Մեկնաբանություն

03.08.2020 12:10


«А теперь я Наташа!»

«А теперь я Наташа!»

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հարցազրույցը ռուսական «РБК»–ին ծրագրային էր։ Նա հայտարարում էր ռուսաստանահպատակ դառնալու իր պատրաստակամության մասին։

Դա, իհարկե, շուստրի գեղցիություն էր, քանզի Մոսկվան արցունքներին չհավատալու հատկություն ունի։ Հատկապես երբ այդ արցունքները թափում է մեկն, ով իր «աղջիկ» ժամանակներում հայտարարել էր, որ 2016–ի ապրիլյան պատերազմը հրահրել էր Ռուսաստանը, որպեսզի Ադրբեջանին մտցնի ԵԱՏՄ, ով նաև խորհրդարանական խմբակցության ղեկավարի կարգավիճում նախաձեռնել էր ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու գործընթաց։

Տավուշյան մարտերից, Թուրքիայի արձագանքից ու լայնամասշտաբ պատերազմի վտանգից հետո Փաշինյանը հասկացել է, որ Մոսկվայի հանդեպ ինքն իրեն շատ սխալ է պահել, որի մասին նրան Կրեմլից հիշեցրին Մարգարիտա Սիմոնյանի միջոցով։ Իսկ ինչո՞ւ հիմա հիեցրեցին։ Քանզի տարածաշրջանում վառոդի հոտ է գալիս ու Մոսկվայում բռնել են Նիկոլի շատ ցավոտ տեղից, գիտեն, որ խաղեր չի կարող տալ։ Նիկոլն էլ գիտի, որ խաղեր չի կարող տալ, քանզի հայ–թուրքական պատերազմից խուսափում է բացառապես ՌԴ–ի շնորհիվ։

Նիկոլը հիմա լացում է, որպեսզի Մոսկվան իրեն հավատա, բայց նրա այդ վարքագիծը նույնքան դեմ է ՀՀ ինքնիշխանության պաշտպանության գաղափարին, որքան Մոսկվայի հետ ոչ դաշնակցային հարաբերություն հաստատելը մինչև տավուշյան բախումները։ Մի ծայրահեղությունից մյուսի գիրկն ընկնելը և օրվա կուրսով առաջնորդվելը ոչ մի կապ չունի ինքնիշխանության հետ։ Հակառակը։

Փաշինյանը հարցազրույց տվեց ռուսական ալիքին, որպեսզի հայտարարի՝ «А теперь я Наташа!»։ Հիմա նա «նատաշայական» քաղաքականություն է փորձելու վարել ՀՀ–ի ներսում կամ այդպիսի քաղաքականության իմիտացիա անել։ Սփյուռքի հարցերով զբաղվող կառույցի կադրային ջարդն այդ «օպերայից» էր։ Ավելի հեռուն գնալու համար, սակայն, նա պետք է շատ լուրջ քայլեր անի, այն է՝ ձերբազատվի իր իշխանության սորոսաթուրքական փայատերերից։ Իսկ դա նշանակում է աշխատանքից հեռացնել օդիոզ նախարարներին՝ Արայիկ Հարությունյանից մինչև Արսեն Թորոսյան։

Չի բացառվում, որ Նիկոլը ավելի համարձակ քայլերի գնա՝ օրենքով սահմանված կարգով կալանավորի 5–րդ շարասյանը՝ «ծռերի» վերնախավին, պատգամավորական մանդատից զրկի «Իմ քայլը» խմբակցության «կանաչ» թևին, այն թևին, որը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։

«Նատաշա» դառնալու ձգտումը Նիկոլին կարող է մղել ինքն իրեն ռուսամետ համարող Վաղարշակ Հարությունյանին միանգամից մի քանի պաշտոնի նշանակել, քանզի իր շրջապատում այլ մարդ չկա. բոլորը հակառուսականության վրա փող աշխատած ու իրենց կյանքի իմաստը Ռուսաստանին հայհոյելու մեջ տեսած քայլարած են։

Փաշինյանը պետք է օգտագործի Վաղարշակին, տուն ուղարկի Անդրանիկ Քոչարյանին, իսկ Արամ Զավենի Սարգսյանին հանդիպի բացառապես Դավալուի բոստաններում։

Եվ ամենակարևորը, վարչապետ Փաշինյանը «նատաշա» դառնալու համար պետք է խստորեն դատապարտի ընդդիմադիր Նիկոլի բոլոր հայտարարությունները և փորձի համացանցից ջնջել իր այն հիմար ելույթները, որոնք նա ունեցել է՝ էժանագին միավորներ հավաքելու և սորոսաթուրքական շրջանակներին հաշվետվություն տալու համար։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեզ ոչ թե «նատաշայի» կարգավիճակ ունեցող պետության ղեկավար է պետք ՌԴ–ի հետ հարաբերություններում, այլ արժանապատիվ ու բանիմաց քաղաքականություն վարող լիդեր։ Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունները չի կարելի փչացնել Նիկոլի պես, ու նույն Նիկոլի պես չի կարելի դրանք վերականգնել գավառամիտ քծնանքով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը