Քաղաքական

28.08.2020 17:45


ՍԴ դատավորների գանգատը սահմանված ժամկետում ուղարկվել է ՄԻԵԴ

ՍԴ դատավորների գանգատը սահմանված ժամկետում ուղարկվել է ՄԻԵԴ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ գանգատն արդեն ներկայացվել է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների շահերի ներկայացուցիչ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ գանգատի ներկայացման՝ դատարանի կողմից ժամկետը օգոստոսի 28-ն էր, և այդ ժամկետը պահպանելով՝ պահանջված փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է: «Հետագա քայլերի մասին դատարանը նամակագրությամբ կտեղեկացնի և՛ դիմումատուին, և՛ Կառավարությանը»:

Սահակյանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ին ուղարկված գանգատով վիճարկվում է Կոնվենցիայով երաշխավորված 5 հոդվածի խախտում: «Արդար դատաքննության իրավունքը, քանի որ արդարադատության իրականացումը մերժվել է, մասնավոր և մասնագիտական կյանքի պաշտպանության իրավունքը, քանի որ մասնավոր և մասնագիտական կյանքի միջամտություն է տեղի ունեցել, որը եղել է ոչ օրինական ընթացակարգերով և չի հետապնդել իրավաչափ նպատակ»,-մանրամասնեց Սահակյանը՝ նշելով, թե ամբողջ գործընթացում ՍԴ դատավորները ենթարկվել են խտրականության։

«Բարձրաձայնվել են նաև սեփականության իրավունքի պաշտպանության հարցերը, Հայաստանում իրավական պաշտպանության միջոցների բացակայության խնդիրը»,-հավելեց նա՝ ընդգծելով, թե նշված իրավունքների խախտումներն իրականացնելիս պետությունը ձևականորեն վկայակոչել է իրավական ընթացակարգեր, սակայն դրանց հետևում ոչ թե իրավական, այլ՝ դրանից տարբերվող, մասնավորապես՝ քաղաքական նպատակներ են եղել։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հունիսի 22-ին, առանց ՍԴ դրական եզրակացությունն ստանալու, սահմանադրական փոփոխություններ իրականացրեց, որով դադարեցվեցին ՍԴ-ի՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահից դարձավ դատավոր:

Այս խորագրի վերջին նյութերը