Կարծիք

07.04.2011 14:00


Գումարելիների տեղերը փոխելիս՝ գումարը չի փոխվում

Գումարելիների տեղերը փոխելիս՝ գումարը չի փոխվում
Մաթեմատիկայի բոլորիս ծանոթ այս բանաձևն այսoր գործում է նաև մեր քաղաքական կյանքում: Փորձեմ բացատրել, թե ինչու եմ հանգել նման եզրակացության:

Այսպես. Հայաստանի քաղաքական դաշտը բաժանված է երկու հիմնական մոնոպոլ ուժերի միջև՝ իշխող կուսակցության և այսպես կոչված ընդդիմության՝ ի դեմս Սերժ Սարգսյանի հետ համագործակցության ձգտող Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ի: Սակայն այստեղ կա մի մեծ «բայց»:

Հայտնի է, որ ընդդիմադիր է համարվում քաղաքան այն ուժը, որը տեսնում է հասարակության առջև ծառացած խնդիրները, այդ իսկ խնդիրների վերաբերյալ առաջարկում է լուծման այնպիսի ուղիներ, որոնք չեն կիրառվում իշխող էլիտայի կողմից: Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը «քննադատական ոգու» կրողն է քաղաքական դաշտում: Սակայն Տեր–Պետրոսյանի թե՛ ելույթներում, թե՛ առաջ բերած պահանջներում չկա ոչ միայն գաղափարական քննադատություն իշխանության հասցեին, այլ առկա է ակնհայտ սատարում գործող ռեժիմի քայլերին։ Հիշենք թեկուզ միայն հայ–թուրքական գործընթացը: Իսկ այն, որ Տեր–Պետրոսյանն ու իր թիմակիցները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ դա արդեն ոչինչ չի նշանակում, քանի որ նույն բանը նույն բանով փոխարինելու ձգտում ունեն միայն մարդկանց շատ նեղ շրջանակները, բայց ոչ հասարակությունը։

Ցավալի է, բայց փաստ, որ Ղարաբաղյան շարժման ծնունդ «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ» լոզունգը, որը վերաբերում էր Ղարաբաղն ազատագրելուն, Լևոն Տեր–Պետրոսյանի ձեռքում այսօր վերածվել է մի լոզունգի, որը, փաստորեն, ուղղված է Ղարաբաղի դեմ:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն էլ հանձնողական բնույթ ունի։ Ստացվում է, որ մեր երկրի իշխանություն և ընդդիմություն կոչվածի մեջ միակ տարբերությունը հանձնելու մոտեցումների մեջ է:

Այս իրողությունից բխում է, որ մեզ մոտ օրակարգային է դառնում որակապես նոր քաղաքական դասավորություն ստեղծելու հարցը, որի մեջ գործող իշխանությունն ու լևոնական ընդդիմությունը կդիտարկվեն որպես մարգինալ երևույթներ։

Անհրաժեշտ է երկրի զարգացման, սոցիալ–տնտեսական իրավիճակի բարելավման ու արտաքին քաղաքականության արդյունավետ ճանապարհներ մշակել ու դրանք ներկայացնել հանրային դատին։ Համոզված եմ, որ արձագանքները դրական կլինեն, ու մենք դուրս կգանք այս ճգնաժամից։

Նարինե Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը