Կարծիք

06.04.2011 15:49


Ս. Սաֆարյան – Լ. Տեր-Պետրոսյան երկխոսությունը, կամ «Դա իմ ժողովուրդը չէ»

Ս. Սաֆարյան – Լ. Տեր-Պետրոսյան երկխոսությունը, կամ «Դա իմ ժողովուրդը չէ»

Օրերս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը facebook-ում հրապարակեց 2008-ի մարտի 1-ին իր և Լևոն Տեր-Պետրոսյանի երկխոսությունը (http://7or.am/archives/47024): Մասնավորապես, Սաֆարյանը մեջբերեց Տեր-Պետրոսյանի «Ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ (Ֆրանսիայի դեսպ. Մոտ, – հեղինակ): Դա իմ ժողովուրդը չէ: Իմ շտաբը այնտեղ որեւէ հավաք չի պլանավորել: Միգուցե սադրիչնե՞ր են հավաքվել…» խոսքերը` հավելելով, որ դրանք երբեք չեն ջնջվի իր հիշողությունից:

ՀԱԿ առաջնորդի մի խումբ կողմնակիցներ շտապեցին այդ հրապարակումը որպես “սուտ” որակել: Դրանից հետո նույն սոցիալական ցանցում և տարբեր բլոգերում սկսեցին բավականին թեժ (ու երբեմն ագրեսիվ) քննարկումներ ծավալվել այդ թեմայի շուրջ (http://www.panorama.am/am/politics/2011/04/04/safaryans-comment/):

Որոշեցի ուսումնասիրել հարցը: Նայեցի բանավիճողների բերած հղումները այդ չարաբաստիկ օրվա լրահոսից և հասկացա, որ... Բայց գնանք խրոնոլոգիկ ճանապարհով` սկսելով առավոտյան ժամերից:

1. Լեվոն Տեր-Պետորսյանն իր ժամը 11:00-ի (http://www.a1plus.am/am/politics/2008/03/1/23303/) ասուլիսում ասում է, որ «իմ թիկնազորի պետին ուղարկեցի ճշտելու, թե ինչ կարգավիճակով եմ, տնային կալա՞նք է, թե՞ ոչ: Ասացին, որ այդպիսի սանկցիա չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տանից դուրս գալու, սա մեկ, եւ երկորրդ` ասել են, որ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու: (http://www.a1plus.am/am/politics/2008/03/1/23301/) Իմ մի քանի ընկերներ փորձել են գալ, նրանց չեն թողել: Ստեփան Դեմիրճյանն է փորձել գալ, կրկին չեն թողել: Սա է ամբողջ պատմությունը: Հրապարակից նույնիսկ փորձեցինք կապ հաստատել մեր ընկերների հետ, 4-5 հոգու հետ կարողացել եմ կապվել, մնացածների հետ ոչ»։http://www.a1plus.am/am/politics/2008/03/1/23319/: Իսկ Ստեփան Սաֆարյանն ասում է, որ Տեր-Պետորսյանն իրենց ասել է, որ “Այս պահին իմ շտաբի անդամները փախուստի մեջ են, եւ մինչեւ շտաբը չհավաքվի, որեւէ բան ես չեմ անի (ժողովրդի մոտ գնալ կամ ուղերձ փոխանցել)»: Այսինքն` Լեվոն Տեր-Պետրոսյանը Ժառանգությանն ասել է, որ չեն թողնում շտաբի անդամները եւ այլոք իր տուն գան, ինքը նրանցից ընդամենը մի քանիսի հետ է կապվել: Դա նշանակում է, որ Լեվոն Տեր-Պետրոսյանը չգիտի` ինչ անել եւ չի կարող ասելիք ունենալ, ինչը եւ ասում է Ստեփան Սաֆարյանը:

2. Ստեփան Սաֆարյանն ասում է, որ Լեվոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բավականին ուշ են եկել ֆրանսիական դեսպանատան հրապարակ եւ վաղ առավոտյան «Ժառանգությունից» այնտեղ է եղել Անահիտ Բախշյանը, ում միացել են իրենք: Ապացույցը` Ա1+-ի հետեւյալ լուրը. «12:39 | Մարտ 01, 2008, Այս պահին Գրիգոր Լուսավորիչ փողոցը երկու կողմից փակ է երկու տրոլեյբուսներով: Ֆրանսիական դեսպանատան մոտ են բերել Ազատության հրապարակից աղբատար մեքենան, որի մեջ լցված են հրապարակում գիշերողների ներքնակները <…..> Ի դեպ, քիչ առաջ Ֆրանսիական դեսպանատան մոտ էին եկել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Նրանք փորձել են մեղմել լարված մթնոլորտը. այս պահին այնտեղ ոչ միայն ցուցարարներ են, այլեւ զինված իրավապահներ: Օմբուդսմենը հայտնել է, որ կգնա բանակցելու զորքը հանելու հարցով»:  (http://www.a1plus.am/am/politics/2008/03/1/23311/):

3. Ստեփան Սաֆարյանը հայտարարում է, որ իրենք գրեթե 1.5 ժամ ավելի վաղ են հասել Մյասնիկյանի արձանի մոտ, քան Լեվոն Տեր-Պետորսյանի տանը գտնված ՀԱԿ մյուս անդամները` Դավիթ Շահնազարյանը եւ Լեվոն Զուրաբյանը: Ա1+-ի հաջորդ լուրն ասում է. «13:47 | Մարտ 01, 2008 | Այս պահին Ֆրանսիական դեսպանատան մոտ շարւնակվում են բանակցությունները ոստիկանության հետ, այնտեղ են գտնվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Նրանք ցանկանում են հանդիպել Ֆրանսիայի դեսպանի հետ, սակայն վերջինս դեռեւս չի արձագանքել պատգամավորների կոչին»։ Լուրում որեւէ հիշատակում չկա Դավիթ Շահնազարյանի կամ Լեվոն Զուրաբյանի այնտեղ գտնվելու մասին: Ուշադրություն դարձրեք ժամերին, որոնք առնվազն մի 10-15 րոպե առաջ կարող են լինել` տեղից խմբագրություն զանգելու, լուրը փոխանցելու ու այն կայքում տեղադրելու առումով: Այսինքն այդ ժամերի դրությամբ դեռեւս Լեվոն Տեր-Պետորսյանը ասելիք չուներ ժողովրդին եւ մարդ չէր ուղարկել հրապարակ:

4. Ստեփան Սաֆարյանն ասում է, որ ՀԱԿ-ի ղեկավարները եւ հատկապես Լեվոն Տեր-Պետորսյանի ուղերձաբերները եկել են ժամը 15:00-ի մոտակայքում: Ա1+-ի հաջորդ լուրում կարդում ենք. “17:59 | Մարտ 01, 2008 | Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարներին քիչ առաջ կոչ է արել՝ չհեռանալ այնտեղից: «Սիրելի ժողովուրդ, ես հենց նոր հանդիպեցի Լեւոն Տեր-Պետրասյանի հետ, կանգնում ենք այստեղ, տեղից չենք շարժվում, մինչեւ չլինի իր հրահանգը, որը դուք կլսեք անձամբ իրենից»,- ասել է Զուրաբյանը: Այս պահին դեսպանատան մոտ են եկել Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Արամ Սարգսյանը”: (http://www.a1plus.am/am/politics/2008/03/1/23326/) Ուշադրություն դարձրեք լուրի ժամին 17:59: Կրկին հաշվի առնենք, որ մի կես ժամ ուշ է այն տեղադրվել կայքում, լավագույն դեպքում` մեկ ժամ: Եզրակացություն` Ստեփան Սաֆարյանը ամեն ինչ ճշգրիտ է ներկայացնում. 11:00-ից մինչեւ 16:30 Լեվոն Տեր-Պետորսյանը ժողովրդի համար ուղերձ չի ունեցել: Դրանք ամենալարված պահերն են եղել` սադրանքներով, դանակահարությունով, երբ Արմեն Մարտիրոսյանին դանակահարեցին այդ ժամերին: Եւ միայն այն ժամանակ, երբ ոստիկաններից հրապարակը մաքրվել էր, հանրահավաքի պայմաններն էլ ապահովված, նոր միայն Լեվոն Տեր-Պետորսյանի անունից ուղերձ է փոխանցվում: Այն Լեվոն Տեր-Պետորսյանի ուղերձը, ով կարող էր դա փոխանցել ժամը 12:00-ին մոտ` «Ժառանգության» պատգամավորների միջոցով, ովքեր դիմել են իրեն: Ահա թե ինչու է Լեվոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը եւ թիկնապահը հրաժարվում, որ հանդիպում է եղել: Մինչդեռ փաստ է, որ Լեվոն Տեր-Պետրոսյանը խուսափել է անգամ իր ուղերձը փոխանցել «Ժառանգության» պատգամավորներից 1.5-2 ժամ ուշացումով հրապարակ գնացած Լեվոն Զուրաբյանի ու Դավիթ Շահնազարյանի միջոցով: Լեվոն Զուրաբյանը ուղերձը ժողովրդին է փոխանցում ժամը 16:00-ից հետո: Այսինքն, Ստեփան Սաֆարյանը այստեղ էլ է  իրավացի: Կարծում եմ, որ առանց իմ ասելու էլ ընթերցողին պարզ է, որ եթե իսկապես Լեվոն Տեր-Պետորսյանն այդ ժողովրդին «իրենը» համարեր, ապա իրեն նման կերպ չէր պահի: Հետեւաբար` հավատում եմ, որ նա նաեւ ասել է` «Դա իմ ժողովուրդը չէ»:

Հ.Գ. Այնուամենայնիվ, ըմբռնումով եմ մոտենում այն ակտիվիստներին, ովքեր չեն ուզում հավատալ Ստեփան Սաֆարյանի ասածին, ու բարձրացնում են այս հարայ-հրոցը, քանի որ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մի մարդու հետևից տարիներով գնացել ես, իրեն առաջնորդ ես համարել, իսկ ինքը, պարզվում է, քեզ ի սկզբանե «իրենը» չի համարել:

Դանիել Իոաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը