Մեկնաբանություն

28.08.2020 14:30


Ինչո՞ւ հավաքականում չի խաղալու թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը (լուսանկար)

Ինչո՞ւ հավաքականում չի խաղալու թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը (լուսանկար)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին և 8-ին ՈՒԵՖԱ-ի «Ազգերի լիգա» մրցաշարի «C» դիվիզիոնի երկրորդ խմբում նախ ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ՝ նրանց դաշտում, ապա՝ Էստոնիայի հավաքականի հետ՝ Երևանում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հրապարակած հայտացուցակում նշված չեն իտալական «Ռոմայի» կիսապաշտպան և հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։

Գլխավոր մարզիչն ասել է, թե Հենրիխ Մխիթարյանն իր հետ հեռախոսազրույցում ասել է, որ օգոստոսի 6-ից հետո արձակուրդում է եղել, չի մարզվել, մի խոսքով՝ «լավ մարզավիճակում» չէ, Գևորգ Ղազարյանն ասել է, որ վնասվածք ունի, Սարգիս Ադամյանն էլ նոր է ապաքինվել ստացած վնասվածքից, և որոշել են ռիսկի չդիմել:

Կներեք, բայց հավաքականի գլխավոր մարզչի այս բացատրությունները կոնկրետ Հենրիխ Մխիթարյանի պահով կտրականապես անհամոզիչ են:

Նախ, ի՞նչ է նշանակում, թե Հենրիխ Մխիթարյանն արձակուրդում է եղել ու չի մարզվել: Մի՞թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու գլխավոր մարզիչը երեկ չէ առաջին օրն են իմացել, որ սեպտեմբերի առաջին օրերին երկու պաշտոնական հանդիպում ունեն: Իհարկե՝ ո՛չ: Այնպես որ, եթե Հենրիխ Մխիթարյանը չի էլ մարզվել, ապա դա հավաքական մարզչական շտաբի բացթողումն է առաջին հերթին:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ նույնիսկ չմարզված Հենրիխ Մխիթարյանը, եթե պայմանական ասած՝ «մեկ ոտքով» էլ խաղա, էլի կգերազանցի հավաքականի իր խաղընկերներին՝ մարզավիճակով էլ, խաղամակարդակով էլ:

Ամենևին համոզիչ չեն նաև Հենրիխ Մխիթարյանի «լավ մարզավիճակում չլինելու» մասին արտահայտությունները, անկախ այն նրանից՝ դա ֆուտբոլիստն ինքն է ասո՞ւմ, թե՞ նրան վերագրում են նման արտահայտություն:

Խոսքերն ու արտահայտությունները մի կողմ: Հետևել եմ «Ռոմայի» հետկարանտինային բոլոր խաղերին. Հենրիխ Մխիթարյանը 12 խաղից բաց է թողել միայն 2-ը, 1 խաղում երկրորդ կեսից մտել է խաղադաշտ, իսկ 10 հանդիպում սկսել է մեկնարկային կազմում, միայն մի քանիսում փոխարինվելով գրեթե խաղավերջում: Միայն այդ վերջին 10 խաղերում Հենրիխ Մխիթարյանը խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Առհասարակ, ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» մասնակցել է 22 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

118627825_3359161510812234_1431705371580757608_n

Բայց դա «չոր վիճակագրություն» է: Բոլորը, ովքեր դիտել են «Ռոմայի» հանդիպումները, հատկապես հետկարանտինային շրջանում, կհաստատեն, որ եթե թիմում 2-3 ֆուտբոլիստ կար, որ լիարժեք մարզավիճակում էր, մեկն անկասկած Հենրիխ Մխիթարյանն է, ով առանձնանում էր իր ոչ միայն գոլերով ու փոխանցումներով, այլև ընդհանուր խաղով, արդյունավետ գործողություններով, դրսևորվում որպես թիմի առաջատարներից մեկը:

Ու հիմա մեզ ասում են, թե նա «լավ մարզավիճակո՞ւմ» չէ:

Մեղմ ասած՝ համոզիչ չէ: Մեղմ ասած:

Իսկ երբ համոզիչ չէ, ուրեմն այստեղ կարող են բոլորովին այլ պատճառներ լինել: Նման «այլ պատճառները» երկար փնտրել էլ չարժե: Այնքան էլ վաղուց չէր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «իշխանափոխությունը», որի հետևանքով ՀՖՖ նախագահ դարձավ Արմեն Մելիքբեկյանը: Անցյալ տարվա դեկտեմբերին (երբ տեղի ունեցավ ՀՖՖ «իշխանափոխիչ» արտահերթ նիստը), հատկապես իշխանական, «թավշյա» կամ ակնհայտ իշխանամետ շրջանակներից ամենակեղտոտ ու վայրի «տրավլյա» սկսվեց թե՛ Հենրիխ Մխինթարյանի, թե՛ հատկապես իր մոր՝ ՀՖՖ գործկոմի անդամ և այդ արտահերթ ընտրություններում նորից առաջադրված (ու ինչ-ինչ «տարբերակների» հետևանքով չանցած) Մարինա Թաշչյանի դեմ: Ինչ ասես, որ չէին ասում:

Ամենից բնութագրականը Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի այն ժամանակվա հայտարարությունն էր, թե պետք է Հենրիխ Մխիթարյանին զրկել հավաքականի ավագ լինելուց, թե՝ նա «թքած ունի հավաքականի վրա»: Այդպիսով Փաշինյանը, միջնորդավորված տարբերակով, ըստ էության, «մուռ էր հանում» այն բանի համար, որ Հենրիխ Մխիթարյանը 2018-ի ապրիլին անարձագանք թողեց «թավշյա» միջոցառմանը միանալու՝ իրեն ուղղված փաշինյանական կոչերը: Այն ժամանակ, ի դեպ, «թավշյա» ֆեյքահայհոյաբերանները «ֆաս» հրահանգով հարձակվեցին Մխիթարյանի վրա, ինչպես «վրա էին տվել» անցյալ տարվա դեկտեմբերին:

Այն ժամանակ դա մեծ աղմուկ էր հարուցել: Ու, եթե ոմանց թվում է, թե «ամեն ինչ անցավ-գնաց», ապա մեզ այդպես չի թվում: «Նստվածք», այն էլ բավականին ծանր «նստվածք», այդ ամենը թողել է: Չէր կարող չթողնել:

Ու, մարդկայնորեն կարելի է հասկանալ Հենրիխ Մխիթարյանին, եթե հանկարծ պարզվի, որ նա պարզապես որոշել է այլևս հանդես չգալ Հայաստանի հավաքականում: Անհնար է հասկանալ նրանց, որոնք իրենցից ո՛չ մասնագիտորեն, ո՛չ անհատապես ոչինչ չներկայացնելով, ոչ մի ասպարեզում «քարը քարի վրա» դրած չլինելով՝ աչքի են ընկնում միայն զազրախոսությամբ, բոլորին ու աջուձախ մեղադրելով, միջավայրը թունավորելով ու ապականելով:

Հարցն այն չէ. կհաղթի՞ Հայաստանի հավաքականը առաջիկա և հաջորդ խաղերում, ինչպե՞ս կդրսևորվի, առհասարակ: Մենք, բնականաբար, մեր հավաքականին միայն հաջողություններ ենք մաղթում:

Առանցքային հարցն այն է, թե որևէ երկրի ղեկավարություն, որևէ ֆեդերացիայի ղեկավարություն ինչպե՞ս է վերաբերվում առանձին վերցրած ասպարեզում սեփական տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ նշանակալի հաջողությունների հասած, սեփական պետության ու ազգի պատիվը իր մասնագիտական ասպարեզում բարձր պահած անհատականությանը, ինչպիսին է Հենրիխ Մխիթարյանը:

Հարցն ու բնութագրականն այն է, որ սրանք ինչի դիպչում են, կեղտոտում են կամ մի անշնորհքություն անում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը