Մեկնաբանություն

08.04.2011 01:13


Հանրահավաք, երթ և «марш домой»

Հանրահավաք, երթ և «марш домой»

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը այսօր հանրահավաք է անցկացնելու։ Իշխանական ու լևոնական շրջանակներն ամեն ինչ անում են, որպեսզի ապահովեն միջոցառման գլխաքանակի ցանկալի մակարդակը և հեղափոխական պաթոսը։

Սերժա–լևոնական պայմանավորվածության շրջանակներում՝ իշխանական թիմն աջակցում է Լևոն Տեր–Պետրոսյանին, որպեսզի նա ընդդիմադիր դաշտի միակն ու անկրկնելին դառնա ու այդ գործում ներգրավել են անգամ տխրահռչակ Ահարոն Ադիբեկյանին, իսկ ՀԱԿ առաջնորդի խնդիրը մարդկանց հավաքելն ու տուն ուղարկելն է՝ ակնկալելով, որ իր այդ ծառայությունների դիմաց Բաղրամյան 26–ում կորոշեն ապագա ԱԺ–ում մի քանի մանդատ տալ հնազանդներին։

Պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց բողոքական էլեկտորատին կյանքի այս կամ այն ոլորտում կոնկրետ փոփոխություններն են հետաքրքրում, իսկ լևոնական շարքերին՝ «Հիմա»–ն։ Այդ իսկ պատճառով իշխանությունները սերիալային ոճի գործողություններ են պլանավորել, որպեսզի մարդկանց մոտ Լևոնից սպասումներ առաջանան ու իրենց թվա, թե քայլ առ քայլ մոտենում են իշխանափոխությանը, բայց երբ ուշքի գան՝ տեսնեն, որ արդեն հերթական խորհրդարանական ընտրություններին են հասել։

Ըստ այդմ՝  քաղաքական սերիալը, որն ունի «Լևոն» անվանումը և որը գովազդվում է «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքներով, հաջողությամբ վաճառելու և մարդկանց ուշադրությունը շեղելու համար՝ անընդհատ նոր զարգացումներ են պետք, ինչն էլ ապահովվում է։

Այսպես. մարտի մեկի հանրահավաքում պահանջներ ներկայացվեց իշխանությանն  ու ժամկետ սահմանվեց։ Հաջորդ հանրահավաքին արդեն ավելի շատ զանգված հավաքվեց, որպեսզի տեսնեն, թե ինչ են անելու «իրենց» պահանջները չկատարելու համար։ Արեցին։ «Գրավեցին» Ազատության հրապարակը, որը վաղուց փակ չէր։ Մարդիկ մտան հրապարակ, մի քիչ անտաղանդ պար տեսան, լսեցին Լենին պապիի (կներեք՝ Լևոն պապիի) խոսքը ու ցրվեցին տներով։ Այդ օրերին իշխանությունները քաղբանտարկյալների քանակը երկուսով պակասեցրին ու մեկով ավելացրեցին։ Այսինքն, պատկերավոր ասած, հա՛մ գայլերը կուշտ մնացին, հա՛մ ոչխարները ողջ։ Դա ներկայացվեց, որպես շարժման հաղթանակ։ «Գալոչկան» դրեցին ու սկսեցին լրատվամիջոցներով թմբկահարել այդ հաղթանակը։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ չպայթեցներ քարոզչական այդ փուչիկը։ Հիմա տերպետրոսյանականները ստիպված են իրենց շարքերին ապացուցել, որ հաճախորդացման գործընթաց չկա, այլ կա «շախմատ»։ Բայց բոլորին հիմարացնել չհաջողվեց։

Մարտի 17–ին բարեհաջող տուն ուղարկված զանգվածների մեծ մասն արդեն այդ օրվա գիշերն, իրենց տան խոհանոցներում քննարկելով տեղի ունեցածը, եկան այն եզրակացության, որ «արժանապատիվ գործարք» ծրագրի շրջանակներում Տեր–Պետրոսյանն իրենց քանակն օգտագործում է՝ իր գինը Սերժ Սարգսյանի մոտ բարձրացնելու և իր նեղ շրջապատի շահերն առաջ տանելու համար։ Հասկացան ու սկսեցին բարձրաձայնել այդ մասին։ Դրանից հետո իշխանություններն ու Տեր–Պետրոսյանի թիմը սկսեցին ապացուցել, որ պայմանավորվածություն չկա և ՀԱԿ–ը հեսա–հեսա իշխանությունը վերցնելու է։ Բայց միայն ասելով չէ և մարդկանց պետք է նոր «կտեր» տալ։ Այդ «կտերը» ենթադրում են նոր զգացողություններ։ Այդպիսի զգացողություն կարող է լինել Ազատության հրապարակի ևս մեկ անգամ «գրավումը», բայց այդ կինոն մարդիկ արդեն տեսել են։ Նոր բան է պետք։

Իշխանությունները կարող են այս անգամ Օպերայի բակ մուտք գործելուց զատ՝ բեմադրել նաև «նստացույց» օպերացիան, բայց նստացույց արդեն իսկ կա այնտեղ ու մի քիչ օրիգինալ չէ այդ ամենը և հետո հո՞ մարդկանց մեկ տարուց ավելի չեն նստացնելու Թումանյանի արձանի կողքը։ Չնայած՝ Լևոնի հեչ վեջի՞ն է. մեկ է ինքը չէ նստողը, թող նստեն։

Այլ սցենար էլ կա։ Օրիգինալ կարող է լինել, օրինակ, եթե այսօրվա հանրահավաքի մասնակիցները Մատենադարանի մոտից երթ անեն Բաղրամյան պողոտայով դեպի նախագահական նստավայր։ Համաձայնեք, որ հանրահավաքի մասնակիցների «վկայոտ» մասի ադրենալինն այդ դեպքում  կբարձրանա, քանի որ նոր զգացողություններ կառաջանան։ Թատրոնը կատարյալ դարձնելու համար՝ ոստիկանները կարող են մի քիչ դիմադրել, բայց հետո թույլ տալ շարժվել։ Զարգացումներն ավելի հուզական ու դրամատիկ դարձնելու համար՝ Սերժ Սարգսյանը կարող է ընդառաջ դուրս գալ ցուցարարներին ու խոսքի բռնվել հետները, ինչպես որ դա արեց զոհվածների մայրերի հետ՝ նախագահականի ճաղերի հետևում կանգնած։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանանց տոների միամսյակը նոր է ավարտվել՝ Սարգսյանը կարող է նույնիսկ ծաղիկներ նվիրել դեպի իր նստավայրը շարժվող երթի գլուխ կանգնած Տեր–Պետրոսյանին՝ ի երախտագիտություն «արժանապատիվ» գործարքի։ ՀԱԿ առաջնորդը կարող է վերցնել ծաղիկներն ու հայտարարել, որ եթե այս ծաղիկն իշխանության նվերն է, ապա նվեր է հասարակությանը և չկա ավելի արժանապատիվ գործարք, քան ծաղկի ընդունում–հանձնումը։

Կարելի է նույնիսկ տեղում քվեարկություն կազմակերպել՝ «Ովքե՞ր են կողմ Սերժ Սարգսյանի ծաղիկներն ընդունելուն» հարցադրմամբ ու անմիջապես արձանագրել, որ բոլորը կողմ են։

Իշխանական գրչակները դրանից հետո անմիջապես կտպագրեն «ծիվ–ծիվ», ավելի ճիշտ՝ «win-win» վերնագիրը կրող մի հոդված, որտեղ կարձանագրեն, որ իշխանության ու ընդդիմության երկխոսությունից շահում են բոլորը. Սերժը՝ ով լավ է զգում իրեն երբ  ծաղիկ է նվիրում ու երբ աշխատում է նախագահական նստավայրում, Լևոնը՝ ով լավ է զգում իրեն երբ նախագահականում աշխատողից ծաղիկ է ստանում ու այդ ծաղիկների թերթիկները հանրահավաքի մասնակիցներին է փոխանցում և ծաղկավաճառները՝ ովքեր իրենց բիզնեսը զարգացնելու հնարավորություն են ստանում, քանի որ ակնհայտ է դառնում, որ իշխանությունը ՀԱԿ ղեկավարին դեռ շա՜տ ծաղիկներ է պատրաստվում նվիրել։

Մի խոսքով՝ «Լևոն» սերիալը դիտարժան դարձնելու համար տարբերակները շատ են ու մարդկանց մոտ բաղձալի իշխանափոխության պատրանք ստեղծելու բազում հնարքներ կան «Եղիազարի» ու «միաբանի» մտքում։ Բայց ինչ էլ լինի՝ վերջում կինոն ավարտվելու է նույն ձևով՝ մարդկանց տուն ուղարկելով։ Սա «Լևոն» սերիալի սցենարային անփոփոխ մասերից է, որը կկրկնվի մինչև 2012 թվականի մայիս ամիսը։

Իհարկե լավ է, որ Տեր–Պետրոսյանը չի ուզում և չի կարողանում հեղափոխությամբ իշխանությունը վերցնել, բայց վատ է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանվում է, ինչն էլ մեր երկրի հետընթացի պատճառ է դառնում։ Ու որպեսզի այս խեղկատակությունն ավարտվի՝ հասարակության գիտակից հատվածը պետք է քաղաքական դաշտից վռնդի «Լևոն» սերիալի և՛ ռեժիսորին, և՛ հովանավորին, և՛ գլխավոր դերասանին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը