Մեկնաբանություն

22.07.2020 17:55


Ռուսաստանի հետ միջնորդավորված «լեզվակռիվը» սխալ է, իսկ «թավշիզմը»՝ ծանր շռայլություն

Ռուսաստանի հետ միջնորդավորված «լեզվակռիվը» սխալ է, իսկ «թավշիզմը»՝ ծանր շռայլություն

Հայ-ադրբեջանական սահմանագոտում, որ ավելի տեղին է ասել՝ ճակատում, անցած գիշեր էլի անհանգիստ էր:

Դատելով տարածված պաշտոնական տեղեկատվությունից՝ մեր ժամկետային զինծառայողները կրկին, ինչպես հարկն է, քոթակել են ակտիվացած թշնամու հատուկջոկատայիններին: Զուտ ռազմական տեսանկյունից, իհարկե, հարցեր չկան. մեր բանակը առավել քան հստակ անում է իր գործը:

Բայց մյուս կողմից նույնքան ակներև է, որ Բաքվի կողմից լարվածության շարունակական աճը չի դադարելու կամ արագ չի մարելու: Հնարավոր է, որ մի քանի օր դադարներ լինեն, որոնց հաջորդելու են նոր ելուզակություններ և սադրիչ գործողություններ: Պատերազմի այս փուլում թշնամին, ըստ երևույթին, նման մարտավարություն է որդեգրել՝ կորուստների հետ հաշվի չնստելով:

Մի այդպիսի արտահայտություն կա. որտեղ ավարտվում է դիվանագիտությունը, այնտեղ սկսվում է պատերազմը:

Իհարկե, այնպես չէր, թե 90-ականներին սկսված պատերազմը վերջնական ավարտվել էր ու նոր սկսեց: Մարտական ակտիվ գործողությունների, մեր խաղաղ բնակավայրերի հրետակոծման վերսկսման մասին կարող է խոսք լինել: Բայց ամեն դեպքում, դա ոչ մի լավ բան չի վկայում դիվանագիտության, այսինքն՝ արտաքին քաղաքականության մասին:

Եվ չնայած ակտիվացողը, հրահրողը, ինչպես միշտ, թշնամին է, բայց դա խոսում է նաև մեր պետությունը ներկայացնողների արտաքին-քաղաքական, առհասարակ՝ քաղաքական բացթողումների մասին (մեղմ ասած): Այսինքն, իրականացվել է այնպիսի քաղաքականություն, եղել են այնպիսի վրիպումներ, որոնք հակառակորդին թույլ են տվել կարծելու, թե եկել է հարմար պահը՝ իր ռազմատենչ նկրտումները կյանքի կոչելու փորձի համար:

Այն, ինչ այսօր կատարվում է մեր սահման-ճակատային գծում, որոշակի իմաստով հետևանք է նաև վերջին երկու տարվա ընթացքում Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության արտաքին քաղաքականության: Այն քաղաքականության, որը դիպվածայնության, հակասական հայտարարությունների, անհասկանալի ռևերանսների, «վերելակային պայմանավորվածության» ու նմանօրինակ դրսևորումների «զարմանահրաշ» հավաքածու է: Ցավո՛ք:

Ավելին, իրավիճակն այնպիսին է, որ լարվածության ավելացմանը «կողքից» տարածաշրջանային այլ խաղացողներ են միջամտում, այսպես ասած՝ «երրորդ կողմի» ուժային կենտրոններ են ներգրավվում: Դա, իհարկե, միայն մեզանից չէ կախված: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ջանքեր գործադրի՝ դա թույլ չտալու, կանխելու, չեզոքացնելու համար: Ցավն այն է, որ այդ ջանքերի գործադրումը չի երևում, գոնե՝ նշույլները:

Իբր ամեն ինչ շիտակ էր, հիմա էլ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, այսինքն՝ Փաշինյանի իշխանությունը ներքաշվել է մեր պետության ռազմավարական դաշնակցի հետ «միջնորդավորված լեզվակռվի» մեջ: Ռուսաստանի իշխանությունը «խոսեց» իր քարոզչական «հրետանավորներից» Մարգարիտա Սիմոնյանի միջոցով: Այն, որ դրանք պարզապես ազգանվան «յան» վերջավորությամբ մի անձնավորության անհատական դիտարկումներ չէին, չեն կռահում միայն անուղղելի «թավշիստները», թերևս: Պատահական չէ, որ հենց նրանք էլ բորբոքում ու «յուղ են լցնում» այդ «լեզվակռվի» վրա:

Նման իրավիճակում, այն էլ՝ ռազմավարական դաշնակցի հետ նման լեզվակռիվն, իհարկե, խայտառակություն է, ինքնին:

Բայց դա չէ միայն խնդիրը: Խնդիրն այն է նաև, որ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ավելի ընդհանրական ասած՝ Հայաստանի պետության ղեկավարը թեկուզ հեռավար շփում չի ունեցել Ռուսաստանի ղեկավարի, կոնկրետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ակտիվում միայն ՌԴ վարչապետի հետ մինսկյան շփումն է:

Ի դեպ, հետաքրքիր է, որ հուլիսի 17-ին Մինսկում Միխայիլ Միշուստինի հետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը՝ սահմանագոտում առկա իրավիճակի մասին, սակայն չկա նշում, թե ինչպես է արձագանքել ՌԴ վարչապետը, եթե առհասարակ, որևէ կերպ արձագանքել է (կասկածողները կարող են ինքնուրույն զննել այդ հաղորդագրությունը՝ կից տեսանյութով հանդերձ https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/07/17/Nikol-Pashinyan-Mikhail-Mishustin/):

Կներեք, բայց Փաշինյանի իշխանության արտաքին-քաղաքական քայլերի, էլ չենք ասում՝ կոնկրետ Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով այնքան էլ լավատեսական պատկեր չի ձևավորվում, որքան էլ որ մեր բանակը փայլուն լուծում է իր առջև դրված խնդիրը: Հայաստանի ռազմիկներն իրենց հեղինակավոր խոսքն ասում են, բայց ո՞ւր են և ի՞նչ են ասում Հայաստանի դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը:

Ցավալի է և այն, որ Հայաստանը, հայությունն ունեն լավ, բայց չօգտագործված հնարավորություններ առնվազն կարգավորելու համար հայ-ռուսական հարաբերությունները, որոնց խաթարվածությունը պարզորոշ նկատելի է այս լարված վիճակում: Դրա համար կան բավարար քաղաքական, մարդկային, կազմակերպչական ռեսուրսներ: Կան գործիչներ, որոնք ի վիճակի են հարթել նաև արհեստականորեն կուտակված կնճիռները:

Ուղիղ ասենք՝ նման ամենից նկատելի պետական գործիչը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Եվ նրա դեմ դրսևորվող «թավշիզմը» ծանր, անգամ աններելի շռայլություն է մեզ համար: Շռայլություն է, որ այսօր, այս փորձության պահին նման գործիչը դատարանի դահլիճներում է «զբաղված», այլ ոչ թե այն աշխատանքով, որը կյանքով ու գործով է ապացուցել՝ կարողանում է անել շատ-շատերից ավելի լավ ու արդյունավետ:

Ի դեպ ասած, դատարանի նույն դահլիճում, ամբաստանյալների աթոռներին նստած են միանգամից մի քանի գործիչ, որոնք ուղղակիորեն կարող են նպաստել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմանը: Ու այն, որ նրանք ամբաստանյալի աթոռին են, ոչ մի լավ բան չի հուշում: Սխալներն ուղղելու ժամանակ դեռ ունենք: Քիչ, բայց ունենք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը