Մեկնաբանություն

03.09.2020 23:55


Մահացու «արաղ»... Մեղավորներ կան, բայց արդյոք միայն «արաղ սարքո՞ղն» է ենթակա պատժի

Մահացու «արաղ»... Մեղավորներ կան, բայց արդյոք միայն «արաղ սարքո՞ղն» է ենթակա պատժի

Ալկոհոլային թունավորման դեպքերի վերաբերյալ տեղեկություններն այս օրերին ավելի շուտ ձախողակ «մարտական գործողությունների» ամփոփագրեր են հիշեցնում: Միայն պաշտոնական տվյալներով՝ օգոստոսի 31-ից մինչև այսօրվա կեսօր արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք:

Երեսունութ: Ուշադրություն դարձնենք, որ դեպքերի աշխարհագրությունը տարածվում է Արմավիրից մինչև Կոտայքի մարզ, ըստ որում, դեպքերը կապված չեն մեկ, այսպես ասենք՝ «սեղանամերձ» հավաքույթի հետ:

Պաշտոնական տվյալներով՝ ալկոհոլային թունավորման դեպքերից 25-ն արձանագրվել է Արմավիրի մարզում, 12-ը՝ Երևանում, մեկ դեպք՝ Կոտայքի մարզում: Երևանի դեպքերը կապված են բժշկական սպիրտից պատրաստած հեղուկը կլանելու հետ, այսինքն՝ դրանք արմավիրյան «խուժան արաղի» հետ ուղղակի կապի մեջ չեն: Դա առանձին միջադեպ է:

Եվ ամենից դաժան տեղեկությունը. թունավորվածներից 14 մարդ մահացել է:

Սա քիչ է ասել, թե արտառոց եղելություն է Հայաստանի համար: Երևի երկու տասնամյակ նման զանգվածային ալկոհոլային թունավորում, իսկ ըստ էության՝ «խուժան արաղի» միջոցով սպանությունների դեպք չէր եղել:

Ինքնին հասկանալի է, որ հարուցվել է քրեական գործ, քննչական կոմիտեն նախաքննություն է իրականացնում, կան ձերբակալվածներ, իսկ կոնկրետ մահացու «արաղը» պատրաստած անձը՝ Աշոտ Հ.-ն ավելի վաղ էր ձերբակալվել:

Հասկանալի է, քննչական մարմիններն իրենց պարտականությունն են կատարում, հուսանք, իրոք համակողմանի և ամբողջական քննություն կիրականացվի այս սահմռկեցուցիչ թունավորման գործով:

Բայց դա կատարվածի հետևանքների մեջ է, ամեն պարագայում: Իսկ որո՞նք են պատճառները:

Որքան էլ այս պատմության շուրջ աղմուկը մեծ է, կոնկրետ հրապարակային տվյալները համեմատաբար սուղ են: Սակայն արդեն հրապարակված մանրամասնություններն էլ բավարար են արձանագրելու համար որ Արմավիրի կոնկրետ տվյալ բնակիչը տարիներ շարունակ, ոչ գործարանային պայմաններում, պարզ ասած՝ տանը ու տնայնագործական տարբերակով, «արտադրական ծավալներով» օղի կամ օղենման հեղուկ է պատրաստել և իրացրել: Հարյուրավոր լիտրերով: Հրապարակված տեսակադրերը դա են հուշում:

Նաև տեսանք տարբեր արմավիրցիների վկայությունները, որ միշտ էլ «Աշոտից արաղ են վերցրել ու... բան չի եղել»: Այսինքն, Արմավիրի առնվազն այդ թաղում բոլոր հետաքրքրվողներն էլ իմացել են, որ Աշոտը «արաղ է սարքում»: Ու «բանը եղավ», որպես ողբերգություն:

Հարց է ծագում. բոլորն իմացել են, իսկ ոստիկանությունը, թաղային տեսուչը, հարկային մարմինները՝ ո՞չ:

Առհասարակ, ի՞նչ հիմունքներով է տվյալ անձնավորությունը տնային պայմաններում, անհասկանալի է, թե ինչ հեղուկների խառնուրդից «արաղ սարքել», այն էլ՝ նման, կարելի է ասել՝ արտադրական ծավալներով: Այսինքն դա բացարձա՞կ ապօրինի գործունեություն է եղել նաև ձեռնարկատիրական տեսանկյունից: Դե, «արտադրանքի» անվտանգության կամ ինչ-որ ստանդարտների համապատասխանելու մասին ընդհանրապես ավելորդ է խոսել:

Կարճ ասած. ո՞վ, ո՞ր պետական մարմինը, ո՞ր կառույցի ներկայացուցիչներն են արմատապես թերացել իրենց անմիջական պարտականությունների կատարման հարցում: Ի՞նչ են արել տեղի ոստիկանները, ունեցե՞լ են «օպերատիվ տեղեկություններ»՝ Աշոտի և նրա «արաղի» մասին: Ինչպես՞ կարող էին չունենալ, եթե տարիներ շարունակ տասնյակ մարդիկ գնել են: Վերջիվերջո նա հո խորը ընդհատակո՞ւմ չի գործել:

Թե՞ որոշակի «վարձավճարի» դիմաց, օրինակ, ով որ պետք է՝ աչք է փակել Աշոտի գործունեության վրա, իսկ Աշոտն էլ «արաղ է փակել» կամ լցրել: Վերջին անգամ, փաստորեն՝ «տեխնիկական սպիրտից», եթե հիմք ընդունենք այն տվյալները, որ այդ թունավոր ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած հեղուկի մեջ լաբորատոր հետազոտությամբ մեթիլ սպիրտի բարձր պարունակություն է հայտնաբերվել:

Այնպես որ, այս խայտառակ եղելության նախաքննության ընթացքում, կարծում ենք, պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն թունավոր հեղուկ պատրաստած ու նաև տարածած անձինք, այլև այն պաշտոնյաները, որոնց պարտականությունների մեջ էր «արաղի արտադրամասի» բացահայտումը և չեզոքացումը, եթե կարելի է այդպես ասել:

Եվ մի բան էլ է, գիտե՞ք, խիստ զարմանալի: Երկրում խայտառակ դեպք է կատարվել: Արդեն 14 մարդ է մահացել, մոտ երկու տասնյակ քաղաքացի գտնվում է բուժհաստատություններում, նրանց մի մասի վիճակը ծանր է: Իսկ «թավշյա, ժողովրդական» իշխանությունից ձեն-ձուն չկա: Կարելի է կարծել, թե՝ դե, դեպք է, կատարվել է, ի՞նչ անեն: Սարսափելի է մտածել դրա մասին, բայց, ի՞նչ է, սովորակա՞ն են դարձել տասնյակ ու ավելի մարդկանց մահերը...

Ո՞նց թե՝ ի՞նչ անեն: Սա ահազանգ է: Վարչապետն արձակուրդում է, փոխարինող կա: Հրատապ խորհրդակցություն պետք էր հրավիրել, հանձնարարել «ռեյդ անել», հայտնաբերել մյուս «արաղ սարքողներին», առհասարակ, այդ առումով երկրում կարգուկանոն հաստատել:

Ի վերջո, հապա մի քանի վայրկյան պատկերացրեք, թե ի՜նչ աղմուկ-աղաղակ, ի՜նչ ծանր մեղադրանքներով ելույթներ կհնչեցնեին Նիկոլ Փաշինյանն ու իր «կամանդը», եթե նման բան կատարվեր, ասենք, 3 կամ 4 տարի առաջ: Ամենից անմեղ բանը կթվար մարզպետի հրաժարականի պահանջը: Իսկ հիմա... ոչինչ: Հիմա Նիկոլ Փաշինյանն ու ձայնակից-քայլակիցներն արդեն իշխանություն են, այնպես որ «նորմալ» է ոչ միայն ալկոհոլային թունավորումից ավելի քան մեկ տասնյակ հայրենակիցների մահանալը, այլև կորոնավարակից ավելի քան 1100 մարդկանց մահանալը: Ցավոք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը