Մեկնաբանություն

16.08.2020 01:00


Ինչու Փաշինյանը կանգնեց ԱԳ նախարարի տրորած փոցխի վրա

Ինչու Փաշինյանը կանգնեց ԱԳ նախարարի տրորած փոցխի վրա

Եվ չնայած օրվա իշխանությունը, առաջին հերթին, իհարկե, Նիկոլ Փաշինյանն իրենցից կախված ամեն ինչ անում են, որ «ասել-խոսելու» նորանոր առիթներ ու պատճառներ լինեն, «Բի-Բի-Սի»-ին տված նախօրեի հարցազրույցը շարունակում է մնալ հայրենակիցներից շատերի ուշադրության ու քննադատության թիրախում: Զանգվածաբար «Մարտական խաչ» շքանշանով Տավուշի հուլիսյան մարտերի մասնակիցներին պարգևատրելու երևույթն էլ շատերին չշեղեց Փաշինյանի հարցազրուցային տապալումից:

Դե, անգլերենը դեռ դնենք մի կողմ: Փաշինյանն, օրինակ, Մուտկոյից ահագին լավ էր խոսում:

Այլ բան է հետաքրքիր. Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր, թե՞ իրեն միևնույն էր, թե ում է հարցազրույց տալու, ինչ հաղորդում է դա: Չիմանալն ուղղակիորեն բացառվում է: Եվ բացառվում է այն պարզ պատճառով, որ իր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ոչ այնքան շատ վաղուց՝ մի 10 ամիս առաջ, նույնպես հյուրընկալվել էր այդ հաղորդաշարին: Ու, չնայած անգլերենի ընտիր իմացությանն ու առհասարակ, լեզվին, նաև նախորդ ու ներկա գործունեությունից ելնելով՝ ահռելի տեղեկատվության տիրապետելուն, չնայած դիվանագետ լինելուն, շատ-շատերի գնահատմամբ՝ սայթաքել էր: Կարճ ասած՝ տրորել էր այդ հաղորդաշարը վարող Սակուրի դրած «փոցխը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դրանից մոտ 10 ամիս անց, երևի որոշել էր, որ դա հետաքրքիր զբաղմունք է: «Գնաց» ու ինչ-որ մի հունարով կարողացավ կանգնել ոչ միայն իր ԱԳ նախարարի տրորած «փոցխի», այլև հարցազրույցի ընթացքում դրված մյուս բոլոր հնարավոր ու անհնար «փոցխերի» վրա: Դրանց ֆոնին անգլերենի «լևըլը» նույնիսկ երկրորդական-երրորդական է դառնում:

Հարցն այն չէ, որ որևէ մեկնաբան, հրապարակախոս, քաղաքագետ կամ առհասարակ, որևէ մեկը (ներառյալ տողերիս հեղինակին) հակակրում կամ համակրում է տվյալ անձնավորությանը՝ Նիկոլ Փաշինյանին: Հարցն այն է, որ անկախ այդօրինակ անհատական ընկալումներից, գոնե նման դեպքերում ու հարթակներում ակնկալում ես տեսնել պետության, քո՛ պետության ղեկավարի, այլ ոչ թե միտինգային աղմկարարի: Ակնկալում ես, որ քո՛ պետության ղեկավարի կարգավիճակ ունեցողը կարողանա արժանապատիվ ու մակարդակով ներկայացնել մեր երկիրը, մեր խնդիրները, մեր դիրքորոշումը, վիճակը, նպատակները: Կարողանա թեմային ու ասելիքին տիրապետողի գոնե տպավորություն թողնել:

Երկու-երեք անգամ, նյարդային համակարգի ընդհանուր «զորահավաք» անելով, դիտեցի այդ չարաբաստիկ հարցազրույցը: Լավ, այդքան թույլ, անպատրաստ, խե՛ղճ, անգամ՝ խեղճուկրակ վիճա՞կ...

Հարցը, ախր, Նիկոլ Փաշինյանը չէ: Պետությանդ համար ես վատ զգում:

Նայում, լսում ու փորձում էի հասկանալ, թե ԱԺ ամբիոնից, լայվերով, միտինգներում առյուծ ու դինոզավրեր պատառոտող, ասֆալտներին փռող, պատերին ծեփող, թաթիկները կտրող, քաղաքական աղբանոցների մեծն գիտակ, աջուձախ շշպռող ու «պարզաբանում պահանջող հայացքով» Նիկոլ Փաշինյանն ո՞ւր է, որտե՞ղ է անհետացել, ինչո՞ւ նույնպիսի ջերմեռանդությամբ չի շշպռում իրեն «անհարմար» հարցեր տվողին:

Չէ, չեմ ասում՝ դիմացի հեռուստամոնիտորը շրջեր, կախարդական փայտիկը վերցներ ու հաղորդավարի գլխին խփեր, նկատի չունեմ նաև, որ ձայնը բարձրացներ ու բղավեր դիմացինի վրա: Ընդամենը պատասխաներ. հստակ, արժանապատվորեն, տեղը՝ տեղին: Առավել ևս, երբ դիմացինը Հայաստանի արածների համար... ինչ-որ ներողություն խնդրելուց էր խոսում: Դե թող Փաշինյանը ծեփեր պատին, փռեր «ասֆալտին»...

Թե՞ այս ամենը այդպես մտածված է: Նաև այն, որ Փաշինյանը չէր կարող «չգնալ» այդ հարցազրույցին: Արտերկրյա «գործընկերներին» (ոմանց կարծիքով՝ գործատուներին) պիտի նաև այդպե՞ս հաշվետու լինել:

Այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ արևմտյան պարտնյորները տեսնում ու զգում են, որ շատ բան այն չէ, ինչպես իրենք էին մտմտացել, որ «թավիշը»՝ «թավիշ», «գունավորը»՝ «գունավոր», բայց ուղղակիորեն ոչինչ չի ստացվում իրենց նախընտրած Փաշինյանի մոտ: Ու նաև նման տարբերակով նեղում են, հարցեր են տալիս, թե բա՝ «էն կորոնավիրուսի հետ ինչ եղավ», թե՝ «երկու տարի է անցել, բայց մեծ հույսերն ու սպասումները չեն արդարանում»:

Միամիտ չլինենք, ո՛չ «Բի-Բի-Սի»-ին, ո՛չ էլ ավանդաբար թուրքամետ ու ադրբեջանամետ Մեծ Բրիտանիային բացարձակապես հետաքրքիր չեն, թե հեռավոր Հայաստանում տեղաբնիկների ինչ հույսեր իրականացան կամ չիրականացան: Այստեղ ակնարկն ու անհանգստությունը թերևս այն է, որ դրա հետևանքը կարող է լինել «յուրայինի» իշխանության կորուստն ու նրա հետ արդեն օտար խաղացողների կապած «հույսերի» փոշիացումը: Դրա համար էլ Փաշինյանի ոտքի տակ «ծանր զրույցի» փոցխ են դնում, իսկ նա էլ՝ ճարահատյալ ոտքը դնում է վրան: Դե փոցխն էլ, գիտեք, թե ինչ է լինում: Դա ֆիզիկայի օրենք է, այն օրենքներից, որ նույնիսկ «իմքայլաբոլշևիկյան» ԱԺ-ն, իր «քանքար-իրավագետներով» չի կարող փոխել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը