլագար բնույթը:

Վերջին դիտարկումից ածանցված՝ պետք է սակայն նկատել, որ թշնամին ինքն է փորձում առաջնահերթ քարոզչական դիվիդենտներ քաղել, հատկապես՝ միջազգային ասպարեզում: Հիմարությունը՝ հիմարություն, բայց նշված հայտարարության հիմնական նպատակներից մեկը, ինքնին պարզ է, հենց նման քարոզչության ֆոն ապահովելն էր (այսինքն, չթերագնահատենք, էլի, թշնամուն, չընկնենք թերագնահատման այդ ծուղակը): Խոսքն այն մասին է, որ մեր ԱԷԿ-ին հարվածելու մասին հայտարարությունը զուգորդվեց ադրբեջանական քարոզչության կազմակերպված ապատեղեկատվական արշավով, թե հայկական կողմը, իբր, սպառնացել է հարվածել Մինգեչաուրին կամ այլ օբյեկտների:

«Ոտքով-գլխով» ներքաշվել հակառակորդի ապատեղեկատվական սադրանքի մեջ, թերևս, չարժե: Բայց, այո, հստակ հակադարձել անհրաժեշտ է:

Մյուս կողմից, հակառակորդի այդ մանիպուլյատիվ ու ստահոդ քարոզչությանը պետք է կազմակերպված հակադրել թշնամու կողմից հայկական բնակավայրերի, խաղաղ բնակիչների, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման ակնհայտ ու անհերքելի փաստերը (առնվազն) ներկայացնելով, այլ ոչ թե, օրինակ, միջազգային հեռուստաընկերության լսարանի առջև հայտնվելով «թավշյա իշխանափոխության» մասին ոչ մեկին չհետաքրքրող լոլոներ դայլայլել:

Իսկ քարոզչական ու լրատվական դաշտում հակադարձելու համար Հայաստանն ու հայությունն ունեն բոլոր դիվանագիտական, տեղեկատվական հնարավորությունները՝ ներառյալ Սփյուռքի կազմակերպությունների ներուժը:

Այ, նման դեպքերում է, օրինակ, որ պետք է երևա նաև մշտապարգևատրվող ԱԺ մանդատակիրների զանազան օտարերկրյա գործուղումների գոնե ինչ-որ արդյունք կամ կապեր հաստատելու հանգամանքը: Մինչդեռ, դատելով ընթացիկ զարգացումներից, աշխատանքային այդ ճակատում մեր ակտիվում գրանցելու շատ բան չունենք: Բայց դա արդեն բոլորովին այլ խոսակցության նյութ է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը