Մեկնաբանություն

21.08.2020 18:25


Փոքր Մարալիկում էլի բողոքի ցույց է՝ մեծ խնդիրների բացահայտմամբ

Փոքր Մարալիկում էլի բողոքի ցույց է՝ մեծ խնդիրների բացահայտմամբ

Երևանի ոչ բարով, բայց՝ «կարգին» քաղաքապետի գործունեության նախորդ շրջանից հայտնի սքեթչներից մեկում Մարալիկի անունն էր շոշափվում: Ենթատեքստը, որ փոքր տեղ է, էլի այդ Մարալիկը:

Չէ, հասկանալի է, որ Մարալիկը նույնիսկ Հայաստանի չափանիշներով մեգապոլիս չէ: Բայց այդ փոքր քաղաքում բավականին մեծ խնդիրներ են բացահայտվում, որոնք ցույց են տալիս նաև, թե «ժողովրդակա՜ն», «ժողովրդասե՜ր», «բոլորի առաջ խոնարհվո՜ղ», «բոլորով հպարտացո՜ղ», մի խոսքով՝ «դմփ-դմփ-հու» իշխանությունը ինչպես է իրականում վերաբերվում միանգամայն կոնկրետ և հողեղեն խնդիրներին, որոնք ուղղակիորեն առնչվում են իշխանական շիրայածոր կեղծավորության օբյեկտի վերածված ժողովրդի կյանքին, հոգսերին, ապրուստին:

Մարալիկում, այսպիսով, օգոստոսի 21-ի լուսաշող օրով ծննդատան աշխատակիցները բողաքի ցույցի էին ելել: Պատճա՞ռը: Այն խիստ կենցաղային է. մարդիկ՝ Մարալիկի ծննդատան աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել: Յո՜թ ամիս, Կա՛ռլ, կներեք, անշուշտ, Պողոս պիտի ասեի...

Տրամաբանական է, որ 7 ամիս սուսուփուս չեն նստել: Բայց փաստ է, որ ավելի քան կես տարի նրանց հարցը չի լուծվել:

Գիտեք, մի որոշ ժամանակ սրանից առաջ, առողջապահության նախարարը «սրբազան պատերազմի» ելավ մարզային, փոքր քաղաքների և ավանների ծննդատների և բուժկենտրոնների մանկաբարձական բաժանմունքների դեմ: Մարալիկում ցույցով-բողոքով, կռվով-դավով կարծես թե հասան այն բանին, որ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը շարունակի գործել:

«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը panorama.am-ին ասել է, որ 2019 թվականին մերժվել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը: Հետո «պետական այրերը» եկել են, ասել՝ վերազինեք, հետո ուսումնասիրել են, բայց բաժանմունքին կարգ չեն շնորհել: Հետո... սկսվել է կորոնավարակը, ու նախարարությունից պատասխանել են, որ դրա պատճառով՝ ուսումնասիրություն իրագործելու համար հանձնախումբ չունեն:

Մի խոսքով, ստեղծվել է իրավիճակ, որի պայմաններում տվյալ բուժկենտրոնի 13 աշխատակցի վերաբերյալ կոնկրետ իրավական ակտ չկա. նրանք համարվում են աշխատող, աշխատանքի մեջ գտնվող, բայց աշխատավարձ չեն ստանում ու նրանց նկատմամբ աշխատավարձային պարտք է կուտակվում: Արդեն մի 10-11 միլիոն դրամ կուտակվել է (միջինը, յուրաքանչյուր աշխատողին ամիսը՝ 130 հազար դրամի կարգի): Չէ, հասկանալի է, որ ամեն ամիս առնվազն 1 միլիոն ստացող նախարարների ու պաշտոնյաների համար դա «թիվ» չէ, բայց... ամեն դեպքում:

Մարալիկի առողջության կենտրոնում անհանգստանում են, որ այդ պարտքը կարող է հետագայում դիտարկվել պատրվակ, որ իրենց ճանաչեն սնանկ ու ընդհանրապես լուծարեն:

Չէ, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվել, ըստ էության: Մի խումբ բժիշկներ, մանկաբարձներ՝ նույն համայնքի շահագրգիռ բնակիչների աջակցությամբ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, պահանջ են դրել, որ իրենց քաղաքի ծննդատունը, որն, ի դեպ, սպասարկում էր նաև շրջակա ոչ քիչ թվով համայնքների բնակչությանը, չփակվի:

Մի կերպ, մի կերպ նրանց պահանջը կարծես թե՝ հարգվել է: Բայց հիմա էլ, «ա՜խ, այդպե՜ս ուրեմն, դե՝ դուք ձեր հալը դեռ կտեսնեք» տարբերակով, բյուրոկրատական տարբեր «ֆռիկներ» գործադրելով, այժմ մարալիկցիներից յուրովի «վրեժ են լուծում»: Հապա ուրիշ ինչո՞վ բացատրել այն, որ 7 ամիս շարունակ մարդկանց շատ կոնկրետ հարցերին լուծում չի տրվել, որոշակիություն չի մտցվել, համապատասխան որոշումներ չեն ընդունվել, որ եթե փակվո՞ւմ է բաժանմունքը՝ փակվի, մարդիկ իրենց գլխի ճարը տեսնեն, եթե չի՞ փակվում՝ մարդիկ աշխատեն ու աշխատավարձ ստանան:

Իսկ այսպես, բանը կարող է հասնել նրան, որ լուծարման ռեալ սպառնալիքի կամ հավանականության առջև հայտնվի հիշյալ բուժհաստատությունը:

Երբ «պոպուլիստական» սիլի-բիլի թեփը թափում ես մի կողմ, տակից շատ պարզ երևում է, թե իրականում կամ խորքում ինչպես է «սիրելի կառավարությունը»՝ «ոտնապաչվելի» վարչապետի գլխավորությամբ, զբաղվում ժողովրդի իրական խնդիրներով ու հոգսերով:

Կորոնավարակից երկրում ընդհանուր առմամբ ավելի քան 1000 մարդ է մահացել, իսկ վարչապետն ու առողջապահության նախարարը կառավարության նիստում անհամ կատակներ են անում, թե՝ կուզեի՞ք ֆինանսների նախարար լինել...

Առանձնատնաշեննե՜ր:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը